HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ազգային արժեքների մասին պատմող մուլտֆիլմը լսարանին չի հասնում

Մուլտիպլիկատոր Իգոր Պատրիկը լուսամփոփը միացրած մատիտով նկարում է «Վիշապագորգ» մուտֆիլմի հերթական դրվագը: Նա և ռեժիսոր Գայանե Մարիտիրոսյանն այժմ պատրաստում են  մուլտֆիլմի վերջին՝ 5-րդ մասը: «Վիշապագորգի» առաջին մասը ստեղծվել  է 2007 թ.-ին:  

Մուլտֆիլմի գլխավոր հերոսները դպրոցական Գոհարիկն ու փոքրիկ վիշապն են, որոնք կախարդական վիշապագորգի միջոցով հայտնվում են տարբեր աշխարհներում: Նրանց արկածների ընթացքում լսարանը ծանոթանում է հայկական հեքիաթներին, ավանդույթներին, գրին ու մշակույթին: Մուլտֆիլմի սցենարիստ Գականե Մարտիրոսյանը ասում է, որ մուլտֆիլմի միջոցով փորձում են ազգային արժեքներ ստեղծել, սակայն այդ մուլտֆիլմը զանգվածային լսարանին չի հասնում: Իրենք մուլտֆիլմը նկարահանում են Ազգային կինոկենտրոնի պատվերով, և վաճառքի իրավունք չունեն: Այնուամենայնիվ, մուլտֆիլմի մասերը տեսասկավառակի վրա բազմացրել են որոշ քանակությամբ և բաժանել են ծանոթներին: Հեռուսատատեսությամբ ֆիլմը ցուցադրվել է երկու անգամ: Թե ինչ է լինում մուլտֆիլմի հետագա ճակատագիրը այն ավարտելուց հետո, մուլտֆիլմի ստեղծողները դժվարանում են պատասխանել: Այն հարցին, թե արդյոք արտերկրում ֆիլմը ցուցադրվել է, Գ. Մարտիրոսյանը բացասական պատասխան է տալիս: Այդ պահին տեղի աշխատողներից մեկը ժպտալով ասում է.

«Այո, ցուցադրվել է. ես ուղարկել եմ Ամերիկա»:

Ֆիլմի ռեժիսորը հիշում է, որ ինքն էլ մուլտֆիլմն ուղարկել է ԱՄՆ-ը՝ ծանոթներին: Այնուհետև հավելում է, որ չնայած իր մուլտֆիլմը գլուխգործոց չի համարում, բայց սփյուռքահայերը հաճույքով են այն դիտում, որովհետև նրանց մոտ կարոտ կա հայերենի, ազգայինի նկատմամբ:  

«Սա մանկական ֆիլմ է: Իսկ մանկական ֆիլմերն այսօր քիչ են. ափսոս է, որ չեն ցուցադրում: Փոխարենը ցուցադրում են արտասահմանյան մուլտֆիլմեր, որոնք մանկական չեն», - ասում է Գ. Մարտիրոսյանը:

«Վիշապագորգի» մասին մուլտֆիլմերից յուրքանաչյուրի տեւողությունը 20-30 րոպե: Սակայն մուտլֆիլմը ստեղծող 6 հոգանոց անձնակազմին հաջողվում է տարվա ընթացքում ստեղծել միջինը մուլտֆիլմի 10 րոպեն: Ռեժիսորը նշում է, որ ֆիլմի համար ֆինանսական հատկացումներ արվում են, սակայն կադրերի խնդիր ունեն: Ի. Պատրիկի կարծիքով՝ այժմ մուլտիպլիկատորների լուրջ պակաս կա: Մասնագիտությունը բարդ է, և ոչ բոլորը կարող են «գլուխ հանել»:

«Բարդությունը շարժման մեջ է: Նկարիչը նկարում է կոնկրետ անշարժ «պաստանովկա», իսկ այս դեպքում ամեն շարժում պետք է նկարել: Ու այդ ընթացքում նրանք խղճանում են», - ասում է մուլտիպլիկատորը:

Նրա կարծիքով՝ երիտասարդ լավ կադրեր գուցե կան, բայց իրենք չեն կարողանում գտնել: Բայց անգամ ամենալավ նկարչին պետք է առնվազն մեկ տարի, որպեսզի կարողանա տիրապետել անիմացիայի նրբություններին: Մուլտիպլիկատորը նշում է, որ եթե երիտասարդ տղաների համար ավելի բարդ է այս ոլորտում աշխատել, որովհետև վարձատրությունը մեծ չէ, ապա աղջիկները պատրաստ են նվազագույն գումարով աշխատել:  

«Աղջիկները կարող են, տղաները՝ ոչ: Իսկ նրանց մեջ կան տաղանադավոր տղաներ, որոնք կարող են անիմացիայով զբաղվել», - ասում է Ի. Պատրիկը:

Գ. Մարտիրոսյանն էլ համոզված է, որ այս ոլորտն ընտրած երիտասարդը պետք է սիրի և նվիրված լինի իր գործին: Վերջին տարիներին նա երկու երիտասարդների էր պատրաստում իր գործը շարունակելու համար, բայց իրեն համար ծանր կորուստ էր, երբ նրանցից մեկը ցածր վարձատրության պատճառով հեռացավ ոլորտից:

Ի. Պատրիկը ձեռքով է նկարում բոլոր շարժումները, նշում է, որ այժմ շատերն անցել են եռաչափ ֆիլմերի ստեղծմանը: Դա հեշտ գործ է. պետք է ուղղակի պատկերը ճիշտ շարժել: Այժմ կա նաև համապատասխան տեխնիկա, որով նկարում են մուլտֆիլմի հերոսներին, տարբերությունն էլ ձեռքով արվածի և տեխնիկայի միջև մեծ չէ, սակայն այժմ այդ տեխնիկան գնել նրանք չեն կարող: Տեխնիկայի դեպքում շահում ես ժամանակ, բացի դրանից, էկրանի մեջ արագ տեսնում ես քո սխալն ու ուղղում այն: Այնուամենայնիվ, Ի. Պատրիկը համոզված է, որ անգամ տեխնիկայի օգտագործման դեպքում պետք է իմանալ ձեռքով աշխատելու տարբերակը:

Ի. Պատրիկը 40 տարուց ավելի է աշխատում է որպես մուլտիպլիկատոր: Նրա ստեղծած աշխատանքներից են «Հայելի», «Քաջ Նազար», «Ձախորդ Փանոս», «Գտնված երազ» և այլն: Մուլտիպլիկատորի կարծիքով՝ խորհրդային տարիներից հետո հետաքրքրությունն անիմացայի նկատմամբ կտրուկ նվազել է:

«Մենք պահպանում ենք, չենք զարգացնում, - ասում է Գ. Մարտիրոսյանը: - Բայց պահպանումն էլ քիչ բան չէ, որովհետև երկրներ կան, որտեղ անիմացիան վերացավ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter