HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նիկոլ Փաշինյան. Սերժ Սարգսյանին թվում էր, թե Հայաստանի քաղաքացիներն այլևս կորցրել են ընդվզելու ուժը

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան զույգն է կրում մարտի 1-ի սպանդի առաջնային պատասխանտվությունը, և որ սպանությունները տեղի են ունեցել հենց նրանց հրամաններով: Հակառակ դեպքում, ըստ նրան, ինչպե՞ս կարող է Հայաստանի 10 քաղաքացիների զոհվելը հանրային քաղաքական նման հնչեղություն ունեցող համատեքստում առիթ չլինի սգո օր հայտարարելու համար, ինչպե՞ս կարելի է հետմահու անվանարկել զոհերին, ինչը կարող է անել նա, ով ցավ չի զգում կատարվածի համար, իսկ ցավ չի զգում մարդասպանը:

Ըստ նրան` ԱԺ դահլիճում գտնվում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, և դա է պատճառը, որ երեկ ինքը հրաժարվեց մասնակցել մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու լռության րոպեին:

Պատգամավորի ասելով` 2008 թ. առաջ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կեղծում էին բոլոր մակարդակի ընտրությունները, և 2008 թ. մարտի 1-ից հետո Սերժ Սարգսյանը հավատարիմ է դրան: «2008 թ. մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանում ծեծելով սպանեց ջավախահայ Պողոս Պողոսյանին, և Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ափսոսանք չհայտնեց կատարվածի համար, այլև հրապարակային ասաց՝ եթե ողջ մնացած լիներ, ես նրա հետ դեռ կխոսեի»,- ասաց նա:

Նրա խոսքով` 2008 թ. մարտի 1-ից առաջ Ռոբերտ Քոչարյանը կարմիր բերկուտ բերետավորների միջոցով Երևանի կենտրոնի բնակիչներին դուրս էր շպրտում իրենց տներից, որպեսզի ինքն ու իր ընտանիքը  միլիարդավոր դոլարների կապիտալ կուտակելու հնարավորություն ունենան: 2008 թ.-ից հետո Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը «արագաչափերի միջոցով քաղաքացիների գրպանից տարեկան գռփում է շուրջ 9 մլրդ դրամ` ի բարօրություն իր զավակների, որպեսզի նրանք կարողանան Հյուսիսային պողոտայում 10.000-դոլարանոց ծաղկափնջեր նվիրեն իրենց սիրեցյալներին»:

2008 թ.-ից հետո, ըստ պատգամավորի, Սերժ Սարգսյանին թվում էր, թե Հայաստանի քաղաքացիներն այլևս կորցրել են ընդվզելու ուժը, և ոմանք կարծում են, թե ՀՀ-ում չեն գտնվի մարդիկ, ովքեր կբարձրացնեն երկրում տիրող լկտիության, ամենաթողության ձեռնոցը: «Դուք սխալվում եք ձեր հաշվարկներում»,- նշեց Ն. Փաշինյանն` ասելով, թե ՀՀ քաղաքացիներն անինքնասեր չեն:

Այնուհետ պատգամավորը նշեց, որ մարտի 1-ի չկրկնելու համար անհրաժեշտ է հետևություններ անել, իսկ դրա համար մարտի 1-ի սպանությունները պետք է բացահայտվեն, իսկ սպանությունների կազմակերպիչները ենթարկվեն օրենսդրորեն սահմանված պատասխանատվության: «Սա մի հարց է, որ չի կարելի դնել քննարկման և սակարկության, ու հանձնաժողովի ստեղծումը հնարավորություն է, որ մենք հանգիստ աշխատանքային պայմաններում վերադառնանք այս օրակարգին»,- նշեց Ն. Փաշինյանը, ում խոսքով` հանձնաժողովի ստեղծումը դեռևս բավարար պայման չէ:

Այնուհետ նա թվարկեց մի քանի օրինակներ, օրինակ, այն, որ Երևանի ՀՊՏՀ-ի և Ագրարային համալսարանի «ուսանողական բանդայի» ներկայացուցիչները պետք է պատժվեն, ռեկտորը պետք է պաշտոնանկ արվի, արդարդատության նախարար Հրայր Թովմասյանը պետք է ներողություն խնդրի ԱԺ պատգամավորների 1/3-ի հասցեին արտահայտություն թույլ տալու համար, ՀՀ քաղաքացիներին տարեկան 9 մլրդ դրամ կեղեքող արագաչափերը պետք է հանվեն: Եթե այս քայլերն արվեն, դա կենթադրի, որ իշխանությունը սկսել է դասեր քաղել 2008 թ. մարտի 1-ից, հակառակ դեպքում այդ հարցերը կլուծեն մարտի 1-ի հրապարակում, որտեղ կանգնած քաղաքացին կունենա ոչ թե հետևանքներ, այլ արդյունքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter