
Ռոքնռոլի փառքի սրահում - 2
Նաիրա Հայրապետյան
Ամերիկացի կիթառահար, երգիչ և երգահան Չարլզ Էդուարդ Անդերսոն Բերին նույն ինքը՝ լեգենդար Չաք Բերին, համարվում է ռոքնռոլի պիոներներից մեկը: “Maybellene”, “Roll Over Beethoven”, “Rock and Roll Music” և “Johnny B. Goode”. 50-ականներին ստեղծված այս երգերի միջոցով Չակ Բերին ռիթմ ընդ բլյուզը մշակեց և զարգացրեց այնպիսի մակարդակի, որ այլևս հստակ չափանիշներ հնարավոր եղան հաշվի առնել՝ տարբերակելու ռոքնռոլի՝ իբրև երաժշտության առանձին տեսակի առանձնահատկությունը: Բացի այդ, նրա երաժշտության անբաժանելի լիրիկական մասն ու կիթառի սոլո հայտնությունները կարծես թե ռոք երաժշտության համար հիմնաքարային նշանակություն ունեցան: Չակ Բերին առաջիններից մեկն էր, ով ընդգրկվեց 1986թ-ին բացված Ռոքնռոլի փառքի սրահում և հետևյալ մակագրությամբ` «Նա ոչ միայն ռոքնռոլի հիմքը դրեց, այլև հստակեցրեց նրա դիրքորոշումը »:
Աշխարհահռչակ «Rolling Stone» ամսագրի՝ «Բոլոր ժամանակների լավագույն արտիստները» 100 անուն ընդգրկող ցանկում Չակ Բերին զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ «Փառքի սրահի» առանձնացրած «500 երգեր, որոնք ձևավորել են ռոքնռոլը» ցանկում ընդգրկվել են նրա “Maybellene”, “Rock and Roll Music” և “Johnny B. Goode” երգերը: Այսօր էլ 86 տարեկան հասակում Չակ Բերին շարունակում է նվագել և զարմացնել իր կատարման վարպետությամբ:
«Ռոքնռոլի փառքի սրահում» 1997թ-ի արարողությամբ ամրագրված նոր անունների շարքում էր նաև «Bee Gees»: Բարրի, Մորիս և Ռոբին Գիբ եղբայրները խումբը հիմնադրեցին 1958թ-ին: Այս տրիոն ռոքնռոլի պատմության մեջ համարվում է ամենահաջողակներից մեկը` իր ալբոմների մինչ օրս վաճառված ավելի քան 220 մլն. օրինակով: Խմբի երաժշտական կարիերան երկու կարևոր փուլ է ներառում` 60-ականների վերջերին ռոքային, իսկ վաղ 70-ականներից` դիսկո ոճերում: Թեև սրանք իրարից շատ հեռու ու ասելիքով ծայրահեղ տարբեր տարածքներ էին, խումբը, միևնույն է, միայն կանաչ լույսի տակով էր ճանապարհն անցնում:
1977թ-ին Bee Gees-ն ընդունեց պրոդյուսեր Ռոբերտ Սթիգվուդի առաջարկը և համաձայնեց մասնակցել ամերիկյան “Saturday Night Fever” ֆիլմի սաունդթրեկի ստեղծման աշխատանքներին:
Ֆիլմի համանուն սաունդթրեք-ալբոմն էլ թերևս դարձավ խմբի կարիերայի գագաթնակետը. ալբոմում ընդգրկված նրանց երեք սինգլը` “How Deep Is Your Love”, “Stayin' Alive”, “Night Fever”, գլխավորեցին ոչ միայն ԱՄՆ-ի հայտնի հիթ-շքերթները, այլև աշխարհի տարբեր մայրցամաքներում մեծ տարածում և ճանաչում գտան` կարծես միաժամանակ ազդարարելով դիսկոդարաշրջանի ամենապոպուլյար փուլի մասին:
Ռոքնռոլյան «Փառքի սրահում» նրանք բնորոշվել են նաև այսպես` “Only Elvis Presley, the Beatles, Michael Jackson, Garth Brooks and Paul McCartney have outsold the Bee Gees”.
Մեկնաբանել