
«31»-ի գործի մեծ մասը պետությունը ոչնչացրել է
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Տիգրան Ավետիսյանը լուսանկարում 25 տարեկան է, այսօր՝ 45: Քսան տարի նա գտնվում է «Նուբարաշենի» բանտում: 1995 թ-ին ձերբակալվել է՝ ինքնակամ ներկայանալով ոստիկանություն: Տիգրանը մեղադրվել է «Վահան Հովհաննիսյան+30» գործով (Այս գործով մեղադրվել է ևս մեկ Տիգրան Ավետիսյան, շփոթմունք չլինելու համար նշենք, որ հոդվածում խոսքը Տիգրան Վարդգեսի Ավետիսյանի մասին է-հեղ.): Բոլոր 30 անձինք վաղուց ազատության մեջ են: Տիգրան Ավետիսյանը միակն է 31 մեղադրյալներից, ով այս գործով 1997 թ-ին դատապարտվել է մահապատժի (2003 թ.-ից ՀՀ նախագահի հրամանագրով ցմահ ազատազրկում)՝ մեղադրվելով 1961 թ.-ի խորհրդային ժամանակաշրջանի քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով՝ 65 հոդվածի 2-րդ մասով, 65 պրիմ հոդվածով, 232 հոդվածի 1-ին մասով և 209 պրիմ հոդվածով (երկու ոստիկանների սպանություն, ի վնաս պետական անվտանգության գործողությունների կատարում, հանցավոր ահաբեկչական խմբում հավաքագրում, ապօրինի զենք-զինամթերքի ձեռքբերում ու կրում): Թերևս շատերն են հիշում 1995 թ-ի օգոստոսի 1-ին Երևանի Լենինգրադյան-Շինարարների փողոցների հատման մասում երկու ոստիկանների սպանության դեպքը, որին դեռ կանդրադառնանք:
Տիգրանը ծառայել է սովետական բանակում, վերադարձել 1989 թ-ին, իսկ մեկ տարի անց սպարապետ Վազգեն Սարգսյանի կոչով 20 տարեկանում անդամագրվել մահապարտների ջոկատին: Չորս տարի մասնակցել է մարտական գործողություններին՝ Երասխավանի, Հորադիզի, Ղարադաղլուի ազատագրմանը: Եղել է «Արաբո», «Կոռնիձոր», «Արծիվ-28» կամավորական ջոկատներում: Երկու անգամ կանտուզիա է ստացել Կապանում: ՀՅԴ-ի անդամ չի եղել, այժմ էլ կուսակցական չէ: Ահա այն վկայությունները՝ Տիգրանի մարտական ճանապարհի մասին, որոնք կարողացել է հավաքել նրա քույրը:
![]() |
![]() |
Դատարանների կենտրոնական արխիվում կարդացի այն, ինչ պահպանվել էր «Վահան Հովհաննիսյան+30» գործից: Բազմահատորանոց քրեական գործից մնացել են միայն 16-20 հատորները: Այդ հատորներում, սակայն, Տիգրան Ավետիսյանի մասին միայն թռուցիկ հիշատակումներ կան: 5 հատորներում հայտնաբերեցի Տիգրանի միայն մեկ ցուցմունք: «Վահան Հովհաննիսյան+30» գործով դատարանների կենտրոնական արխիվում պահպանվել են միայն 31 անձանց մեղադրական եզրակացությունները, մոտ 150 էջանոց դատավճիռը և 5 հատոր (16-20):
![]() |
![]() |
Ըստ Դատական դեպարտամենտի ներկայացրած պատասխանի, այս քրեական գործը ոչնչացվել է օրենքով սահմանած կարգով: Փնտրեցի Կառավարության 351-Ն որոշմամբ սահմանված օրինակելի ցանկում, սակայն քրեական գործեր բաժնում հայտնաբերեցի, որ թե՛ կյանքի և առողջության, թե՛ հասարակության ու պետության անվտանգության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով քրեական գործերը ենթակա են մշտական պահպանման: Միայն պետական ծառայության դեմ ուղղված առավելապես ծանր հանցագործություններով գործերը ենթակա են պահպանության 20 տարի ժամկետով: Կառավարության այս որոշումը շուրջ 8 տարվա պատմություն ունի, ստորագրվել է 2006 թ-ին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Սակայն 2011 թ-ին ՔՕ փոփոխություններով որոշակի տարիների տեսքով առավելագույն պատժաչափը 15 տարուց փոխվել է 20 տարվա, համակցության դեպքում նաև՝ 25 տարվա: Սա ևս հիմք է, որպեսզի Կառավարությունը վերանայի իր որոշումը: Վերանայման կարիք ունեն քրեական գործերի պահպանման ժամկետները:
![]() |
![]() |
Մինչ այժմ «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարում բարձրաձայնում էինք, որ քրեական գործերով չեն պահպանվել իրեղեն ապացույցները, ու գիտության զարգացմամբ այսօր հնարավոր չէ կատարել ԴՆԹ թեսթ՝ գործի վերաբացման համար: Սակայն այս գործով չեն պահպանվել նույնիսկ հատորները: Հետևաբար հարց է առաջանում. եթե պետությունը պահպանել է դատապարտյալի կյանքը, ապա ինչպե՞ս է վերացրել նրա գործի վերաբացման հիմքերը: Եվ եթե այսօր այդ գործով նոր երևան եկած հանգամանքներ լինեն, ինչպե՞ս է հնարավոր դառնալու գործի վերանայումը:
Այդուհանդերձ, ի՞նչ է հնարավոր վերականգնել հիմնականում ոչնչացված քրեական գործից, ինչպե՞ս գտնել նյութեր ու ապացույցներ 20 տարի անց: «Հետքը» փորձել է գտնել 20 տարվա պատմություն ունեցող նյութեր, մարդկանց, ում մոտ պահպանվել են դրանք: Այս ամենը հաջորդիվ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել