
Նախարարը հրաժարվեց թունավորված ջուրը խմելուց, կամ փնտրվում է ստախոս
Այսօր Երևանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցող «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով համաժողովն սկսեց միջադեպով. բնապահպանները «Hands off Armenia», «You mine we die» բովանդակությամբ պաստառներով ներս մտան համաժողովի դահլիճ: Այդտեղ ներկա էին գտնվում Հայաստանում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանները, Կանադայի կառավարության ներկայացուցիչը, իսկ Հայաստանի կառավարությունից էներգետիկայի, էկոնոմիկայի նախարարները, չնայած էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր բնավորության համաձայն՝ շատ շուտ հեռացավ «աղմկոտ» դահլիճից:
Օրակարգով նախատեսվել էր վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը, ով, սակայն, ներկա չէր համաժողովին: Իսկ կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը վարչապետի առաջարկը փոխանցեց բնապահպաններին՝ այսօր գնալ կառավարություն և քննարկում ունենալ վարչապետի հետ: Գաբիրելյանը հավաստիացնում էր, որ վարչապետ Սարգսյանը սպասում է նրանց: Բնապահպան Եղիա Ներսեսյանը «Հետքին» ասաց, որ իրենք չեն ընդունելու վարչապետի առաջարկը: «Չենք ընդունելու այդ առաջարկը, որովհետև ինքը լեգիտիմ իշխանություն չէ»,- ասաց բնապահպանն, ով այնուհետ ավելացրեց, որ Թեղուտի ակտիվ շարժումից մինչ օրս վարչապետն իրենց պարբերաբար առաջարկել է հանդիպել, քննարկում ունենալ, սակայն իրենք միշտ հրաժարվել են՝ այդ հանդիպումը համարելով անիմաստ: «Մենք միշտ մերժում ենք, որովհետև եթե գնում ես վարչախմբի վարչապետի մոտ, որն առհասարակ ընտրված իշխանություն չէ, դու իրեն լեգտիմացնում ես»,- նշեց Եղիան:
Իսկ մինչ էկոնոմիկայի նախարարն իր ելույթն էր ունենում, դահլիճի մուտքի մոտ բնապահպաններ Աննա Շահնազարյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը վեճի բռնվեցին: Բնապահպանը հարցնում էր նախարարին, թե որտեղ է «Ջերմուկ» ազգային պարկի պլանը, որը 2008 թ. արդեն կար: «Ես ստեղծել եմ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրը»,- պատասխանեց Ա. Հարությունյանը: «Շատ վատ եք արել, որ կրճատել եք ազգային պարկի գաղափարը, հանել եք Ամուլսարը և անունը դրել եք ջրաբանական արգելավայր»,- հակադարձեց բնապահպանը՝ նախարարին ասելով, որ ինքը կարող է ապացուցել, որ իրենք արգելավայրի նախագծից հանել են Ամուլսարի տարածքը: Այդ մասին, ըստ Աննայի, ամրագրված է նաև կենսաբազմազանության միջազգային կոմիետի փաստաթղթերում:
«Դուք սուտ եք ասում, Դուք գրել եք տարիներ շարունակ, որ «Ջերմուկի» ազգային պարկ պետք է ստեղծեք, իսկ Ամուլսարը պետք է լիներ հենց ազգային պարկի տարածքում»,- ասաց բնապահպանը, ում խոսքերին կրկին արձանգքեց Ա. Հարությունյանը՝ նշելով. «Սուտը Դուք եք ասում, ստախոսը Դուք եք»: Նա փորձում էր լրագրողներին հավաստիացնել, թե բնապահպանի խոսքերից որևէ մեկը չի համապատասխանում իրականությանը, իսկ բնապահպանն էլ նշեց, որ ինքը մամլո հաղորդագրություն կարող է ուղարկել լրատվամիջոցներին, որտեղ կմեջբերի պաշտոնական փաստաթղթերում Ա. Հարությունյանի խոսքերը:
Ի դեպ, համաժողովի սկզբում Աննան թունավորված ջուր էր առաջարկել բնապահպանության նախարարին: Ջուրը Սյունիքի մարզի Գեղի գետից էր, որը թունավորել էին պոչամբարի թունավոր նյութերով: Նախարարը հրաժարվեց ջուրը խմել:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել