HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ամեն ամիս տրվում է 1000 դոլար ամենախենթ գաղափարի համար

Փետրվարի սկզբին Հասմիկ Էվոյանը դրամաշնորհ է ստացել «Օսըմ»  հիմնադրամից: Հասմիկը ցանկանում է դաշնամուր տեղադրել Մաշտոցի պուրակում, որի վրա կարող են նվագել բոլոր ցանկացողները, անցորդները: Նա կկազմակերպի  համերգներ, կանցակացնի  դաշնամուրի դասեր: Հասմիկը ուզում է քաղաքացիական շարժման հարթակ հանդիսացող Մաշտոցի պուրակը դարձնել նաև մշակութային վայր: Նա նախատեսել է դաշնամուրը տեղադրել գարնանը:

Ամեն ամիս «Օսըմ» հիմնադրամը` «The Awesome Foundation»-ի երևանյան մասնաճյուղը, 1000 դոլար է տրամադրում ամենախենթ ու հետաքրքիր նախագծի համար: Հիմնադրամի նպատակն է հնարավորություն տալ մարդկանց իրականացնել այն ծրագիրը, նախագիծը, որը կհետաքրքրի հասարակությանը և հնարավորություն կստեղծի այդ գաղափարով համակել նաև մյուսներին: Սակայն, գումարը չի տրամադրվում այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք այն կարող են ձեռք բերել այլ ճանապարհով ևս: Հիմնադրամը ցանկանում է գումարը տալ մեկին, ում գաղափարի իրականացման համար գուցե ոչ մեկը գումար չտրամադրի: Միաժամանակ, հիմնադրամը գումար չի տալիս բիզնես նախագծերի համար:

«Եթե ուզում ես մի խենթ բան անել, ոչ մեկը քեզ չի կանգնեցնի: Իսկ եթե դրան խոչընդոտում են միայն փոքր ծախսեր, մենք դա կտանք,- ասում է «Օսըմ» հիմնադրամի երևանյան մասնաճյուղը ներկայացնող Ալբերտ Պողոսյանը:- Դու պետք է տեղովդ ուզենաս էդ խենթ բանն անես: Եթե դա խենթ բան է, դրա համար փող ոչ մեկը չի տա, մենք պատրաստ ենք դա տալ»:

Հիմնադրամը դեռևս չի ստացել այնպիսի հայտ, որ գրված լինի հենց իրենց ձևաչափին համապատասխան: «Թեմաները կարող են լինել բալետից մինչև Բանգլադեշի հետ առևտրի խթանումը, ծրագրավորումից մինչև հայաստանաբնակ մորեխների սեռական կյանքի ուսումնասիրությունը»,- գրված է հիմնադրամի պաշտոնական կայքում։

Հայաստանում առաջին դրամաշնորհը տրամադրվել է 2013թ. հոկտեմբերին: Ամեն ամիս երևանյան մասնաճյուղը ստանում է 20-30 հայտ, որոնց մոտ 40%-ը` մարզերից: Հաղթողին ընտրում է հիմնադրամի 40 հոգանոց թիմը: Տարբեր են թե՛ նրանց մասնագիտությունները, թե՛ հասարակական-քաղաքական հայացքները, բայց բոլորը նպատակ ունեն միասին լավ գաղափարի իրականացման մասնակից լինել: Թիմի անդամներից յուրաքանչյուրն ամեն ամիս ներդնում է 15 հազար դրամ, որի միջոցով և գոյանում է ամենամսյա դրամաշնորհի գումարը:

«Գաղափարը հենց դա է, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են գումար ներդնել, որպեսզի մի լավ բան տեղի ունենա այս երկրում»,- ասում է Ա. Պողոսյանը:

Հիմնադրամին դիմում են տարբեր առաջարկներով: Ա. Պողոսյանը հիշում է, որ մի անգամ իրենց դիմել էին` առաջարկելով հարսանեկան սրահ բացել որևէ գյուղում` իրականում նպատակ ունենալով այլ բիզնեսի համար ֆինանսավորում ստանալ: Մի աղջիկ ցանկանում էր գնալ ամենաթանկ խանութներն ու մեկ օրում ծախսել ամբողջ գումարը: Իսկ հաճախ դիմում են վեբ-կայքեր պատրաստելու առաջարկով:  

«Ես ուզում եմ, որ մարդիկ հաճույք ստանան այն կյանքից, որ ապրոմ են», - ասում է Ա. Պողոսյանը: 

Լուսանկարը` http://www.awesomefoundation.org/-ից

Մեկնաբանություններ (1)

John
Հայկական մի հրաշալի առած կա(նախապես ներողություն կոպիտ լինելու համար)-«Վարտիկ չունին հագնելու,ձիով կերթան ք-----նելու»...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter