«Հավատում էինք, որ արդարություն կա. ինչքան միամիտ էինք»
Լուսանկարի տղաները՝ Արթուր Քոչարյանն ու Սուրեն Չոբանյանը, նրանց հետ նաև Ավետիք Թումանյանը, 2003 թ-ին զորակոչվել են բանակ, ծառայել Մարտունու զորամասում, սակայն մինչ օրս տուն չեն վերադարձել: Նրանք արդեն 10 տարի է՝ ազատազրկված են:
«Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին արձագանքելով՝ խմբագրությանն են դիմել նախկին զինծառայողների հարազատները, ում 19-ամյա որդիները՝ Արթուր Քոչարյանը, Ավետիք Թումանյանը և Սուրեն Չոբանյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման (Վերաքննիչ դատարանը Արթուրի պատիժը թողել է անփոփոխ, իսկ Ավետիքինն ու Սուրենինը փոխել 15 տարվա ազատազրկման): Նրանք մեղադրվել են համածառայակցին՝ Արթուր Մեսրոպյանին կախելով սպանելու մեջ, սակայն ինչպես նախաքննության, այնպես էլ դատավարության ժամանակ երեք երիտասարդները հերքել են իրենց մասնակցությունը դեպքին՝ պնդելով, որ անմեղ են: Սպանության մոտիվն, ըստ մեղադրանքի, ծառայակիցների միջև ծագած վեճն է եղել:
Ողբերգությունը տեղի է ունեցել 2004 թ-ի սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը. ԼՂ Մարտունու զորամասում պարսպից կախված վիճակում հայտնաբերվել է 18-ամյա, ընդամենը 4 ամիս ծառայության անցած Արթուր Մեսրոպյանի դին: Ահա այն պարիսպը, որի վրա էլ հայտնաբերվել է դին:
Ինչպես տեսնում ենք լուսանկարներից, տեղանքը, որը հանցագործության վայրն է, առանձնացված չէ ժապավեններով: Ավելին՝ ցմահ ազատազրկման դատապարտված Արթուր Քոչարյանի մայրը՝ տիկին Ֆենյան պատմեց, որ երբ երկու օր անց ամուսինը՝ եղբոր հետ եղել է նույն տեղում, տեսել է, որ տեխնիկա է աշխատել այնտեղ, որով սրբվել են հանցագործության հետքերը:
Տիկին Ֆենյան պատմեց, որ տղան՝ Արթուր Քոչարյանը մեծացել է Էջմիածնում, հաճախել է կիրակնօրյա դպրոց: 2003-ին զորակոչվել է բանակ, ծառայել ԼՂ Մարտունիի զորամասում: «6 ամիս էր մնացել, որ տուն գար, բայց 2004 թ-ի սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ այդ ողբերգությունը, մեկ օր հետո իմացանք, որ բոլոր զինվորներին տարել են ԼՂ ռազմական ոստիկանություն՝ որպես վկաներ: Բայց շուտով իմացանք, որ իրենց ծառայակից «Աղվես» մականունով Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքների վրա Արթուրին, Ավետիքին ու Սուրենին մեղադրանք են առաջադրել: Այդ օրվանից երեք ծնողներով պայքարում ենք մինչ օրս: Այս տարիներին բազմաթիվ նամակներ ենք գրել, բողոքներ՝ գործի վերաքննման խնդրանքով, ակցիաներ ենք արել, ցույցեր: Իսկ երբ գրեցինք Սեյրան Օհանյանին, ով այն ժամանակ դեռ ԼՂ պաշտպանության նախարարն էր, եկավ պատասխան, որ Ձեր տղաները Հայաստանի քաղաքացիներ են, ԼՂ-ից չեն, ուստի ինքը որևէ հարցում չի կարող միջամտել: Քննիչներից Փիլոյանին էլ երբ ասացինք, թե մի պահ պատկերացրեք, որ հանկարծ Ձեր երեխային չկատարած հանցանքի համար ցմահ դատապարտեն, պատասխանեց՝ նախ իմ երեխային ինչի պիտի բանակ ուղարկեմ, որ մի հատ էլ…»:
15 տարվա ազատազրկման դատապարտված Սուրեն Չոբանյանի մայրը՝ տիկին Սվետան «Հետքի» հետ զրույցում պատմեց, որ անընդհատ ՌՈ-ում հետաքրքրվել են, թե ով՝ ինչպես է ապրում, փող են պահանջել. «Այս մասին բացահայտ տղաս՝ Սուրենն ասաց Վերաքննիչ դատարանում, կան նաև ձայնագրությունները: Բայց մենք գումար չունեինք, որ կաշառք տայինք: Հավատում էինք, որ արդարություն կա: Ինչքա՛ն միամիտ էինք: Մեզ սկզբում ասեցին, որ մեր երեխաները վկա են, փառք տվեք Աստծուն, ճի՛շտ է, շատ դժվարությունների միջով են անցել, բայց հիմա ուղարկում ենք հետ՝ ծառայության: 10 օր անցավ, լուր ստացանք, որ մեր երեխաները Սովետաշենի բերդում են, գնացինք տեսակցության: Իմ տղան անճանաչելի էր, ես իրեն աչքերից եմ ճանաչել: ՌՈ-ում խոշտանգել էին նրանց, սիգարետների վառած տեղեր կային մարմնի վրա: Բայց ոչ մի քննություն չեղավ այդ մասով: Անգամ մարդիկ էին ուղարկում մեր տուն, համոզում, որ երեխաներն իրենց վրա վերցնեն կատարվածը՝ խոստանալով մեղմ՝ 7 տարվա պատիժ: Հետո խայտառակ դատը եղավ: Դատեցին ցմահ, Վերաքննիչը երկուսի պատիժը փոխեց 15 տարվա, քանի որ չէին կարող մեկ մարդու սպանության համար միանգամից 3 մարդու ցմահ փակել: Հետո տղայիս տարան Գորիսի բանտ: Գորիսից կիսամեռ տեղափոխեցին դատապարտյալների հիվանդանոց: Թոքերի խնդիր ունի, բուժվում է դեռ: Կես մարդ դարձրեցին էրեխեքին, ինչի՞ համար, չգիտեմ»,- պատմեց նախկին զինծառայողի մայրը:
«Հետքը» սկսեց ուսումնասիրել 15 հատորանոց քրեական գործը՝ պարզելու դեպքի մանրամասները: Այս գործով կատարվել են բազմապիսի փորձաքննություններ՝ մատնադրոշմային, դատահողագիտական, իրեղեն ապացույցների, դատակենսաբանական, դատաբժշկական, դատահոգեանական, սակայն որևէ փորձաքննության եզրակացությամբ չի հաստատվել դատապարտված երեք տղաների մասնակցությունը դեպքին: Արթուր Մեսրոպյանի արյան հետքերը չեն հայտնաբերվել երեք զինծառայողների՝ փորձաքննությանը ներկայացված երեք տաբատների ու զինվորական բաճկոնների վրա: Նրանց եղունգների տակից վերցած նմուշներով ևս պարզվել է, որ դրանք չկան հանգուցյալ Արթուր Մեսրոպյանի հագուստի կամ մարմնի վրա:
Մեղադրական եզրակացությունն ու դատավճիռները հենված են ծառայակիցներից մեկի՝ Անդրանիկ Կարապետյանին մոտ 6 անգամ փոփոխվող ու պարբերաբար լրացվող ցուցմունքների վրա, ըստ որոնց «ռազբորկայի» ժամանակ, որին մասնակցել է 6-7 զինծառայող, Արթուր Մեսրոպյանը ապակու կտորով նախ կտրել է իր երկու դաստակների երակները, ապա վզի երակը, հետո անշարժացած ընկել: Իսկ Արթուր Քոչարյանը առաջարկել է նրան կախել, որպեսզի ինքնասպանության իմիտացիա ստեղծվի:
Այդպիսով, ըստ գործի նյութերի, Քոչարյանն ու Չոբանյանը նրա թևերի տակից ընկած մոտ 30 մետր տղայի մարմինը քարշ են տվել պարսպի ուղղությամբ, ապա նրա իսկ տաբատի գոտիով կախել պարսպից:
Ովքե՞ր են վարել այս գործով նախաքննությունը, ինչպե՞ս, ի՞նչ պաշտոններ են նրանք այժմ զբաղեցնում, ի՞նչ կապ կարելի է տեսնել այս և Մատաղիսի գործի հետ, «Հետքը» կներկայացնի հաջորդիվ:
Մեկնաբանել