HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«14 տարեկան է աղջիկս, ոչ մի անգամ չեմ ուրախացրել նրան»,- ասում է մայրը (տեսանյութ)

Գայանեն սև պատռված զուգագուլպաներով, վարդագույն գուլպաներով ու հնամաշ հողաթափերով արագ-արագ քայլում է գյուղի փողոցով՝ հետևից քարշ տալով մատղաշ ծառերի ճյուղերը: Նրա կողքից քայլում է դպրոցահասակ աղջիկը: Բագրատաշեն այցի ժամանակ տեղացիներն ասել էին՝ Գայանեին հանդիպես, քեզ գյուղի բոլոր խնդրների մասին կպատմի:

Նախքան Գայանեին հանդիպելը տեսել էի այն շինությունը, որտեղ նա ապրում է աղջկա հետ: Հին, կիսավեր կառույց է, որի սենյակներից մի քանիսի հատակը և պատուհանները չկան: Դրանցից փոքր-ինչ բարվոք սենյակում էլ մոտ մեկ տարի առաջ հաստատվել է Գայանեն` աղջկա հետ: Գայանեի համագյուղացիներն ասել էին, որ եթե տանը չէ, ուրեմն ինչ-որ մեկի տանն աշխատելու համար կանչել են:

«Ամբողջ օրը սրա-նրա տանն աշխատում ա, մարդը՝ հիվանդ, մի աղջիկ ունի, տղաները չեն օգնում, խեղճին նպաստ էլ չեն տալիս», - ասել էին բագրատաշենցները:

Մեր զրույցի ժամանակ Գայանեն ամուսնու մասին շատ չխոսեց: Միայն ասաց, որ խուլուհամր է, իրենց հետ չի ապրում, այժմ էլ Վանաձորում է, և անիմաստ է նրանից օգնություն ակնկալել:

«Իրա համար մեկ ա, ինքը որ աշխատում ա կամ թոշակ ա ստանում, մեզ չի օգնում: Փողերը հավաքում, խմում ա: Մենակ խմած վախտ ա գալիս, չենք ուզում», - ասում է Գայանեն:

Երբ հարցրեցի տղաների մասին, նա չցանկացավ խոսել: Բայց այդ պահին աղջիկը` Մարիամը, միջամտեց խոսակցությանն ու ժպիտով պատմեց, որ եղբայրներից մեկը Երևանում է, ամուսնացած է և մեկ աղջիկ ունի, մյուսն էլ Ռուսաստանում է:

53-ամյա Գայանե Սիմոնյանը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ է տեղափոխվել մոտ 14 տարի առաջ, երբ աղջիկը՝ Մարիամ Մարտիրոսյանը, փոքր էր: Այն ժամանակ դեռ ակտիվ գործում էր Բագրատաշեն-Սադախլո սահմանային շուկան, և գումար աշխատելը ավելի հեշտ էր: Տեղափոխման օրվանից ի վեր տարբեր տներում կամ ծանոթների մոտ են ապրել:   

Գայանեն մշտական աշխատանք չունի: Եթե գյուղում ինչ-որ մեկին տնտեսության կամ կենցաղային հարցերով օգնություն է պետք լինում, դիմում են Գայանեին, ով օրավճարով տարաբնույթ աշխատանքներ է կատարում:

«Հողագործությամբ եմ զբաղվում, քաղհան եմ անում, հողի գործ եմ անում, ուրիշի համար բուրդ եմ լվանում, պղինձ եմ մաքրում: Մեկը փող ա տալիս, մեկը չէ, մեկն ուտելիք ա տալիս, մեկը հագած շոր ա տալիս: Բայց ուժս չի պատում, որ գեղեցիկ ձևով էրեխին ուրախացնեմ»,- ասում է Գայանեն:  

Նա ցույց է տալիս իր ու աղջկա աղքատիկ հագուստն ու ասում, որ անգամ իրենց շորերը ուրիշներն են տվել: Աղջիկը ծնվել է հունվարի 1-ին, սակայն ոչ մի տարի հնարավորություն չի ունենում նրա ծնունդն ու Նոր տարին նշել: Նա էլ կցանկանար իր աղջկա համար որևէ իր գնել, նա էլ իր հասակակիցների նման կարողանար օգտվել հեռախոսից կամ համակարգչից, նրան ուղարկել պարապունքների կամ խմբակների, բայց հազիվ հացի գումարն է կարողանում վաստակել: Այդ ժամանակ նա ցույց է տալիս գրպանի մի քանի մետղադրամներն ու ասում, որ նման «կոպեկներով են յոլա գնում», օրեր են լինում, երբ սոված են մնում:

«Կյանքում մի հատ չենք ուրախացել: Ինչո՞վ ուրախանամ, ինչո՞վ ենք տարբերվում ուրիշից: Ուրիշն էլ է ուրախանո՞ւմ, ես է՞լ: 14 տարեկան է աղջիկս, ոչ մի անգամ չեմ ուրախացրել նրան»,- ասում է Գայանեն:

Վերջինս չի թաքցնում, որ կան մարդիկ, ովքեր իրենց հնարավորության սահմաններում օգնում են, բայց ինքը կցանկանար մշտական աշխատանք ունենալ, որպեսզի աղջիկն ապահովված լիներ: Գայանեն հավատում է, որ հազարավոր մեծահարուստներից մեկը եթե իմանար իրենց կարիքի մասին, անպայման օգնության ձեռք կմեկներ: Բայց նա մայրաքաղաքից հեռու է ապրում, նման մարդկանց հասցեներն էլ չունի:

«Որ մեկն ունենում է, չի մտածում՝ մյուսն էլ ունենա, մյուսի գործին խփում է: Էստեղ էլ մենակ բանվորությունն է, իշությունը, այսինքն՝ ծանր աշխատանքը,- ասում է Գայանեն:- Եթե ուզում ես հաց ուտես, պետք է գնաս դաշտեր: Դաշտի գործն էլ ծանր է, պիտի դիամանաս, հարմարվես դաժանությանը, ծակոցին, թոզին, թունավոր օձեր էլ կան»:  

Գայանեն գիտի, որ պետությունը սոցիալապես անապահով մարդկանց պարբերաբար օգնություն է հատկացնում, սակայն չգիտի, թե այդ միջոցներն ինչպես են բաշխվում, որ իրեն ու իր նմաններին ոչինչ չի հասնում:

«Եթե հնարավոր է, գոնե նպաստը վերականգնեն, թե չէ տարբեր պատճաներ են բռնում, չեն տալիս: Ես չեմ կարա ուրիշի նման մարմնավաճառությամբ զբաղվեմ, ինձ ստրկավաճառության տամ, որ էրեխա պահեմ», - ասում է Գայանեն:

Գայանեն դեռ երկար էր խոսում իրենց դժվար կյանքի մասին, պատմում տարբեր պատմություններ, բայց ամեն անգամ ավարտելով հերթականը, ասում է, որ այդ ամենը կարևոր չէ, միայն թե իր աղջկա կյանքը փոխվի,  ու նա ապրի իր հասակակիցների նման:  

Մեկնաբանություններ (7)

TEREZA
TVEQ TVYALNER@, XNDRUM EM. KOGNENQ INCHOV KAROGH ENQ!!
Сона
Я живу в Москве. Очень хотелось бы плмлчь этой женщине. У нас тут многие хотели бы поучаствовать в свдьбе ее и мы можем немало вещей собрать для них. Как бы это все передать и как Это все дойдет до нее
Сона
Очень хотели бы им помочь! Подскажите как можно это сделать?
Andranik
Hargeli hotvacagir. Greq kam Gayanei kam Dzer kordinatnery. Inchpes tesnum eq qan ognutyan dzerq meknel cankacox mardik. Hamozvac em boloris janqeri shnorhiv hnaravor klini ognel Dzer hodvaci herosnerin.
Andranik
Hargeli hodvacagir toxeq Gayanei kam Dzer koordinatnery. Inchpes tesnum eq kan ognutyan dzerq meknel cankacox hayrenakicner. Hamozvac em boloris janqerov hnaravor klini ognel Dzer hodvaci herosnerin.
Մերի Մամյան
Հարգելի ընթերցողներ, Գայանեին ր Մարիամին օգնելու համար կարող եք գրել ինձ [email protected] էլ. հասցեին կամ զանգահարել Հետքի խմբագրություն 56-33-63 հեռախոսահամարով: Շատ շնորհակալ եմ:
Sofia
Շատ կխնդրեի, որ եթե որևէ նախաձեռնություն սկսվի օգնելու համար,տեղյակ պահեք: Շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter