
«Հ1»-ը պատրաստ է հերքել և ներողություն խնդրել Եհովայի վկաներից
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու գործով նախնական դատական նիստն ընդդեմ Հանրային հեռուստատեսության:
Հիշեցնենք, որ կրոնական կազմակերպությունը վիճարկում է 2010թ. նոյեմբերի 9-ին, 10-ին և 11-ին «Հայլուր» և «Տեսանկյուն» հաղորդաշարերի ընթացքում հնչած տեղեկությունն այն մասին, որ Սևանում տեղի ունեցած` իր ծնողների սպանության մեջ մեղադրվող Արման Թորոսյանը Եհովայի վկա է: Ըստ «Առավոտ»-ի՝ Արման Թորոսյանի մասին նրա հարևանները պնդել էին, որ նա Եհովայի վկա է, ու իրենք լսել են, թե ինչպես էր սպանությունը կատարելուց հետո՝ բնակարանից փախուստի պահին, ասում. «Ես կատարում եմ Եհովա աստծու հրամանները: Իմ հայրը Եհովա աստվածն է: Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ»:
Այսօրվա նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Ելենա Մարգարյանը դատարանին խնդրեց ընդունել դատական նիստը հետաձգելու մասին իր միջնորդությունը, քանի որ Հանրային հեռուստաընկերությունը հայցվորին հերքման տեքստ է առաջարկել:
Ըստ հայցվորի՝ հեռուստաընկերությունը պատրաստ է հերքել այն ինֆորմացիան, որ հնչեցրել է իր հաղորդաշարերի ընթացքում և ներողություն խնդրել:
Ե.Մարգարյանը հայտնեց դատարանին, որ նրանք գտնվում են այդ տեքստի քննարկման փուլում և ցանկանում են հաշտություն կնքել:
Դատարանը բավարարեց հայցվորի միջնորդությունը և բավականին երկար ժամանակ տրամադրեց կողմերին, որպեսզի հաշտության գան և հերթական դատական նիստի օր նշանակեց նոյեմբերի 9-ը:
Մեկնաբանություններ (28)
Մեկնաբանել