
Իրավիճակը պղնձի միջազգային շուկայում տագնապալի է Հայաստանի համար
Միջազգային շուկայում նկատվում է պղնձի գների էական անկում, ինչը բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար: Վերջին շաբաթների ընթացքում պղնձի տոննայի գինը կայուն ցածր է 6500 դոլարից՝ մոտենալով վերջին 3 տարում նվազագույն մակարդակին (2010թ.՝ 6037 դոլար/տոննա): Նշենք, որ անցյալ տարի պղնձի գինը հիմնականում բարձր էր 7000 դոլարից, սակայն նույնիսկ այդ գինը նպաստավոր չի համարվել՝ 2012թ. պղինձը 8000 դոլարից թանկ էր:
Պղնձի արդյունահանումն ու մշակումը ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 5%-ը, պետական բյուջեի եկամուտների մոտ 7-8%-ը, արտահանման մոտ 40%-ը: Թվում է՝ հանքարդյունաբերական ճգնաժամը տնտեսական համակարգի վրա էական ազդեցություն թողնել չի կարող, սակայն այդպես չէ: 2009թ. ճգնաժամը ցույց տվեց, որ հանքարդյունաբերական խոշոր ընկերությունները համակարգաստեղծ են, նրանց աշխատանքից կախված են մի քանի հարյուր փոքր ու միջին ձեռնարկություններ: Հիշեցնենք՝ 2009թ. Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը միայն բյուջետային վարկերի շնորհիվ կարողացավ շարունակել աշխատանքը: Ըստ որոշ գնահատականների՝ եթե պղնձի գինը նվազի 6000 դոլարից, իսկ վառելիքը չէժանանա (վառելիքը հանքարդյունահանման ոլորտում ինքնարժեքի ամենաթանկ տարրն է), ապա պղնձի հանքերի մեծ մասը կդառնա ոչ շահավետ: Հայաստանի ֆինանսական կայունության համար շատ կարևոր է նաև այն հանգամանքը, որ պղնձի խտանյութի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ:
Պղնձի միջազգային գների անկումը հիմնականում կապվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղման հետ, քանի որ այդ երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է: Սակայն փորձագետների մի մասն այն կարծիքին է, որ պղնձի գնի անկումը ժամանակավոր երևույթ է: Commerzbank-ի զեկույցում նշվում է, որ պղնձի գնի նվազման հիմնարար գործոններ չկան, ընդհակառակը՝ այդ շուկայում նույնիսկ դեֆիցիտ կա, ինչը վաղ թե ուշ կանդրադառնա գնի վրա: Բացի այդ՝ գնի անկումը կկասեցնի ներդրումներն այս ոլորտում, ինչը կխորացնի դեֆիցիտը: Այնուամենանիվ, նույնիսկ ամենալավատեսական գնահատականներով պղնձի գնի վերականգնում 2012թ. մակարդակին չի սպասվում:
Հայաստանի համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ այս տարի սպասվում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Ըստ Կենտրոնական բանկի կանխատեսման՝ սա կարևոր նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական աճի արագացման տեսանկյունից, պղնձի միջազգային գնի հարաբերական կայունության պահպանման պայմաններում: Սակայն, մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ նման կանխատեսումները չափից ավելի ռիսկային են: ԿԲ կանխատեսումներից անցել է ընդամենը 1 ամիս, ու այդ կանխատեսումների հիմքում ընկած բազային սցենարներն արդեն իսկ ենթակա են վերանայման:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել