
«Սերիալը նմանվում է շատ խորը հիպնոսի տարատեսակի»
Հեռուստաընկերությունները փորձում են արագ գրավել լսարանը՝ կանգ չառնելով որևէ բարոյական արժեքի առջև: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք հայտնեց Մնջախաղի պետական թատրոնի ղեկավար, ՀՌԱՀ նախագահի տեղակալ Ժիրայր Դադասյանը՝ անդրադառնալով սերիալների թողած ազդեցություններին:
Ժ. Դադասյանի խոսքերով՝ սերիալը հեռուստատեսային ժանր է և անհրաժեշտ է, որ լինի: Սակայն իրականում կա սերիալների բովանդակության խնդիր: Միաժամանակ սերիալը գեղարվեստական ժանր է, որն ունի իր հստակ կանոնները: Իսկ դրանք հիմնականում խախտվում են:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ պարահոգեբան, էքստրասենս Ռուբեն Բաբայանը, նշեց, որ բացասական ազդեցություններն առկա են ոչ միայն սերիալներում, այլև ամբողջ հեռուստաեթերում: Կոնկրետ սերիալների ժամանակ յուրաքանչյուր ասված միտք, խոսք ներթափանցում է մարդու ենթագիտակցություն ու ղեկավարում նրան: Մարդը կարծում է, թե առաջնորդվում է իր մտքերով, այնինչ նա կորցնում է իր կամքն ու ընտրության հնարավորությունը, դառնում է հեշտ կառավարելի՝ նույնիսկ հասնելով զոմբիի կարգավիճակի:
«Ուղղակի սերիալը նմանվում է շատ խորը հիպնոսի տարատեսակի»,- հավելեց Ռ. Բաբայանը:
Ժ. Դադասյանը նշեց, որ իրականում մարդը չի ընտրում այն, ինչ նայում է. նա նայում է այն, ինչ իրեն մատուցվում է, և լսարանը հաճույքով կդիտի նաև որակյալ հաղորդումներ:
«Ժողովրդի անունից են խոսում: Հո ամեն ինչ չի՞ կարելի ջարդել ժողովրդի ցանկության վրա»,- հավելեց Ժ. Դադասյանը:
Ըստ նրա՝ դերասանները սերիալներում նկարահանվում են փողի համար: Դերասանի անձնական կյանքի շուրջ պատմություններ են ստեղծվում, ինչը հետաքրքիր է հասարակության համար: Բացի դրանից՝ սերիալները հաճախ նկարահանում են ոչ պրոֆեսիոնալ ռեժիսորներ, սցենարը գրում են մարդիկ, ովքեր ընդամենը երկու գիրք են կարդացել:
Ժ.Դադասյանը նշեց, որ սերիալների ռեժիսորները խնդիր ունեն հասցնել մեկ օրվա ընթացքում նկարահանել մեկ սերիա, ինչն իրեն հարգող ոչ մի ռեժիսոր չի անի: Ժ.Դադասյանին բազմիցս առաջարկել են սերիալ նկարահանել, սակայն հրաժարվել է: Իսկ սերիալներով, ըստ նրա, պետք է զբաղվեն ոչ թե հեռուստաընկերությունները, այլ փրոդաքըշնները:
«Պետք է այլ հեռուստատեսային լեզու լինի: Հեռուստատեսությունը խոշորացնում է ցանկացած բան: Անհրաժեշտ է, որ ուշադրություն դարձվի խոսքի մեղեդայնությանն ու տոնին»,- նշեց Ժ. Դադասյանը:
Ըստ նրա՝ ռաբիսը մտածողության տեսակ է, որը ներթափանցել է բոլոր բնագավառներ, այդ թվում՝ հեռուստատեսություն: Իսկ հեռուստատեսությունում երևում է դրա հետևանքը: Ժ. Դադասյանի կարծիքով՝ այն ազգային ողբերգություն է, որը պետք է արգելել եթերում՝ հանուն հասարակության հոգևոր անվտանգության:
Իսկ Ռ. Բաբայանը հավելեց, որ չպետք է սպասել կոնկրետ փոփոխության, այլ մարդն ինքը պետք է ընտրի՝ նայում է սերիալ ու մնում դրա ազդեցության տա՞կ, թե զբաղվում է օգտակար գործով:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել