
Գեներալ Մանվել Գրիգորյանի վագրը և շվեյցարացի լրագրողի ճղված տաբատը
Աժ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի Էջմիածնի տան հսկողությունը, բացի անվտանգության աշխատակիցներից, իրականացնում է նաև մի վագր: Մեր այցելության ժամանակ կենդանին կապված էր գեներալի տան դարպասի մոտ` ճաղավանդակներից ներս: Էջմիածինցիներն ասում են, որ գեներալը ոչ թե մեկ, այլ մի քանի վագր է պահում, որոնց հետ ժամանակ առ ժամանակ զբոսնում է քաղաքի փողոցներով:
Բացի դրանից, գեներալի վագրերը ազատորեն, առանց շղթաների թափառում են Էջմիածնի փողոցներում: Դեռևս անցյալ տարվա նոյեմբերին նրանց նկատել են նաև Go Green Armenia կազմակերպության ներկայացուցիչները և այդ մասին գրել իրենց ֆեյսբուքյան էջում: Այդ ժամանակ, իհարկե, վագրերը փոքր էին: Այժմ տան մոտ կապված վագրը 7 ամսական է, և կերակրողն ու գեներալի անվտանգության աշխատակիցները հազիվ էին զսպում նրան:
Գեներալ Մանվելի վագրի ատամները հանված են: Չնայած դրան, երբ շվեյցարացի լրագրողի հետ այցելել էինք գեներալի տուն, վագրը թաթի նուրբ շարժումով հասցրեց պատռել լրագրողի տաբատը, օպերատորի բախտը մի փոքր բերեց. նրա տաբատն ավելի դիմացկուն էր:
Շվեյցարացի լրագրող Կարլ Ամանը (Karl Ammann), երբ անցյալ շաբաթ ժամանել էր Հայաստան Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին հետաքննական ֆիլմ նկարահանելու, հանդիպել էր նաև կենդանիների վաճառքով զբաղվող Արթուր Խաչատրյանին, ով խոստովանել էր, որ 5 վագր ունի, սակայն ցույց չէր տվել կենդանիներին: Ամենայն հավանականությամբ, գեներալը վագրերը ձեռք է բերել հենց նրանից: Արթուր Խաչատրյանի նկատմամբ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն մաքսանենգության հոդվածով քրեական գործ է հարուցել բոնոբո կապիկների ներկրման փաստով: Այժմ նախաքննություն է ընթանում:
Գեներալի Էջմիածնի տանը վագրերից միայն մեկն էր, ըստ անվտանգության աշխատակիցների` մյուսները «ուրիշ տեղ են»:
Վագրը կատվազգի ցամաքային խոշորագույն գիշատիչներից է: Համարվում է վտանգված տեսակ և գրանցված է Կարմիր գրքում: Մեղմ ասած` չի խրախուսվում տնային պայմաններում պահել նրանց, քանի որ չափազանց վտանգավոր են: Նրանք նաև մարդակեր են: Հիշեցնենք, որ 2010-ին Հրազդանի կենդանաբանական այգում դժբախտ պատահար էր տեղի ունեցել, երբ առյուծը խժռել էր իրեն կերակրողին:
Մանվել Գրիգորյանի հետ հանդիպել չկարողացանք, որպեսզի ճշտեինք, թե ինչ փաստաթղթեր ունի վագրի համար, ինչպես է այն ձեռք բերել, որ երկրից է ներկրված: Ըստ անվտանգության աշխատակցի` նա տանը չէր:
Այս կենդանիներին անհրաժեշտ է պահպանման համապատասխան միջավայր: Օրինակ` ԱՄՆ 19 նահանգում արգելված է վագրը պահել տնային պայմաններում: 15 նահանգ էլ հատուկ արտոնագիր է պահանջում: Հայաստանում սա որևէ կերպ չի կանոնակարգվում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում:
Լուսանկարները՝ Klaus Sparwasser-ի
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել