HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատական օրենսգիրքն ազատում է դատավորի ձեռքերը. կաշառք վերցրու ինչքան կարող ես»

ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Ռուզաննա Տեր-Վարդանյանը դատաիրավական համակարգի խնդիրների ակունքը համարում է Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը, որը սահմանում է. «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Փաստաբանն այս տարիներին մոտ 20 դատավորների հանդեպ միջնորդել է քրեական պատասխանատվություն կիրառել, սակայն ապարդյուն: «Հետքի» զրույցը փաստաբանի հետ այդ հոդվածի ու դրա հետևանքների մասին է: 

-Տիկին Տեր-Վարդանյան, ինչպե՞ս եք մեկնաբանում Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը: Ի՞նչ վտանգ կա: 

-Եկեք միասին կարդանք հոդվածի կետը ու դուք կհամոզվեք, որ այն թույլ է տալիս դատավորին կաշառք վերցնել: Չէ՞ որ 6-րդ կետում գրված է հետևյալը. «Դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ»: Ի՞նչ է նշանակում շահադիտական կամ այլ անձնական դրդում: Նշանակում է նաև կաշառք վերցնել, ու եթե վերադաս դատական ատյանները չեն բեկանում դատական ակտը, դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Այսինքն՝ դատավորները հանգիստ կարող են բոլոր ատյաններում կաշառք վերցնել, ակտը չբեկանել ու չենթարկվել քրեական պատասխանատվության: Այս հոդվածը ոչ այլ ինչ է, քան իրավունքի չարաշահման աղբյուր: 

-Փաստորեն, համամի՞տ եք ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջին զեկույցին, որտեղ նշված են դատավորներին տրվող կաշառքի սակագները: 

-Համամի՛տ եմ, օրենքի այս հոդվածը դատավորին տալիս է կաշառք վերցնելու ու քրեական պատասխանատվություն չկրելու հնարավորություն: 

-Անկախ Հայաստանում անցած 23 տարիներին որևէ դատավոր ենթարկվե՞լ է քրեական պատասխանատվության: 

-Ո՛չ, չկա նման նախադեպ: Փաստաբանների մեջ առաջատարը, թերևս, ես եմ, որ հաշիվն էլ եմ կորցրել, թե քանի դատավորի քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով մտել եմ դատարան: Սկսած առաջին ատյանի դատարանների դատավորներից՝ մինչև Վճռաբեկի ողջ կազմը՝ Դավիթ Ավետիսյանի գլխավորությամբ: Սակայն, իրենք կախվում են այս կետից: Իրենք իրենց համար օրենք են ստեղծել կաշառք վերցնելու համար: Ուրիշ ոչինչ:

Մեր դատական օրենսգիրքն ազատում է դատավորի ձեռքերը՝ ասելով՝ կաշառք վերցրու ինչքան կարող ես, ումից կարող ես, քանի որ դու անպատիժ ես մնալու: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու բողոքներով անցել եմ դատական բոլոր ատյաններով: Հասել եմ Վճռաբեկ դատարան: Հիմա գործը հասցրել եմ ՄԻԵԴ՝ կոնվենցիայի 17-րդ հոդվածի խախտման հատկանիշներով՝ իրավունքների չարաշահման արգելում: Ամբողջ աշխարհի մասշտաբով չգտանք նախադեպ, երբ 17-րդ հոդվածի խախտում լիներ: Կարծում եմ՝ Հայաստանը այս առումով կճանաչվի բացառիկ: 

 -Գիտեմ, որ այդ հոդվածի 6-րդ կետի սահմանադրականության հարցը վիճարկել եք նաև ՍԴ-ում: 

-Այո՛, 2008թ. մի խումբ քաղաքացիների շահեր ներկայացնելով՝ վիճարկել ենք այդ հոդվածի սահմանադրականության հարցը: 43 թերթի վրա հիմնավորել էի, որ այդ կետը հակասում է ՄԻ սահմանադրական ցանկացած իրավունքի: Ցույց էի տվել, որ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը սասանում է պետության ու արդարադատության հիմքերը, աշխատում է միայն կոռուպցիայի ծաղկման օգտին:

Երբ ՍԴ-ում ցանկանում էի դիմումս ներկայացնել, Գագիկ Հարությունյանն ինձ կոպիտ ընդհատում էր՝ ասելով, որ ժամանակ չկա այդքանը լսել: Մի 30 րոպե հետո արդեն պայթում էի: Մի խոսքով, կիսատ-պռատ լսելով դիմումս՝ ՍԴ-ն կայացրեց որոշում, որով հաստատեց, որ Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը չի հակասում Սահմանադրության և ոչ մի հոդվածի: Այսինքն՝ հենց ՍԴ-ն ազատեց դատավորների ձեռքերը` կարծես ասելով՝ դատարաննե՛ր, ինչքան ուզում եք ակնհայտ անարդար դատավճիռներ կայացրեք, ինչքան ուզում եք կաշառք վերցրեք, միևնույնն է, դուք քրեական պատասխանատվության չեք ենթարկվի: Ստացվում է, որ այս կետին հենվելով՝ դատավորները կարող են, օրինակ, անմեղ մարդուն դատապարտել անգամ ցմահ ազատազրկման՝ կաշառք վերցնելով, կամ մարդու ձեռքից անարդարացի խլել սեփական բնակարանը, բայց մնալ անպատիժ: 

-Բայց ՍԴ-ի հիմնավորումների մեջ կարմիր թելի պես անցնում է դատավորի անձեռնմխելիության հարցը: 

-Ո՞ւմից կամ ինչի՞ց անձեռնմխելի…օրենքի՞ց: Դատավորներն այս հոդվածով հայտնվում են օրենքից վեր վիճակում: Այո՛, դատավորը պիտի անձեռնմխելի լինի որոշակի հանգամանքներում, բայց ոչ՝ օրենքներից: Սա իրավունքի չարաշահման տիպիկ օրինակ է: 

-ՔՕ-ով, սակայն, նախատեսված է դատավորի քրեական պատասխանատվություն նույն հանցանքի համար: Հակասություն չկա՞ այստեղ: 

-Այո՛, քրեական օրենսգրքի 352 հոդվածով ակնհայտ անարդար դատական ակտ կայացրած դատավորի համար սահմանված է քրեական պատասխանատվություն: Այս երկու օրենքները հակասության մեջ են միմյանց հետ: Սակայն իրավական ակտերի մասին օրենքի 24 հոդվածի 7-դ կետով հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:    

-Այսինքն՝ Ձեր կարծիքով, խնդիրը օրենքն է: 

-Միանշանա՛կ… 

-Հաճախ լսում եմ՝ օրենքները լավն են, ուղղակի մնում են թղթի վրա: 

-Մի՞թե Դատական օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ կետը լավն է կամ արդարացի: 

-Բայց կան նաև մարդասիրական, արդարամիտ օրենքներ, որոնք ընտրովի են կիրառում: 

-Օրենսդրությունը ծառի բունն է: Եթե այն սղոցում ենք այս օրենքով, ինչքան ուզում է մյուս ճյուղերի վրա լավ միրգ լինի, ծառը կընկնի: Եթե հիանալի օրենսդրություն ունենանք, այս մի հոդվածը ծառի բունը սղոցում է, ծառն ընկնում է, ու վրայի գեղեցիկ մրգերն այլևս բանի պետք չեն:   

Մեկնաբանություններ (2)

հարցի էությունը
Դատավորի աշխատանքը նույնպես պետք է գնահատվի՝ ինչպես ցանկացած այլ մասնագիտական գործնեություն: Բնական է որ գնահատողը պիտի լինի հենց պատվիրատուն ու նրա աշխատանքը վարձատրողը՝ ԺՈՂՈՎՈւՐԴԸ: Սակայն դատարանի միահեծան տերն է դարձել նույն իշխանագողը (ամեն ինչի հետ միասին) եւ գործածում է այն որպես սեփական մահակ: Ահա եւ հարցի պարզագույն էությունը:
NY
Доктор юридических наук,закончивший нархоз - а Вы ему 43 стр.обоснования .......... Дело в том, что, он все равно бы прочитал его как обыватель, тогда как правовед, знает правовую направленость , смысловую нагрузку,последовательность фраз, терминов, точек и запятых. Затем и прервал Вас, в грубой форме, чтобы не запариваться. Ахпертанки hаце хо чер ктрелу бераннериц:))))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter