HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Հայաստանում մի կողմից կինոշուկայի խնդիր կա, մյուս կողմից՝ ֆինանսավորման»

Ռուս պրոդյուսեր Վիկտորիա Լյուպիկն առաջին անգամ Հայաստան է եկել 2002-ին՝ մասնակցելու ռեժիսոր Մարիա Սահակյանի «Փարոս» ֆիլմի նկարահանմանը: Արդեն 2010թ. ռուս պրոդյուսերն ու հայ ռեժիսորը միասին սկսում են նկարահանել «Ալավերդի» («Այդ ես չեմ», «I’m going to change my name») ֆիլմը: «Կինոշոկ 2013»-ին այն արժանացել է լավագույն ռեժիսոր մրցանակին:

Պրոդյուսերը ֆիլմի հաջողությունները կապում է ներկայացված պատմության հետ:

«Եթե ֆիլմը հաջողվում է, ապա այն արձագանք է գտնում հանդիսատեսի կողմից, - ասում է Վ. Լյուպիկը: - Մեր ֆիլմը թեթև ֆիլմերից չէ և նախատեսված չէ զանգվածային լսարանի համար: Բայց այն կարողացավ գտնել իր լսարանը և մարդկանց, ում համար դարձավ հոգեհարազատ»:  

Վիկտորիա Լյուպիկը պատասխանել է «Հետքի» հարցերին:

-Այսօր դժվար է հեղինակային ֆիլմ նկարել եւ այն հասցնել լսարանին: Ըստ ձեզ` ո՞րն է հիմնական խնդիրը:

-Այն հանդիսատեսը, որը պատրաստ է ընկալել հեղինակային կինոն, առանձնահատուկ լսարան է, որը պետք է պատրաստ լինի տեսնել այնպիսի ֆիլմ, որը գուցե ոչ այնքան դինամիկ է կամ առաջին հայացքից պարզ չէ, թե ինչի մասին է այն: Հանդիսատեսը ավելի շատ պատրաստ է ընդունել կոնկրետ ինֆորմացիա, որ օրինակ՝ հիմա նայում ենք կոմեդիա:  

Բացի այդ, կան տարբեր բիզնես ստրատեգիաներ, որոնք կրճատում են հեղինակային ֆիլմի հնարավորությունները: Հարցն այն է, որ կան դիստրիբյուցիոն ընկերություններ, կինոթատրոններ, որոնք հստակ խնդիրներ ունեն: Եթե դա կոմերցիոն կինոթատրոն է, այն չի կարող իրեն թույլ տալ ցուցադրել մի ֆիլմ, որը դիտելու կգան քիչ թվով մարդիկ: Ցավոք, դա շուկայի օբյեկտիվ օրենքն է:

Սակայն այսօր կինոն դեպի զվարճանք շարժվելու տենդենց ունի: Որքան ժամանակն անցնի, այնքան հեղինակային կինոն դժվարությամբ իր տեղը կգտնի կինոաշխարհում: Կգա մի պահ, երբ հեղինակային կինոյի համար կլինի ճգնաժամային. այն կդառնա էլիտար արտադրանք, որը դիտելու կգնան ավելի քիչ թվով մարդիկ, քանի հիմա:

-Այդ դեպքում ի՞նչ է ցանկանում տեսնել միջազգային կինոշուկան:

-Դա նույնպես դժվար է ասել, որովհետև այն միատարր չէ: Գոյություն ունի առանձին հեղինակային ու փառատոնային կինո և կոմերցիոն կինո: Չնայած կոմերցիոն կինոյում շատ են վիզուալ էֆեկտները, այնուամենայնիվ, շարունակում է գոյություն ունենալ մի տարածք` նախատեսված հեղինակային կինոյի համար. կինոյի, որը հիմնված է պատմության վրա: Սակայն դժվար է առանձնացնել միջազգային կինոշուկային անհրաժեշտ հստակ չափանիշները:   

-Այժմ մենք առանձնացնում ենք հեղինակային ֆիլմը կոմերցիոն ֆիլմից: Ըստ ձեզ` հեղինակային ֆիլմը կարո՞ղ է դառնալ նաև կոմերցիոն ֆիլմ:

-Գուցե այո, տեսականորեն: Պարզապես չգիտեմ, թե այդ դեպքում ինչ տեսք կստանա հեղինակային կինոն: Եթե կինոն լավն է, հուզում է հանդիսատեսին, չի թողնում նրան անտարբեր, այդքան էլ կարևոր չէ, թե այն ինչ ժանրի է կամ նախատեսված էր որպես կոմերցիոն, թե հեղինակային ֆիլմ: Կինոն որոշակի կախարդանք է: Եթե անգամ դու հասկանում ես, որ ունես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի կինոն լինի հաջողված, դա դեռ չի նշանակում, որ դա այդպես էլ կլինի: Այստեղ մեծ դեր ունի պատահականությունը: Հրաշալի է, որ կինոյի համար կան անսպասելի լինելու հնարավորություններ:

-Ո՞րն է ձեզ համար լավ կինոն:

-Մի կողմից` ես հակված եմ հեղինակային պատմություններին, մյուս կողմից՝ ինձ համար կարևոր է, որ ֆիլմում լինեն էմոցիոնալ տարրեր, որպեսզի կինոթատրոնից դուրս գալիս հասկանամ, որ ներսումս ինչ-որ բան մնացել է, որ շարունակում եմ մտածել այդ ֆիլմի մասին: Հրաշալի է, երբ հաջողվում է նայել այնպիսի ֆիլմ, որը դիտելուց հետո մտածում ես դրա պատմության, ոչ թե էֆեկտների մասին:

-Երբ կինոյի մասնագետները խոսում են հայկական կինոյի խնդիրներից, առաջին հերթին նշում են կինոարտադրության բացակայությունը: Բացի դա, դուք ի՞նչ խնդիր եք տեսնում:

-Համաձայն եմ, որ կինոշուկայի խնդիր կա, որը շատ փոքր է: Չնայած վերջին տարիներին ի հայտ են եկել մի քանի նախագծեր, որոնք արտադրողներին շահույթ են բերել, բայց Հայաստանում կա ընդամենը 3 կինոթատրոն: Ես չգիտեմ՝ ինչ պետք է անել, ինչպես պետք է ցուցադրել ֆիլմը, որպեսզի այդ երեք կինոթատրոնները գումար աշխատեն: Եթե քո ֆիլմը շատ ծախսատար չի եղել, ապա հնարավորություն կա գումարը հետ վերադարձնել: Բայց պետք է հիշենք, որ կինոն թանկ արտադրություն է: Հայաստանում հնարավորություն կա ավելի էժան նկարահանել ֆիլմերը, քան Ռուսաստանում կամ Եվրոպայում: Բայց ամեն դեպքում` ոչ անվճար: Իսկ ֆինանսական սղությունը անմիջականորեն անդրադառնում է ֆիլմի որակի վրա: Այսինքն` մի կողմից կինոշուկայի խնդիր կա, մյուս կողմից՝ ֆինանսավորման:  

 

Լուսանկարը` Վիկտորիա Լյուպիկի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter