
«Կինոն եւ հասարակությունը» ծրագրի շրջանակում այսօր Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցավ աշխատաժողով, որին մասնակցում էին հեռարձակման, կապի եւ միջոցառումների մասնագետ Սառա Ռոսը եւ հայ կինոգործիչները:
«Կինոն եւ հասարակությունը» ծրագիրը կազմակերպել է Բրիտանական խորհուրդը Բրիտանական ֆիլմերի 9-րդ փառատոնի շրջանակում: Այս ծրագիրը դիտարկում է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ վավերագրական կինոն կարող է նպաստել բարդ եւ կարեւոր հասարակական խնդիրների ընկալմանը:
Սառա Ռոսը ներկայացրեց, թե ինչպես վավերագրական կինոն կարող է դառնալ արդյունավետ քարոզարշավի միջոց: Աշխատաժողովի ընթացքում կինոգործիչները քննարկեցին հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների միջև համագործակցության նոր մոդելներ:
Սառա Ռոսը հայ կինոգործիչների հետ զրուցեց նաեւ կինոյի վրա նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին:
Ինչպես նշեց փառատոնի հյուրը, Միացյալ Թագավորությունում կան տարբեր ալիքներ, տարբեր պլատֆորմներ, որոնց միջոցով ցուցադրվում են վավերագրական ֆիլմերը: Քանի որ հիմա հեռուստաընկերությունները ավելի քիչ փող ունեն, քան ունեին նախկինում, վավերագրական ֆիլմեր նկարահանողները ուրախ են գտնել ցանկացած միջոց կամ եղանակ, որի միջոցով կարող են ցույց տալ իրենց ֆիլմերը:
Սվելի ու ավելի հաճախակի են դարձել դեպքերը, երբ կինոարտադրողները համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ, որոնց ֆինանսավորմամբ նրանք կազմակերպում են իրենց ֆիլմերի դիտումը ոչ ավանդական վայրերում:
Սառա Ռոսի խոսքերով, Միացյալ Թագավորությունում համացանցը դարձել է վավերագրական ֆիլմերի դիտման համար շատ արժեքավոր եւ ազդեցիկ գործիք:
Շրջակա միջավայրի եւ կլիմայական փոփոխությունների մասին նկարահանված «Հիմարների դարը» ֆիլմի օրինակով Սառա Ռոսը ցույց տվեց, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ հասարակության վրա վավերագրական ֆիլմը:
«Այս ֆիլմի արդյունքում ստեղծվեց մի իրադրություն, երբ ֆիլմարտադրողը հիմնեց իր սեփական հասարակական կազմակերպությունը: Ֆիլմարտադրողը չէր ուզում պարզապես սահմանափակվել իր ֆիլմի արտադրությամբ, այլ ցանկանում էր հնարավորություն ստեղծել հասարակության համար միջոցներ ձեռնարկել փոփոխություններ բերելու համար: Ակնհայտ է, որ այս մոդելը արդյունավետ է, կարող է աշխատել, ցավոք, այդպես չի լինում միշտ»,- ասաց նա:
Սառա Ռոսն աշխատել է Channel 4-ում, BBC-ում, Amnesty International-ում և Channel 4 BRITDOC Foundation-ում: Իբրև Channel 4 BRITDOC-ի London Good Pitch-ի կապերի ընդլայնման գծով տնօրեն` Սառան հրատապ հասարակական խնդիրների շուրջ միավորել է կինոգործիչների և ավելի քան 100 առաջատար հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բարերարների ու ԶԼՄ-ների ` ստեղծելով միավորումներ ու քարոզարշավի ծրագրեր:
Amnesty International UK-ում աշխատելու ընթացքում հանդես է եկել որպես այդ կազմակերպության ամենամյա ԶԼՄ-ների մրցանակաբաշխության պրոդյուսեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել