HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գազի համաձայնագրերի հարցը կրկին ԱԺ-ում է. այս անգամ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նախաձեռնությամբ

Ազգային ժողովում քննարկվում է «գազային համաձայնագրերի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ նման հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես էին եկել ոչ իշխանական խմբակցությունները, սակայն քաղաքական մեծամասնությունը մերժեց: Այժմ նույն հարցով, սակայն տարբեր լիազորություններով հանձնաժողով ստեղծելու առաջարկությամբ հանդես են եկել իշխանական խմբակցությունները՝ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը:

Այն խորհրդարանում ներկայացնում է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Նա նշեց, որ ընդդիմության՝ նույն խնդրով հանձնաժողով ստեղծելու առաջարկը մերժվեց ոչ այն պատճառով որ բարձրացված հարցը արդիական չէր: Ըստ նրան՝ հարցը շատ նուրբ է, որին պետք է մոտենալ որպես խնդիր՝ ծայրահեղ հավասարակշռված մոտեցումներով, այլ ոչ  քաղաքական շարժառիթներով:

Նշենք, որ Ազգային ժողովի կողմից վավերացվել է «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին», ինչպես նաեւ «2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» համաձայնագրերը: Հասարակության կողմից այս երկու համաձայնագրերի ընդունումը միանշանակ չընդունվեց, եւ տեղի ունեցան բողոքի բազմաթիվ ակցիաներ:  

Այժմ քաղաքական մեծամասնությունը «ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագծով առաջարկում է ուսումնասիրել եւ եզրակացություն ներկայացնել հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ:

Նախագծով հանձնաժողովի խնդիրներն են լինելու՝

1) բնական գազի մատակարարման եւ օգտագործման բնագավառում սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակի (բնական գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգաչափման, կորուստների հիմնավորվածության, ներտնային համակարգի սպասարկման եւ այլնի վերաբերյալ) ուսումնասիրությունը,

2) 2011-ից 2013 թվականների ընթացքում գազի դիմաց կուտակված պարտքի ձեւավորման օրինականության եւ չափի հիմնավորվածության ուսումնասիրությունը,

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում Հայաստանի Հանրապետության ունեցած բաժնեմասի գնահատման գործընթացի ուսումնասիրությունը,

4) բնական գազի այլընտրանքային ներկրման (Ռուսաստանի Դաշնության այլ արդյունահանողներից, այլ երկրների արդյունահանողներից, Ռուսաստանի Դաշնության կամ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով եւ այլն) հնարավորությունների կանխատեսումները,

5) Հայաստանի Հանրապետության տարածքով բնական գազի տարանցիկ փոխադրման հնարավորությունների կանխատեսումները,

6) ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության համար Վրաստանի սահմանում բնական գազի գնի ձեւավորման գործոնների հիմնավորվածության ուսումնասիրությունը:

7) ՀՀ օրենսդրությամբ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների` սահմանման մեխանիզմի համապատասխանությունը միջազգային պրակտիկային եւ ազդեցությունը էլեկտրաէներգիայի սակագնի վրա:

Իշխանական խմբակցություններն առաջարկում են հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ, բացառությամբ հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերի: Բացի այդ ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը հոգացել է, որպեսզի տեղեկությունների արտահոսք չլինի: Մասնավորապես, սահմանել են, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնացող այլ անձինք իրավունք չունեն հրապարակել հանձնաժողովի աշխատանքների ընթացքում իրենց հայտնի դարձած տեղեկությունները:

Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են ՀՀԿ-ից՝ 4, ԲՀԿ-ից՝ 2 եւ մեկական պատագամավորներ մյուս խմբակցություններից: Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների վերաբերյալ եզրակացությունն Ազգային ժողովին պետք է ներկայացնի մինչեւ այս տարվա նոյեմբերի 8-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter