HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արդարության վակուում մեր ողջ հանրությունն է ապրում». Արա Գաբուզյանը` քրեական նոր օրենսգրքի մասին

«Դատաիրավական բարեփոխումների» քառամյա ծրագրի շրջանակներում նախատեսված է մշակել քրեական նոր օրենսգիրք: Արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի ղեկավարությամբ (խմբի կազմում են նույն ամբիոնի 4 դոցենտներ), մինչև ապրիլի 10-ը պետք է նախարարին ներկայացնի նոր օրենսգրքի հայեցակարգը: Նախագծի մշակման աշխատանքները կսկսվեն այս շաբաթվանից ու կտևեն մինչև 2015 թ-ի հուլիսի 1-ը: Նոր քրեական օրենսգիրը, ըստ բարեփոխումների միջոցառումների ցանկի, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը 2015 թ-ի սեպտեմբերին: Այն կլինի Հայաստանի թվով երկրոդ քրեական օրենսգիրքը՝ 2003 թ.-ի օգոստոսի 1-ին ընդունված օրենսգրքից հետո: Պատժողական համակարգի հայեցակարգային փոփոխությունների մասին է «Հետքի» զրույցը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանի հետ: 

Պարոն Գաբուզյան, 1991թ.-ից՝ 12 տարի, անկախ Հայաստանում մարդկանց դատապարտում էին 1961թ. օրենսգրքով: Ինչպե՞ս  էր դա հնարավոր: 

1961թ. խորհրդային օրենսգիրքը Հայաստանի անկախացումից հետո, կապված սոցիալ-տնտեսական փոփոխությունների հետ, շատ փոփոխությունների ենթարկվեց, որպեսզի խորհրդային գաղափարախոսությունը դուրս գա: Նոր օրենսգիրք ստեղծելու համար ժամանակ էր պետք: 1997թ.-ից սկսվեցին նոր օրենսգրքի աշխատանքները, և 2003թ. այն ընդունվեց: 

10 տարի անց անհրաժեշտություն առաջացավ մշակել նոր օրենսգիրք: Ինչո՞ւ: 

10 տարվա ընթացքում քրեական օրենսգրքում մոտ հարյուր փոփոխություն ու լրացում է կատարվել: Բայց արդեն կարիք կար հայեցակարգային փոփոխության, պատժողական ողջ քաղաքականության վերանայման: 

Վերականգնողական արդարադատության բաղադրիչներ լինելո՞ւ են նոր օրենսգրքում: 

Պարբերաբար խոսվում է այլընտրանքային պատիժների ավելացման մասին՝ որպես ազատազրկման այլընտրանքի: Ճիշտ է, 2003թ. օրենսգրքով առաջին անգամ հանրային աշխատանքներ նախատեսվեցին, բայց կանոնակարգումը շատ բացերով ու թերություններով էր: Այժմ երբ տուգանք է նշանակվում, վճարելու անհնարինության պատճառով փոխարինվում է հանրային աշխատանքով: Սակայն հանրային աշխատանքների կիրառման մեխանիզմներն էլ կարգավորված չեն, կա նաև կադրերի պակաս: Ամբողջ աշխարհում այս խնդրի լուծումը դրված է պրոբացիոն ծառայության վրա: Մեզ մոտ հիմա ԱՆ ՔԿՎ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա է դրված այս գործառույթը, բայց այստեղ ևս խոստովանում են, որ համակարգում լուրջ բացեր կան` կանոնակարգումների մեջ: Քրեագիտության ամբիոնում բացվել է մագիստրոսական նոր ծրագիր, որը պատրաստելու է պրոբացիոն ծառայության աշխատակիցներ: Այս բաժին գալիս են ոչ միայն իրավագիտության, այլև սոցիոլոգիայի ու հոգեբանության ֆակուլտետներից: 

Պատրաստվելու են նաև քրեակատարողական համակարգի աշխատակիցնե՞ր: 

Քրեակատարողական համակարգի աշխատակիցներ կոնկրետ չեն պատրաստվում համալսարանում, բայց այս ծրագրի արդյունքում կունենանք պրոբացիոն ծառայության մասնագետներ: 

Իսկ քրեական գենետիկայի մասնագետնե՞ր: 

Ո՛չ, ճիշտն ասած` այդպիսի առանձին մասնագիտացում մեզ մոտ չկա: 

Ի՞նչ է փոխվելու քրեական նոր օրենսգրքում: 

Աշխատել ենք այլընտրանքային պատիժների տեսակներ շատ ընդգրկել հայեցակարգում՝ հաշվի առնելով միջազգային փորձը: Բացի հանրային աշխատանքներից, նախատեսվում են նաև ազատության սահմանափակում, տնային կալանք, հանրային իրավունքների սահմանափակում, ծնողական իրավունքներից զրկում այլընտրանքները: Սա արվել է նրա համար, որպեսզի ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների համար հնարավորինս ազատազրկում չնշանակվի դատարանների կողմից: Բացի այդ, այս ամենի կատարման մեխանիզմները պիտի հստակ տրվեն նախագծում: 

Իսկ հանցագործությունների կանխարգելման առումո՞վ: 

Կրկնահանցագործության կանխարգելման նպատակով անվտանգության համակարգերի ներդրում ենք նախատեսել: Օրինակ՝ պատժից պայմանականորեն ազատված անձի նկատմամբ հսկողություն որոշակի ժամկետով: Այստեղ էլ պրոբացիոն ծառայության աշխատակիցն անելիք ունի՝ ճիշտ կանխատեսել ու գնահատել՝ արդյոք անձը ունի՞ կրկնահանցագործության ռիսկայնություն: Իսկ այժմ դատապարտյալի հետ որևէ աշխատանք չի իրականացվում: Առավելագույնն, ինչ անում է պատժից պայմանականորեն ազատված անձը, ոստիկանություն ներկայանալն է: Մինչդեռ միջազգային փորձը ցույց է տալիս, որ սա դարձյալ պրոբացիայի գործն է՝ դատապարտյալի հոգեբանական, սոցիալական աջակցություն, վարքագծի նկատմամբ հսկողություն: Այս ամենը նախատեսված է նոր հայեցակարգով: 

Ընդհանուր առմամբ, պատիժների խստացմա՞ն, թե՞ մեղմացման է հակված լինելու նոր նախագիծը: 

Պատժի խստությունը երբեք ուղիղ կապի մեջ չէ հանցագործությունների կանխարգելման հետ: Նոր նախագծով լինելու է պատիժների դեպենալիզացիա: Սա նշանակում է ոչ մեծ ու միջին, երբեմն նաև ծանր հանցանքների պարագայում պատիժների մեղմացում, իհարկե, հանցագործության բնույթի հետ կապված: Եվ, անշուշտ, ազատազրկման պատժատեսակի հնարավորինս բացառում: Հանցագործության բնույթը ևս հաշվի է առնվելու: Օրինակ՝ ներկայիս օրենսգրքով, եթե անձը գողացել է թոշակառուի 30.000 դրամը, նրա համար ավելի քիչ պատիժ է սահմանում օրենքը, քան եթե նա գողանար օլիգարխի թանկարժեք ավտոմեքենան: Այսինքն՝ պատժի խստությունը կախված էր գողոնի արժեքից: Հիմա այդպես չի լինելու: 

Պարոն Գաբուզյան, հայեցակարգի վերաբերյալ եղե՞լ են, արդյոք, լուրջ առարկություններ: 

Լուրջ հակասություններ գերատեսչություններից չեն եղել: Մեկ-երկու հարցի հետ կապված կան փոքր խնդիրներ, բայց մենք դարձյալ մեր կարծիքին ենք մնում: Կա խնդիր մեղքի բովանդակության հետ կապված: Մեր օրենսդրությամբ մեղքը արարքի հանրային վտանգավորության գիտակցումն է: Սակայն ժողովրդավարական այլ երկրներում վաղուց անցել են այլ սահմանման՝ արարքի հակաիրավականության գիտակցում: Մենք առաջարկում ենք նման փոփոխություն՝ հստակ սահմանելով այն դեպքերը, երբ օրենքի չիմացությունը կարող է ազատել պատասխանատվությունից: Երկրորդ հակասությունը կապված է քրեական պատասխանատվության միասնական տարիքի հետ: Մենք առաջարկում ենք 14 տարեկանը: Հիմա էլ այդպես է, սակայն մի խումբ հանցանքների համար: Սակայն անչափահասների համար  առաջարկում ենք պատասխանատվության շատ մեղմ դրույթներ: Ազատազրկումը անչափահասների համար պետք է հանդիսանա բացառիկ միջոց: Ընդ որում, ոչ մեծ ու միջին ծանրության հանցանքների դեպքում իսպառ բացառում ենք ազատազրկում նշանակել: Ծանր ու առանձնապես ծանրերի դեպքում կարելի է ազատազրկում նշանակել, եթե բռնությամբ է զուգորդվել հանցագործությունը: Սա հստակ կանոնակարգվելու է: 

Երիտասարդների արդարադատությունը արդյոք տեղ գտնելո՞ւ է նախագծում: 

Հայեցակարգում արդեն իսկ ներառված են նման դրույթներ: Նախագծում մի ամբողջ գլուխ է նվիրված լինելու երիտասարդների արդարադատությանը: Հստակ նշվելու են այն դեպքերը, երբ նրանց նկատմամբ կիրառվելու են անչափահասների պատասխանատվությանը բնորոշ դրույթներ:  Փաստորեն, ունենալու ենք տարիքային երկու խումբ՝ 14-18 և 18-21: Է՛լ ավելի շատ առանձնացնել այս խմբերը նպատակահարմար չէ: Այսինքն՝ սահմանվելու են անձին պատասխանատվության ենթարկելու նաև տարիքային առանձնահատկությունները: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը: Երիտասարդների արդարադատության լավագույն օրինակներ կան Շվեդիայում, Ավստրիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում: Մեզ խորհրդատվություն է մատուցում գերմանացի փորձագետ, Գերմանիայի Հանովեր քաղաքի համալսարանի պրոֆեսոր պարոն Հեյնինգ Ռադթկեն: 

Լավ օրենք ունենալը բավարա՞ր պայման է, որ այն բոլորի հանդեպ հավասար կիրառվի: 

Օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը շատ դեպքերում խախտվում է օրենքները կիրառելիս: Նույն փաստական տվյալներով գործերի ժամանակ մեծ տարբերություններով պատիժներ են սահմանվում: Մի դեպքում նույնիսկ պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, մյուս դեպքում՝ խիստ պատիժ նշանակվել: Նոր նախագծի առաքելություններից մեկն էլ այն է, որ հնարավորինս հստակեցնենք այդ չափորոշիչները, թե որ դեպքում ինչ պատիժ նշանակել: Սակայն, ինչ խոսք,  դատական հայեցողությունը չի կարելի վերացնել: Դատարանը պիտի գործելու ճկուն դաշտ ունենա: 

Հաճախ դատարաններում լինելով՝ քաղաքացիներից լսում եմ «օրենքը մահակ է թույլերի գլխին» միտքը: Ձեր կարծիքով` արդարության պակաս կա՞: 

Արդարության վակուում մեր ողջ հանրությունն է ապրում: Բայց իրավակիրառ պրակտիկայում թույլ տրված անարդարություններն այնպես չէ, որ բոլորովին կապ չունեն օրենքի բացերի հետ: Օրենքն էլ մեղքի իր բաժինն ունի, ուրեմն սողանցք կա: Բայց դա չէ միակ պատճառը: Իրոք, կարող է օրենքը լավը լինել, բայց իրավակիրառ պրակտիկայում չարաշահվել այն կիրառողների կողմից: Պատճառները տարբեր են՝ մասնագիտական պատրաստվածության մակարդակ, օրենքները կիրառելու վճռականության պակաս: 

Ելքը ո՞րն է: 

Համակարգային է խնդիրը, ուստի համակարգային պիտի լինեն նաև ելքերը՝ սոցիալ-տնտեսական վիճակի, բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավում, պրոֆեսիոնալ կադրերի մուտք տարբեր ոլորտներ, սերնդափոխություն համակարգերում, բնակչության իրավագիտակցության բարձրացում:

Մեկնաբանություններ (2)

Gayanэ
Все наши законы 1/1 повторения Российских кодексов. Вот почему именно сейчас УК меняется? потому, что Россия начала разработку нового законодательства.Нуууу может,2-3 статьи местами поменяют, для видимости. Все равно ,вся система пользуется российскими комментариями/пояснения к статьям/ к УК. Я не представляю,на сегодняшний день научную ,потенциал теоретиков, ученных /уголовников/ которую имеет Армения.там больше любят практику, более доходное дело.Но одно точно , правосознание и юр.безграмотность переходит все границы дозволенного, но в том вины народа нет,это другая тема. Заруи, за каждую Вашу статью отдельное спасибо!!!
իրատես
Կմշակեն, կվերամշակեն քանի անգամ կուզեն, սակայն համակարգի էությունը դրանով երբեք չի փոխվի, քանի որ խնդիրն ամենեւին օրենքների անկատարության մեջ չէ (նույն օրենքների մանիպուլյացիաներով թե մարդասպանին ազատ են արձակում, թե անմեղին բանտում փթեցնում!) Ներկա պայմաններում իրական տեղաշարժ կարող է կատարվել եթե կիրառվեն, օրինակ, հետեւյալ հասկանալի սկզբունքները - 1. Դատա-իրավական համակարգը երբեք չպետք է մահակ լինի իշխանության ձեռքին, այլ այն լիակատար անկախ ու իսկապես ազատ ժողովրդական ընտրություններով պիտի ձեւավորվի՝ առանց նվազագույն իսկ իշխանական ազդեցությունների: 2. Իր գործնեությամբ բոլորովին ինքնուրույն լինի, սակայն մշտապես հսկելի ու հաշվետու մի ինչ-որ վերահսկիչ մարմնի առաջ, որը պիտի ստեղծվի ու գործի պարբերաբար - թափանցիկ ընտրության ու վիճակահանության սկզբունքներով (Random Principle), ժողովրդի կողմից վստահելի, հարգված-հեղինակավոր համարվող մարդկանց շրջանից: Այսինքն՝ ԻՐԱՎԱՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԳՆԱՀԱՏՎԻ ՈՒ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ԱՐԺԱՆԱՆԱ իր իսկ պատվիրատուի ու վստահորդի կողմից (ժողովրդի) ինչպես ցանկացած այլ աշխատանք - սրանից էլ պարզ բան?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter