
Ադրբեջանը բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ»-ում
Ադրբեջանի կառավարությունը, ի դեմս Ադրբեջանի պետական նավթային ֆոնդի, շուրջ 3 % բաժնեմաս ունի «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ում: Իսկ «ՎՏԲ բանկ» ԲԲԸ-ն Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան» բանկի 100-տոկոսանոց բաժնետերն է:
«ՎՏԲ-Հայաստան» բանկը ստեղծվել է «Հայխնայբանկի» հիման վրա, երբ 2004թ. մարտին ռուսական պետական «Վնեշտորգբանկ» ԲԲԸ-ն (ՎՏԲ-ն` նախկինում) ձեռք բերեց «Հայխնայբանկ» ՓԲԸ բաժնետոմսերի զգալի մասը (70% + 1 բաժնետոմս): 2006թ. ռեբրենդինգից հետո բանկը վերանվանվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի: 2007թ. «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ն ձեռք բերեց հայաստանյան բանկի բաժնետոմսերի մնացած մասը (30% հանած մեկ բաժնետոմս) և դարձավ միանձնյա բաժնետերը:
Իսկ ովքեր են «ՎՏԲ Բանկ ԲԲԸ»-ի մնացյալ բաժնետերերը: Համաձայն կայքում հրապարակված բաժնետերերի ցուցակի (այս տարվա մարտի 31-ի դրությամբ)` խոշոր բաժնետերը Ռուսաստանի Դաշնության կառավարությունն է` 61 %, երկրորդ տեղում Նորվեգիայի կենտրոնական բանկն է` Norges Bank` 4.3 %, իսկ երրորդ տեղում` Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը` շուրջ 2.9 %:
Ադրբեջանի պետական նավթային ֆոնդը ստեղծվել է նախագահ Հեյդար Ալիևի որոշմամբ 1999թ.: Ֆոնդի տարադրամային պահուստները գերազանցում են 30 միլիարդ ԱՄՆ դոլարը:
Հիշեցնենք, որ «ՎՏԲ բանկը» վարկ է տրամադրել Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին: Եվ որպես 2011թ. կնքված ֆինանսավորման պայմանագրի մաս, «Թեղուտ» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը փոխանցվել է Կիպրոսում գրանցված Teghout Investment Limited ընկերությանը, որի 50.05 % բաժնետերը «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ինն է, իսկ մնացյալ 49.95 %-ը պատկանում է «ՎՏԲ» խմբին: Այս մասին ամրագրված է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի 2011 և 2012 (սա հրապարակված վերջին հաշվետվությունն է) համախմբված ֆինանսական հաշվետվության մեջ: Հետևաբար, «ՎՏԲ բանկ»-ի միջոցով Արդբեջանը ֆինանսավորում է Թեղուտի հանքարդյունաբերության ծրագիրը:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել