HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դեպքերը Լեռնային Ղարաբաղում (1917-1920)

Հարություն Թումյան

 (սկիզբը)

13. Ղարաբաղի հայության ժողովրդական  7-րդ համագումարը. ժամանակավոր համաձայնության կնքումը Ադրբեջանի կառավարության հետ

1919թ. ամբողջ հուլիս ամիսը անցավ դաշտային եռուն աշխատանքների մեջ: Սահմանամերձ գյուղերը մեծամեծ դժվարություններով հազիվ կարողացան իրենց բերքի մի աննշան մասը հավաքել: Մուսուլմանական բանդաները գիշերները գաղտնաբար մոտենում և հրդեհում էին խուրձերը և դեռևս չհնձած արտերը, իսկ ցերեկը հեռվից կրակ էին բացում դաշտերում աշխատող հայ գյուղացիների վրա:

Օգոստոսի 13-ին, երբ բավականաչափ մեղմացել էին բերքահավաքի դաշխտային աշխատանքները, Ազգային խորհրդի հրավերով Շոշ գյուղում գումարվեց Ղարաբաղի հայության ժողովրդական 7-րդ համագումարը, որին մասնակցում էին վճռական ձայնի իրավունքով 135 պատգամավորներ: Սուլթանովն այս անգամ չէր խանգարել Խաչենի, Ջրաբերդի և Գյուլիստանի պատգամավորներին մասնակցելու համագումարին: Օրակարգի չորս հարցերի մեջ առաջին ու հիմնական հարցը հայկական Ղարաբաղի և Ադրբեջանի փոխհարաբերությունների հարցն էր, որի առթիվ արտահայտվեցին 30-ից ավելի պատգամավորներ: Խոսողների ճնշող մեծամասնությունը պահանջում էր չկնքել որևէ համաձայնություն Ադրբեջանի հետ և պատերազմել, եթե Ադրբեջանը կփորձի բռնությամբ փաթաթել իր իշխանությունը Ղարաբաղի հայության վզին: Իսկ համեմատաբար չափավոր տարրերը գտան, որ պատերազմելու համար Ղարաբաղը չունի բավականաչափ զինամթերք և առաջարկում էին Ադրբեջանի հետ բանակցություններ վարել ժամանակավոր համաձայնություն կնքելու համար, մինչև Փարիզի միջազգային կոնֆերանսը կվճռի Ղարաբաղի ճակատագիրը: Մտքերի խիստ հուզումնալից փոխանակությունից հետո որոշվեց ընտրել մի հանձնաժողով Ղարաբաղի զինվորական մարմնի (շտաբի) հետ միասին պարզելու, թե Ղարաբաղը պատերազմի դեպքում կկարողանա՞ արդյոք զենքի ուժով ստիպել Ադրբեջանին ճանաչելու իր ինքնորոշման իրավունքը:

Մանրակրկիտ քննությունը ժխտական պատասխան տվեց այդ հարցին: Դրանից հետո համագումարը իր 4-րդ նիստում որոշեց բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ընտրելով Արշավիր Քամալյանի նախագահությամբ մի հանձնաժողով` համաձայն պայմանները մշակելու համար: Իսկ հաջորդ (5-րդ) նիստում ընդունեց հետևյալ բանաձևը, որը ստորագրեցին 124 պատգամավոր:

«Բանաձև, ընդունված Ղարաբաղի հայության 7-րդ համագումարի կողմից 1919 թ. օգոստոսի 15-ին:

Ղարաբաղի հայությունը միշտ կողմնակից է եղել խաղաղ դրացիական հարաբերությունների հարևան թյուրք ժողովրդի հետ և այն ձգտել է իրականացնել կյանքի մեջ անկեղծ ու սրտանց` բոլոր պայմաններում, հատկապես վերջին երկու տարիների ընթացքում:

Ղարաբաղի հայությունը անթիվ զոհաբերություններով ու գերագույն ճիգերով կարողացել է փրկել դրությունը, թույլ չտալով մասայական կոտորածներ ու ավերումներ:

Այժմ կանգնած լինելով նույն հիմնական տեսակետի վրա, որ բոլոր պայմաններում երկու հարևան ժողովուրդները պետք է խաղաղ բարեկամական հարաբերություններ պահպանեն իրար հետ և նկատի առնելով այն հանգամանքը, որ Ղարաբաղի վերաբերյալ վիճելի հարցերը պետք է իրենց վերջնական լուծումն ստանան խաղաղարար կոնֆերանսի կողմից, Ղարաբաղի 7-րդ համագումարը, քննելով ստեղծված լուրջ դրությունը, որ հավասարապես կորստաբեր կարող է լինել երկու ժողովուրդների համար, ընդառաջ է գնում Ադրբեջանի կառավարության առաջարկին` բանակցությունների միջոցով խաղաղ ճանապարհով լուծելու ներկա ճգնաժամային խնդիրը իբրև հավասար կողմեր և որոշում է պաշտոնական բանակցությունների մեջ մտնել այդ նպատակով:

Նախագահ`  Ա. Հովհաննիսյան

Քարտուղար` Հ. Աբրահամյան

(124 պատգամավորների ստորագրություններ):

Համագումարի աշխատանքների դեռևս երրորդ օրն էր, բայց Սուլթանովը համակվել էր անհամբերությամբ: Նրան թվաց, թե համագումարը շատ է ձգձգվում և կարող է Ադրբեջանի համար անհաճելի արդյունքներով վերջանալ: Լրտեսները, անկասկած, նրան արդեն հաղորդել էին սկզբի երեք նիստերում պատգամավորների մեծամասնության մեջ գերիշխող մարտական տրամադրությունների մասին: Բացի դրանից, Ադրբեջանից գաղտնի մնալ չէր կարող, որ Հայաստանի հանրապետական կառավարության վարչական և զինվորական մարմինները արագորեն թափանցում են Զանգեզուր, իսկ հայկական կանոնավար զորքերի մուտքը Նախիջևան և նրանց հետ միատեղ այդ շրջանի հայ փախստականների վերադարձը, այդ ամենը ոչ մի կասկած չէին թողնում, որ Սյունիքի ու Ղարաբաղի նկատմամբ նախատեսված թուրք-ադրբեջանական նվաճողական պլանների իրագործման համար խիստ վտանգավոր արգելքներ են ստեղծվում: Ուստի անհրաժեշտ էր շտապել լուծելու Ղարաբաղի հարցը և ապա բոլոր ուժերը ուղղելու Զարգեզուրի դեմ, քանի դեռ Հայաստանի կառավարությունը այնտեղ չէր ամրացել:

Եվ օգոստոսի 14-ին գեներալ-նահանգապետ Սուլթանովը ռազմական պատրաստության մեջ դրեց Շուշու և Խանքենդ ավանի զորամասերը եւ ապա կազմեց համագումարին ուղղված վերջնագիր, ուր պահանջում էր 48 ժամվա ընթացքում պատասխանել, թե Ղարաբաղը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի իշխանությունը, թե ոչ: Վերջնագիրը համագումար բերեց Վահան եպիսկոպոսը օգոստոսի 15-ին: Պատգամավորներին չգրգռելու և համաձայնության գործին չվնասելու համար նպատակահարմար համարվեց չհրապարակել այն համագումարի նիստում:

Նույն օրը համագումարը քննեց և ընդունեց համաձայնության նախագիծը: Ապա ընտրվեց մի հանձնաժողով Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու և համաձայնությունը ստորագրելու համար: Օգոստոսի 17-ին հանձնաժողովը նորընտիր Ազգային խորհրդի անդամների[1] և քսանի չափ պատգամավորների հետ մեկնեց Շուշի և հանձնեց Ադրբեջանի գեներալ-նահանգապետին համաձայնության նախագիծը: Համագումարի նախնական համաձայնությամբ նահանգապետը մի քանի նոր կետեր մտցրեց նախագծի մեջ և վերջնական ձևով երկու կողմերից ընդունվելուց հետո` 1919 թ. օգոստոսի 22-ին այն ստորագրվեց համագումարից լիազորված տասնհինգ պատգամավորների կողմից: Իսկ Ադրբեջանի կառավարության անունից նահանգապետն առանձին դեկլարացիայով հայտնեց բոլոր 26 կետերի վերաբերյալ մեկ առ մեկ իր համաձայնությունը և վավերացրեց սեփական ստորագրությամբ:

Այդպիսով, հայկական Ղարաբաղը երկար ու ծանր պայքարից հետո ստիպված եղավ, իհարկե, ժամանակավորապես,  ճանաչելու Ադրբեջանի կառավարության իշխանությունը:

Համաձայնությունն իր թերություններով հանդերձ, իբրև պատմական փաստաթուղթ, զուրկ չէ հետաքրքրությունից, ուստի ավելորդ չհամարեցինք այն մեջբերել ամբողջությամբ, զետեղելով ռուսերեն տեքստից կատարված հայերեն թարգմանությունը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Նկատի ունենալով, որ Ղարաբաղի լեռնային մասի վիճակի խնդիրը պիտի որոշվի խաղաղարար կոնֆերանսում, որ յուրաքանչյուր ընդհարում կորստաբեր է Ղարաբաղում բնակվող ազգությունների համար, որ ինչպես էլ լուծվելու լինի Ղարաբաղի խնդիրը, հայերը և թյուրքերը պիտի ապրեն միասին` Ղարաբաղի հայության 7-րդ համագումարը որոշեց կանգ առնել ժամանակավոր համաձայնության հետևյալ պայմանների վրա` Ադրբեջանի հանրապետության կառավարության հետ.

1. Երկու կողմերն էլ ընդունում են ժամանակավոր համաձայնությունը, մինչև այս խնդրի որոշումը խաղաղարար կոնֆերանսում, որի որոշումը հավասարապես պարտադիր է երկու կողմերի համար:

2. Ղարաբաղը, այն է` Շուշու, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառների լեռնային մասը (Դիզակը, Վարանդան, Խաչենը և Ջրաբերդ), որտեղ բնակիչները հայեր են, ժամանակավորապես  համարում է իրեն Ադրբեջանի հանրապետության սահմաններում:

3. Շուշու, Ջիվանշիրի և Ջեբրայիլի գավառները շարունակում են մնալ որպես Ղարաբաղի գեներալ-նահանգապետության առանձին ադմինիստրատիվ միավորներ այնպիսի ներքին կազմակերպությամբ, որ լեռնային հայկական շրջանում վարչությունը (ադմինիստրացիան) նշանակվում է հայերից և փոքրամասնության իրավունքները պաշտպանվում են:

4. Ղարաբաղի լեռնային մասում (Դիզակում, Խաչենում, Վարանդայում ու Ջրաբերդում) վարչական պաշտոնական անձինք նշանակվում են խորհրդի հայ անդամների առաջարկությամբ:

5. Ղարաբաղի գեներալ-նահանգապետության կից կազմակերպվում է խորհուրդ 6 հոգուց բաղկացած` երեք հայերից և երեք մուսուլմաններից:

6. Խորհրդի հայ անդամներին ընտրում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համագումարը: Համագումարն իրավունք ունի վերընտրություն կատարելու:

7. Ազգամիջյան բնույթի բոլոր սկզբունքային հարցերը չեն կարող կիրառվել կյանքում, առանց նախապես խորհրդի քննության ենթարկվելու:

8. Խորհուրդը նախաձեռնության իրավունք ունի գենրալ-նահանգապետության կարգավորման և կառավարման խնդիրների նկատմամբ:

9. Խորհուրդը հսկողության և ստուգման իրավունք ունի գեներալ-նահանգապետության վարչության (ադմինիստրացիայի) վերաբերմամբ, առանց սակայն վարչության գործողություններին միջամտելու իրավունքի:

10. Հիմնվում է գեներալ-նահանգապետի օգնականի պաշտոն քաղաքացիական մասի վերաբերմամբ, և այդ պաշտոնում նշանակվում է հայ:

11. Գեներալ-նահանգապետի քաղաքացիական մասի օգնականի պաշտոնի համար հայկական համագումարը Ադրբեջանի կառավարությանը ներկայացնում է երկու թեկնածու, որոնցից մեկը հաստատվում է:

12. Ղարաբաղի հայերը օգտվում են կուլտուրական ինքնորոշման իրավունքով:

13. Կուլտուրական ինքնորոշման իրավունքն իրագործվում է Ղարաբաղի Ազգային խորհրդի միջոցով, որն ընտրվում է Ղարաբաղի հայերի պարբերաբար հրավիրվող համագումարներում: Համագումար հրավիրում է Ազգային խորհուրդը:

14. Ադրբեջանի հանրապետության կառավարությունը հսկում է հայոց Ազգային խորհրդի գործունեությանը հայ լիազորների միջոցով:

15. Զինվորական մասերը տեղավորվում են Շուշում և Խանքենդում խաղաղ ժամանակիր կազմով:

16. Ղարաբաղի, այսինքն` Շուշու, Ջեբրայիլի և Ջիվանշիրիի գավառների լեռնային շրջանւմ, ուր բնակվում են հայեր, զինվորական մասի յուրաքանչյուր տեղափոխություն կատարվում է խորհրդի անդամների 2/3 համաձայնությամբ:

17. Քաղաքական համոզմունքների համար ոչ ոք չի կարող ենթարկվել հալածանքի ոչ դատական և ոչ էլ վարչական կարգով:

18. Բոլոր այն հայերը, որոնք ստիպված են եղել հեռանալ քաղաքական նկատառումներով, իրավունք ունեն վերադառնալու իրենց տեղերը:

19. Ղարաբաղում հայ և թյուրք բնակչության զինաթափումը դադարեցվում է, մինչև Ղարաբաղի հարցի որոշվելը խաղաղարար կոնֆերանսում:

ԾԱՆՈԹՈԹՅՈՒՆ.

Որովհետև ամբողջ Ադրբեջանում հայտարարված է զինաթափում, խոսք կարող է լինել միայն նրա դադարեցման մասին Ղարաբաղում:

20. Ադրբեջանի կառավարությունը ցույց է տալիս նյութական ու բարոյական աջակցություն Ղարաբաղի բնակչությանը` արագորեն վերականգնելու հայկական և թյուրքական ավերված գյուղերը:

21. Ազգամիջյան հարաբերությունները լավագույն կերպով կանոնավորելու համար խորհուրդը հրավիրում է պարբերաբար ընդհանուր և տեղական հայ-մուսուլմանական համագումարներ:

22. Տրվում է միությունների, խոսքի և մամուլի լիակատար ազատություն: Իսկ ժողովները, նկատի ունենալով, որ ամբողջ Ադրբեջանում զինվորական դրություն է հայտարարված, գումարվում են միայն վարչության թույլատութվյամբ:

23. Մասնավոր ևպաշտոնական անձանց  յուրաքանչյուր հանցանք պետք է հետամտել դատական կարգով, բացառությամբ այն զանցանքների ու հանցավոր գործողությունների, որոնք Ադրբեջանի հանրապետության Պետական պաշտպանության կոմիտեի 1919 թ. հունիսի 11-ի պարտադիր որոշման համաձայն այլևս ենթակա չեն ընդհանուր դատի:

24. Մինչև այժմ տեղի ունեցած ազգամիջյան ընդհարումների մասնակիցները հալածանքի չեն ենթարկվում:

25. Սույն համաձայնությունը ուժի մեջ է մտնում Ղարաբաղի հայկական յոթերորդ համագումարի կողմից ընդունվելու մոմենտից:

26. Սույն համաձայնությունը ուժի մեջ է մնում թե պաշտոնական, թե զինվորական և թե այլ դրությունների ժամանակ:

Ստորագրել են. 1. Դանիել Առաքելյան, 2. Աբրահամ Կիսիբեկյան, 3. Սիմոն Պողոսյան, 4. Սմբատ Բալայան, 5. Բենյամին Բաբաքևխյան, 6. Իսրայել Ղուլիքևխյան, 7. Աբրահամ-բեկ Իշխանյանը, 8. Բաշխի Մուրադյան, 9. Հովհաննես Աբրահամյան, 10. Ստեփան Ստեփանյան, 11. Հակոբ Բալասանյան, 12. Տիգրան Մելիք Գասպարյան, 13. Ավանես Գասպարյան, 14. Լևոն Վարդապետյան, 15. Արսեն (Արսո) Հովհաննիսյան[2]:

Շուշի, 22 օգոստոսի, 1919թ.»:

«Համաձայնությունը» խորապես վրդովեց Հայաստանի Հանրապետության ղեկավարներին:

Արտաքին գործերի մինիստրը 1919թ. օգոստոսի 28-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ուղարկած գրությամբ բողոքեց «Ղարաբաղի ազգային 7-րդ ժողովի» և Ադրբեջանի միջև կայացած վերոհիշյալ համաձայնության առթիվ, որով Ղարաբաղը ստիպված էր ժամանակավորապես ճանաչել Ադրբեջանի իշխանությունը, մինչև խաղաղության կոնֆերանսի վերջնական որոշումը:

Այսպես թե այնպես, Ադրբեջանին կարծես հաջողվեց իրագործել իր նպատակը` թեկուզ ժամանակավորապես ենթարկելով Լեռնային Ղարաբաղը իր իշխանությանը: Ղարաբաղից դուրս նույնպես, հայ պետական ու հասարակական շրջաններում, տակավին շարունակվում էին հույսեր փայփայել, որ մի գեղեցիկ օր (և հեռու չէր թվում այդ օրը) Փարիզի հաշտության կոնֆերանսը կպատռի «ժամանակավոր համաձայնությունը» և հայական Ղարաբաղի ճակատագիրը կտնօրինի նրա հայ բնակչության իղձերի համաձայն: Բայց զուր սպասելիքների էին դրանք:

Առհասարակ Անդրկովկասի վերաբերյալ հարցերով Փարիզի կոնֆերանսը երբեք չզբաղվեց: Փարիզում հավաքված իմպերիալիստական անգղներից յուրաքնաչյուրը ամենից առաջ տոգորված էր պարտած թշնամիներից սեփական երկրի օգտին ավելի շատ գջլելու ձգտումներով:

***

Համաձայնությունից հետո մի որոշ ժամանակ կյանքը Ղարաբաղում կանոնավորվեց: Բարելավվեցին ազգամիջյան հարաբերությունները, տնտեսական բոյկոտը վերացվեց, բացվեցին ճանապարհները: Սակայն այդ երկար չտևեց:

Ադրբեջանի կառավարությունը շուտով սկսեց խախտել համաձայնությունը, վերածելով այն մի դատարկ թղթի կտորի:

Համաձայնությամբ Ադրբեջանը պարտավոր էր վերականգնել մուսուլմաններից ավերված հայկական գյուղերը, բայց այդ նպատակով ոչ միայն պետք եղած միջոցները չտրամադրվեցին, այլեւ թույլ չտվեցին նույնիսկ, որ հայ գյուղացիներն իրենք իրենց միջոցներով վերականգնեն ավերված գյուղերը և ապրեն այնտեղ:

Ազգային խորհուրդը պահանջ ներկայացրեց միջոցներ տալ դպրոցների, հիվանդանոցների ու որբանոցների պահպանության համար, բայց այդ ևս մերժվեց Սուլթանովի կողմից:

Ադրբեջանը պարտավորվել էր Շուշում ու Խանքենդում պահել խաղաղ ժամանակվա նորմալ կայազորներ: Սակայն «համաձայնությունից» չանցած մի ամիս` այդ երկու բնակավայրերը վերածվեցին ռազմական ճամբարների, որտեղ կուտակվեցին խոշոր ուժեր Զանգեզուրի վրա արշավելու համար: Իսկ ամբողջ հոկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը Շուշու վրայով և հայկական Ղարաբաղի այլ կետերով անընդհատ, գիշեր ու ցերեկ զորքեր էր շարժում դեպի Զանգեզուրի սահմանները:

Համաձայնության այդ բոլոր խախտումների առթիվ նահանգապետին կից խորհրդի հայ անդամների ու Ղարաբաղի ազգային խորհրդի բողոքները թողնվում էին անհետևանք: Եվ դա բնական էր: Ադրբեջանի համար համաձայնությունն իսկապես մի թղթի կտորից ավելի արժեք չուներ: Նրան միայն հարկավոր էր, որ Զանգեզուրի դեմ արշավելիս իր զորքերի թիկունքը Ղարաբաղի կողմից սպառնալիքի չենթարկվեր:

14. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՁԱԿՎԵԼՈՒ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՎՐԱ. ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ

Մինչև Զանգեզուրի դեմ գործողություններ սկսելը Ադրբեջանը կազմակերպեղ Շարուրի և Նախիջևանի ապստամբությունները:

Այդ վայրերի զինված մուսուլմանները թուրք Խալիլ-բեյի ղեկավարությամբ պիտի հարձակվեին Ղարալագյազի վրա և այնտեղից աշխատեին հարվածել Զանգեզուրի պաշտպանների թիկունքից, երբ սկսվեր ադրբեջանական զորքերի գրոհը Զանգեզուրի դեմ:

1919 թ. օգոստոսի սկզբներին Ադրբեջանի կառավարությանը հաջողվեց Նախիջևանի խաների միջոցով այդ քաղաքի և նրա շրջանի մուսուլմաններին ոտքի հանել հայկական փոքրաթիվ զորամասի դեմ, որը դաշնակից պետությունների ներկայացուցիչների համաձայնությամբ գրավել էր Նախիջևանը դեռևս 1919 թ. մայիսին:

Նախիջևանի անգլիական ներկայացուցիչը, որը իբրև թե Հայաստանի կառավարության շահերի պաշտոնական պաշտպանն էր հանդիսանում, ոչ միայն ոչինչ չարեց կանխելու արյունահեղությունը, այլև ապստամբության պահին բռնեց բացահայտորեն խռովարարների կողմը:

Հայկական զորքերի և ապստամբների միջև տեղի ունեցած մարտերի ժամանակ անգլիական միսիան գտնվում էր քաղաքի մուսուլմանական մասում, Բոյուկ-խանի տան մեջ, ուր տեղավորված էր նաև ... ապստամբների շտաբը:

Կռվի ժամանակ անգլիական միսիայի պետն իր մեքենայով եկավ հայկական ջոկատի շտաբը և պահանջեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները և հանձնել զենքը տեղի թուրքական խուժանի ներկայացուցիչներին:

Այդ լկտի առաջարկությունը ոչ միայն մերժվեց հայկական զինված ուժերի հրամանատար Մամաջանյանի կողմից, այլև վերջինս կտրուկ կերպով պահանջեց անգլիական միսիայի պետից` իսկույն թողնել քաղաքի մուսուլմանական մասը և գնալ քաղաքից դուրս գտնվող զորանոցները, որովհետև որոշված էր ավերել թնդանոթային կրակով Բոյուկ-խանի տունը: Մամաջանյանի այդ պահանջը միսիայի պետը հրաժարվեց կատարել:

Թնդանոթային մի քանի հարվածով ավերվեց Բոյուկ-խանի տունը, ուր սպանվեց նաեւ անգլիական միսիայի աշխատակիցներից մեկը: Դրանից հետո անգլիական միսիայի պետը հեռացավ Նախիջևանից իր ուղեկցորդների հետ և գործ հարուցեց Մամաջանյանի դեմ, մեղադրելով նրան «ապօրինի գործողությունների և միսիային վիրավորելու մեջ»: Հեռացավ նաև Բաշ-Նորաշեն ավանից անգլիական կես վաշտը[3] [4]:

Այնուհետև հայկական զորքը, որ ապստամբների գործողությունների շնորհիվ  կտրված էր Երևանից, ի վերջո ստիպված եղավ թողնել Նախիջևանը և 1919 թ. օգոստոսի կեսերին անցնել Վայոց Ձոր (Դարալագյազ) իր հետ տանելով մեծաթիվ գաղթականություն:

Դրանից հետո Նախիջևանի փաստական տերերը դարձան թուրք-մուսավաթական տարրերը:

Թուրքիայից Նախիջևան անցան բազմաթիվ թուրք սպաներ Ադրբեջանի բանակում ծառայելու համար: Նախիջևանում էին նաև Խալիլ-փաշան և Խալիլ բեյը:

Այդ վիճակը շարունակվեց մինչև 1920 թ. գարունը, երբ կրկին Նախիջևանն իր ամբողջ շրջանով գրավվեց հայկական բանակի կողմից:

***

Բայց չկարծեք, թե միայն անգլիական ընչաքաղց զինվորականներն էին, որ սատարում էին հայության արյունախում թշնամիներին` շարունակելու հոշոտել մեր տարաբախտ ժողովրդի ուժասպառ մարմինը:

Չի կարելի մոռացության տալ նաև Ադրբեջանի բանակում ծառայության մտած և զգալի թիվ կազմող ռուս սպաների հայությանը վնասելու նողկալի արարքները, որոնց նպատակն էր այլևայլ շահատենչ ակնկալություններով ձեռք բերել թյուրք իշխանավորների համակրանքն ու վստահությունը:

Հիշենք դրանցից բարձրաստաիճան մեկի` գեներալ-լեյտենանտ Սուլկևիչին, որն այդ ժամանակներում գրավում էր Ադրբեջանի բանակում գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Տեսեք, թե այդ ռուսական գեներալը ինչ էր առաջարկում Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովին իր 1919 թ. սեպտեմբեր 7, նո. 4007 թվակիր գաղտնի գրությամբ[5]:

«Ղարաբաղի հարցի խաղաղ լուծումը[6] ստիպում է մտածել, որ Զանգեզուրի գավառի միացումը կկատարվի առանց զինված պայքարի, որովհետև նրա (Զանգեզուրի) հայ բնակչությունը Նախիջևանի ջարդից հետո[7] դրված է այժմ երկու կրակի մեջ և հազիվ թե ռիսկ անի մեզ հակահարված տալու, չունենալով իր թիկունքում առաջվա պաշտպանությունը:

Այնուամենայնիվ անդորրության պահպանությունը (հայկական) Ղարաբաղում եղել է և պիտի կազմի մեր մշտական հոգսը (ռուսական) կամավորական բանակի և նրա բնական ու մշտական դաշնակցի-Հայաստանի հետ ընդհարվելիս:

Ներկայիս պայմաններում Հայաստանը մեզ համար վտանգավոր չէ: Բայց այսպիսի բերեհաջող իրադրությունը չի կարող մշտապես շարունակվել, և մենք պիտի պատրաստվենք վատագույնին:

Հայերը Ղարաբաղի մշտական կորուստի հետ հաշտվել չեն կարող և անկասկած պիտի ձգտեն օգտագործել ամեն հնարավորություն կորցրածը ետ բերելու համար:

Այդ ամենը կպահանջի մեզանից զորահավաքի ժամանակ կայազորներ թողնել Խանքենդում, իսկ ապագայում նաև Գորիսում, հայերի վրա հսկողություն ունենալու համար: (ընդգծումները ամեն տեղ մերն են: Հ. Թ.):

Այդպիսով Ղարաբաղը կարող է խլել խիստ զգալի ուժեր մեր փոքրաթիվ կանոնավոր բանակից: Սակայն հնարավորություն կա Ղարաբաղի հսկողության համար որ միայն չթուլացնել դաշտային զորքերը, այլև հենց նրա (Ղարաբաղի) խորքերից առաջ քաշել դեպի ճակատ կենդանի ուժ, թողնելով բավականաչափ կայազորներ Ղարաբաղի գեներալ-նահանգապետության շրջանում, կարգի պահպանության համար:

Եվ հենց այդ նպատակով հարկավոր է միայն օգտագործել այն մարտական նյութը, որ ներկայացնում են քրդերը[8]` կազմակերպելով նրանցից հեծելազոր և հետևակազոր «Համիդիեի» օրինակով, որի կազմակերպման գործնական արժեքը ստուգված է թուրքերի կողմից վերջին պատերազմի փորձով:

Փոքրասիական, պարսկական ու Միջագետքի ռազմաճակատներում տեղի ունեցած կռիվների մեջ քրդական գնդերի («համիդիե») մարտական փառապանծ գործելակերպի մասին են վկայում միաձայն պատերազմի բոլոր մասնակիցները»[9]:

Սուլկևիչը այնուհետև հայտնում է, թե քրդական կադրերից ինչ մասեր է նախատեսվում կազմել և որքան: Դրանցից քանիսը պիտի առանձնացվեն ճակատի համար և քանիսը թողնվեն Ղարաբաղի կայազորում «հայերի վրա հսկողություն ունենալու համար»:

Գրության վերջում Սուլկևիչը խնդրում էր Սուլթանովին հայտնել, թե հեծյալ և հետևակ ինչքան կռվողներ կարող են տալ քրդերը, որպեսզի հնարավոր լիներ արագորեն քրդական մասերի կազմակերպման ձեռնարկել:

Թե ինչ է պատասխանել Սուլթանովը Սուլկևիչին, մեզ անհայտ է:

Գիտենք միայն, որ «Քուրդիստանի»[10] քրդերից հետագայում իսկապես կազմակերպվել է մի հեծյալ դիվիզիոն` ռոտմիստր Սելիմ-բեկ Սուլթանովի (գեներալ-նահանգապետի եղբայրը) հրամանատարությամբ, բաղկացած 600 ռուսներից, 4 թնդանոթով:

Այս դիվիզիոնը մասնակցել է Ղարաբաղի 1920 թ. մարտ-ապրիլյան ապստամբության ժամանակ հայերի դեմ մղված կռիվներին:

Սուլկեւիչի հիշյալ պաշտոնական գրությունից «բուրում է» նրա անձնական խոր ատելությունը դեպի հայն ու Հայաստանը: Ուշագրավ է նույնպես ռուսական գեներալի նվիրվածությունն ու հավատարմությունը Շամխորի ջարդի հեղինակների հանդեպ, մինչ այն աստիճան, որ նա հոգատարությամբ կամենում էր նախապատրաստել ադրբեջանական բանակը այն օրվան, երբ ռուսական «կամավորական բանակը» և նրա «բնական ու մշտական դաշնակից» Հայաստանի հետմ Ադրբեջանն առիթ կունենար ընդհարվելու:

Սուլկևիչը ռուսական այն գեներալներից էր, որ մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կովկասյան ճակատի կռիվներին, լինելով մեկը հայակեր Յուդենիչի մոտիկ զինակիցներից:

Հայտնի է, որ ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանում գեներալ Յուդենիչն իր ճակատամասում կազմակերպում էր անսպասելի սիստեմատիկ նահանջներ, իսպառ ոչնչացման մատնելու համար կոտորածներից մի կերպ փրկված հայ բնակչության մնացորդներն այն վայրերում, որոնց հայ բնակիչները, ռուսական զորքին ապավինելով, հավաքվել և իրենց ավերված օջախներն էին ուզում շենացնել:

Յուդենիչ-Սուլկևիչները հասան իրենց նպատակին:

Ռուսական ռեակցիոն գեներալների կազմակերպած այդ դավաճանական նահանջների հետևանքով դեռևս 1915-1916 թվեերին մի շարք շրջաններ բոլորովին ամայացան հայերից:

Մեր տարաբախտ ժողովրդի վերջին բեկորների մի մասը, ճիշտ է, փրկվեց շնորհիվ հայ կամավորական ջոկատների հերոսական ջանքների, բայց շատերն էլ զոհվեցին քրդական «համիդիե» կոչված հրոսակների ձեռքով, որոնց գործած բազմաթիվ չարագործությունները հայերի դեմ այնքան խոր հիացմունք էին պատճառել սուլկևիչներին ...

15. ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՎՐԱ ԵՎ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Զանգեզուրը անպատրաստ չդիմավորեց ադրբեջանական զորքերի հարձակումներին:

Հայաստանի կառավարությունը վաղուց սկսել էր պատրաստվել պետական իշխանություն հաստատելու Զանգեզուրում:

Միայն 1919 թվի ամռանը, երբ հայտնի դարձավ ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի բուն նպատակը, ժամանակը հասունացած համարվեց արագորեն կազմակերպելու Զանգեզուրի տեղական բնակչությունից զորամասեր, այն է` մեկ հետևակային գունդ և մեկ հեծյալ դիվիզիոն, երկու մարտկոցներով:

Դրա համար Երևանից Զանգեզուր գործուղվեց գնդապետ Ղազարյանը 10-12 սպաների հետ: Դրանց հետ միասին Զանգեզուր մեկնեցին մի քանի մարդ` տեղում քաղաքացիական վարչություն կազմելու համար:

Ղազարյանը բավականաչափ զգալի աշխատանք կատարեց, կազմակերպելով սկզբնական շրջանում տերիտորիալ կոմպլեկտավորման կիսամիլիցիական զորամասեր[11]:

Բացի Երևանից իր հետ տարած սպաներից, Զանգեզուրում գտնված տեղացի և ղարաբաղցի սպաները ևս մեծ աջակցություն ցույց տվեին Ղազարյանին տեղական ուժերը շտապ կազմակերպելու աշխատանքներում:

***

Զանգեզուրը նվաճելու առաջին քայլերին Ադրբեջանը ձեռնարկեց 1919 թ. սեպտեմբերի 20-ին, երբ կանոնավոր բանակի ջոկատները, միացած մուսուլմանական բազմահազար զինված խաժամուժի հետ, Ջեբրայիլի գավառի կողմից, Արաքս գետի հովտով եկան կուտակվեցին Զանգեզուրի մատույցներում և ապա, ուժերը ծավալելով, մեծ գոռում-գոչումով հարձակվեցին Խոզնվար, Բայանդուր և Տեղ գյուղերի վրա:

Հանդիպելով, սակայն, հայերի կազմակերպված խորտակիչ հակահարվածին, մեկօրյա կատաղի կռվից հետո թուրք-ադրբեջանական զինված ուժերը չարաչար պարտություն կրեցին, տալով մարդկային և նյութական խոշոր կորուստներ:

Սպանվածների վրա գտնված փաստաթղթերը ցույց էին տալիս, որ Ադրբեջանը մտադիր էր զենքի ուժով գրավել Զարգեզուրը և միանալ Նախիջևանի և Շարուրի մուսուլմանական ապստամբներին[12]:

Այդ անհաջողությունից հետո Ադրբեջանը սկսեց լրջորեն նախապատրաստվել նոր արշավանքի համար: Նա Շուշում և Խանքենդ ավանում կուտակեց զգալի թվով կանոնավոր զորամսեր, որոնք հետո արագ կերպով տեղափոխվեցին Զաբուղի մոտակա շրջանը:

Այդ զորամասերը բաղկացած էին` 1-ին ջիվանշիրյան գնդից, երկու հեծյալ գնդերից, Զաքաթալայի գնդի երկու համահավաք գումարտակից, երկու լեռնային թնդանոթային դիվիզիոնից, 4 հաուբիցից և մեկ սապյորային վաշտից: Ընդամենը թվով մինչև 6000 հետևակ, 800 սուսեր, 400 հեծյալ քրդեր, 8 թեթև և 4 ծանր թնդանոթներ, անսպառ զինամթերք ու այլ պաշարներ:

Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանը դեռևս չուներ իր բնակչության թվին համապատասխան բանակ, այդքանը պիտի համարել ուժերի այն մաքսիմումը, որ կարող էր դուրս բերել Ադրբեջանը այդ ժամանակ և այն էլ այնպիսի մի փոքր շրջանի հայ բնակչության դեմ, ինչպիսին Զանգեզուրն էր:

Երկրորդ հարձակման համար զորքերի հրամանատար էր նշանակվել 1-ին հետևակային դիվիզիայի պետ գեներալ Շիխլինսկին: Իսկ զորքերի պարենավորման պատասխանատու էր կարգվել Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովը:

Գեներալ Շիխլինսկուն հրահանգվել էր որոշ խնդիր`  միացյալ Ադրբեջանին ոչ միայն Զանգեզուրը, այլև Շարուր-Դարալագյազը Նախիջևանի հետ միասին և ապա միանալ Թուրքիայի հետ:

«Որոշելով ամեն կերպ հպատակեցնել Զանգեզուրը, Ադրբեջանը ձգտում էր միանալ թուրքական զորքերի և համիսլամական ու համաթուրքական շարժման ղեկավարների հետ: Այն ժամանակ, երբ վերջիններս Էրզրումից էին ղեկավարում իրենց գործակալների  միջոցով ամբողջ մուսուլմանական աշխարհը, Ադրբեջանի ղեկավարողն էր անմիջապես Էնվեր փաշան: Ադրբեջանը ձգտում էր միանալ թուրքական զորքերի հետ, որոնք գտնվում էին 1914 թվականի սահմանների վրա:

Այդ միացումը հնարավորություն կտար Ադրբեջանին ուժեղանալ ամենից առաջ թուրք հրամանատարության խոստացած տեխնիկական սպառազինությամբ, որը ազատորեն պիտի ուղարկվեր Ադրբեջան Զանգեզուրի վրայով, իսկ այնուհետև անպայման նաև թուրքական զորքերով:

Ադրբեջանը համառորեն և ճարպկորեն նախապատրաստում էր հասարակական կարծիք մամուլի միջոցով իր զորքերի առաջիկա գործողությունների համար...[13]:

(Շարունակելի)

 


[1] Համագումարն իր 6-րդ նիստում անբավարար էր համարել նախկին Ազգային խորհրդի գործունեությունը և ընտրել էր նոր Ազգային խորհուրդ, բաղկացած 6 անդամից և 2 անձնափոխանորդից: Հատկապես խիստ քննադատության էր ենթարկվել Ազգային խորհրդի նախագահ Ասլան Շահնազարյանը:

[2] «Համաձայնության՞ հայերեն թարգմանությունը տրամադրել է ինձ ընկ. Արշավիր Քամալյանը: Հ. Թ.

[3] ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, թ. 17-18:

[4] Թուրքերը Մուդրոսի զինադադարի պայմանագրով պարպել էին Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, Կաղզվանը և այլն, բայց զորապարպից առաջ տեղական մուսուլմաններից նրանք կազմակերպել էին ներքին կառավարություն «շուրայե-մելիի» անունով, որը չէր ճանաչում հայերի իշխանությունը: Անգլիացիները շատ լավ գիտեին թուրքերի սարքած այդ դավը, բայց ոչ մի միջոց ձեռք չառան: Նրանք այդտեղ էլ վարում էին երկերեսանի քաղաքականություն:

[5] Բերում ենք ռուսերեն պատճենից թարգմանաբար:

[6] Խոսքը վերաբերում է Ղարաբաղի և Ադրբեջանի միջև կայացած օգոստոսյան համաձայնությանը:

[7] «Նախիջևանի ջարդ» է համարում Սուլկևիչը Նախիջևանի մուսուլմանների ապստամբության հաջողությունը Հայաստանի դեմ:

[8] Նկատի ունի Լաչինի և Քելբաջարի շրջանի քրդերը:

[9] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 41:

[10] Ինչո՞ւ Ադրբեջանի «Սովետական Սոցիալիստական Հանրապետության» կառավարությունը 1959 թվին մարդահամարի տվյալներում ցույց չի տվել Լաչինի և Քելբաջարի շրջաններում և ոչ «Քուրդիստան» և ոչ էլ քրդեր, այլ ցույց է տվել միայն թյուրքեր: Մինչդեռ ըստ 1915 թ. «Êàâêàçñêèé êàëåíäàðü»-ի ոչ լրիվ տվյալների` 1914 թվին հիշյալ երկու շրջաններում քուրդ բնակչությունը կազմել է 6803 շունչ: Իսկ Բուկշինի տվյալներով` երկու շրջաններում եղել են 1931 թվին 15 բնակակետեր` 4325 շունչ քուրդ բնակչությամբ (Áóêøèí À., Àçåðáàéäæàíñêèå êóðäû, Azrusì Áàêó, 1923 թ.): Այդ երկու շրջանների քուրդ բնակչության թվի վերաբերյալ գրեթե ճշգրիտ տվյալներ պիտի համարել 1922 թվին Թիֆլիսում հրապարակված «Ñâîä ñòàòèñòè÷åñêèõ äàííûõ î íàñåëåíèè Çàêàâêàçñêîãî êðàÿ»-ի մեջ 1886 թվի վիճակագրական տեղեկությունները, ըստ որոնց Քելբաջարի շրջանում  եղել է 13 բնակկետ 5310 շունչ քուրդ բնակչությամբ, իսկ Լաչինում 39 բնակելի կետեր 13.759 շունչ քուրդ բնակչությամբ: Ուրեմն, պետք է, որ 1959 թվին այդ երկու շրջաններում,  որտեղից քրդերի արտագաղթ երբեք չի եղել, 30 հազարից ավելի քուրդ բնակչություն լիներ, որը սակայն ցույց չի տրված;

Նպատակը պարզ է, եթե նկատի ունենանք նաեւ, որ այդ երկու շրջաններում գործում են բացառապես թյուրքական դպրոցներ, այլ կերպ ասած` գոյություն չունի քրդական եւ ոչ մի դպրոց: Այո, սա բացահայտ ասիմիլատորական քաղաքականություն է, որ սազական է միայն օսմանյան թուրքերին, բայց ոչ երբեք իրենց կոմունիստ հորջորջող Ադրբեջանի ղեկավարներին:

(Վերոհիշյալ տվյալները վերցված են ընկ. Խ. Ավդալբեկյանից):

[11] Տեղեկությունները վերցված են գեներալ Նազարբեկովի «Զինվորական ակնարկներից», (ՀՊՊԿԱ, ֆ. 45, գ. 33, էջ ):

[12] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 71-72:

[13] ՀՊՊԿԱ, ֆ. 200, գ. 691, թ. 384-386 (ընդգծումներն իմն են - Հ. Թ.):

Մեկնաբանություններ (1)

Նվեր
Հայտնի է, որ ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանում գեներալ Յուդենիչն իր ճակատամասում կազմակերպում էր անսպասելի սիստեմատիկ նահանջներ, իսպառ ոչնչացման մատնելու համար կոտորածներից մի կերպ փրկված հայ բնակչության մնացորդներն այն վայրերում, որոնց հայ բնակիչները, ռուսական զորքին ապավինելով, հավաքվել և իրենց ավերված օջախներն էին ուզում շենացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter