
Վարդան Պետրոսյան. «Վերջապես բռնվել էր համաշխարհային հանցագործը»
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը կշարունակի քննել Վարդան Պետրոսյանի գործը: Նա մերժեց պաշտպանական կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությունը՝ չհրապարակելով, սակայն, որոշման պատճառաբանական մասը:
Փաստաբան Բաղդասարյանը դրանից հետո ևս երեք միջնորդություն ներկայացրեց, որոնցից երկուսին դատարանը կանդրադառնա հետագայում, իսկ վերջին միջնորդությունը՝ դատարան հրավիրելու դատակոչի ցուցակից դուրս մնացած երեք վկաների, դատարանը բավարարեց: Այս միջնորդությանը չառարկեցին նաև տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ու մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը:
Առաջին միջնորդությունը վերաբերում էր Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալ, այնուհետև՝ որպես մեղադրյալ հարցաքննելու արձանագրություններն անթույլատրելի ապացույց ճանաչելուն : «Դրանք ձեռք են բերվել քննչական գործողության խախտումներով, ուստի չեն կարող թույլատրելի ապացույց լինել: Բանն այն է, որ քննիչ Հայկարամ Հակոբյանը նույնիսկ թույլ չի տվել ինձ դիտողություն գրել արձանագրություններից մեկի վրա, գրիչ խլել է իմ ձեռքից: Այդ արձանագրությունները նաև ստորագրված չեն: Յուրաքանչյուր էջի վրա բացակայում է Վարդան Պետրոսյանի ստորագրությունը: Իսկ իմ պաշտպանյալին առանց իմ ներկայության է մեղադրանք առաջադրվել: Ես 16 տարվա փաստաբանական գործունեության փորձ ունեմ, սակայն երբևէ չեմ տեսել նման դեպք, երբ անձին մեղադրանք առաջադրվի առանց փաստաբանի ներկայության: Դատախազությունն էլ այս հանգամանքը օրինական է համարել»,-իր միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Բաղդասարյանը:
Վարդան Պետրոսյանը, կարծիք հայտնելով իր պաշտպանի միջնորդության շուրջ, ասաց. «Չնայած քննիչ Հայկարամ Հակոբյանը փայլուն գիտեր իմ գտնվելու վայրը, բայց գնացել էր այլ տեղերում ինձ փնտրելու: Իսկ ահա ինձ ձերբակալող խումբը լավ գիտեր իմ գտնվելու վայրը և եկել են ինձ ձերբակալելու: Վերջապես բռնվել էր համաշխարհային հանցագործը…հետո ինձ տարան Սթրես կենտրոն, որտեղ մինչև նոյեմբերի 11-ը բժիշկը արգելել էր որևէ գործողություն՝ ելնելով իմ առողջական վիճակից, սակայն ամսի 8-ին քննիչը դարձյալ եկավ ու փորձում էր հարցաքննություն անցկացնել, իսկ երբ փաստաբանս փորձեց գրիչով իր դիտողությունները շարադրել, քննիչն ուղղակի փախավ սենյակից…ես չեմ ցանկացել փաստաբան ներգրավել այս գործով: Պաշտպան ունեցա, երբ իմացա, որ իմ դեմ ցուցմունքներ են տվել՝ ասելով՝ միայն ես եմ մեղավոր: Այս դեպքը ընդունել ու ընդունում եմ որպես դժբախտ պատահար և ոչ դիտավորություն»:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողի փաստաբան Ռուբեն Բալոյանը կարծիք հայտնեցին, որ հիշյալ միջնորդությունը պետք է քննարկվի քիչ ավելի ուշ:
![]() |
Դատախազ Արթուր Սարգսյան |
Փաստաբան Բաղդասարյանի երկրորդ միջնորդությունը վերաբերում էր գյուղնախարարության ներկայացրած քաղաքացիական հայցին, որի հետևանքով Վարդան Պետրոսյանի ողջ գույքը գտնվում է արգելանքի տակ: Բանն այն է, որ «Նիվա» մակնիշի մեքենան, որի ղեկին Արթուր Հակոբյանն է եղել, պատկանել է գյուղնախարարությանը: Նախարարությունը 2 մլն 400.000 դրամի քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Վարդան Պետրոսյանի՝ որպես վնասի հատուցում: Այնինչ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը, ըստ պայմանագրի, պետք է վնասը փոխհատուցի 1 մլն 800.000 դրամի չափով: Այդ գումարի չափով էլ փաստաբանը միջնորդեց պատասխանող հրավիրել նաև «Ռեսո» ընկերությանը, ինչը կօգնի Վարդան Պետրոսյանի գույքը արգելանքից դուրս բերելու համար դիմել դատարան: Սակայն տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը կարծիք հայտնեց, որ այդպիսով կաշկանդվում է հայցվորի իրավունքը: Այս միջնորդությանը դատարանը կանդրադառնա ավելի ուշ:
Դատավորը այս նիստի ժամանակ սանկցիա կիրառեց տուժող Արթուր Հակոբյանի ու նրա ազգականներից մեկի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից դատական նիստը խանգարելու համար:
Դատական նիստը կշարունակվի ապրիլի 18-ին:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել