HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Նիվան» հետընթացով դուրս է եկել բանուկ մաս, և ես, ցավոք, չեմ կարողացել մանևրել

Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին այս անգամ չէին ներկայացել տուժողները: Նրանք գրությամբ դիմել էին դատարանին, որպեսզի իրենց բացակայությունը հարգելի համարվի, իսկ չներկայանալու պատճառ նշել էին այն, որ պաշտպանական կողմը շարունակելու է միջնորդություններ ներկայացնել, և բուն դատաքննությունը չի սկսվելու: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որը վերաբերում էր պաշտպանական կողմի արած միջնորդություններին: Մասնավորապես՝ նախորդ նիստի ժամանակ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արած միջնորդություններին, որտեղ, ըստ Ռուբեն Բալոյանի, չհետազոտված ապացույցներից հատվածներ էին հրապարակվում, ինչն անթույլատրելի է:

Այսօրվանից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի գործով ավարտվեց նախապատրաստական փուլը, սկսվեց բուն դատաքննությունը: Մինչ դատաքննության սկսվելը՝ փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացրեց մի շարք միջնորդություններ: Դրանք առավելապես վերաբերում էին պետական մարմիններին իր կատարված հարցումներն ու դրանց պատասխանները գործի նյութերին կցելուն: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը չառարկեց, որ ներկայացված նյութերը կցվեն քրեական գործին՝ նշելով, որ դրանց բովանդակային կողմին կանդրադառնա հաջորդ նիստին: Չառարկեց նաև մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը: Դատարանը Նիկոլայ Բաղդասարյանի ներկայացրած նյութերը, նաև Գագիկ Շամշյանի տրամադրած 4 լուսանկարները (որտեղ երևում են BMW մեքենայի անվադողերի հետքերը, որոնք ցույց են տալիս՝ վթարը կողնակում չի եղել), կցեց գործին:

Մասնավորապես՝ Նիկոլայ Բաղդասարյանը հարցում էր կատարել Կոտայքի մարզպետին՝ արդյո՞ք դեպքի վայրը՝ Երևան-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածը բնակավայր է համարվում, թե բնակավայրից դուրս է: Քանի որ բնակավայրում, ըստ Կառավարության հաստատած ՃԵԿ-ի, թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ-ն է, իսկ բնակավայրից դուրս՝ 90 կմ/ժ: Ստացված պատասխանի համաձայն, նշված հատվածը, որտեղ և տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի ավտովթարը, բնակավայրի հողերից դուրս տարածք է: Բանն այն է, որ Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքում նշված է, որ նա երթևեկել է առնվազն 71 կմ/ժ արագությամբ, ինչը բնակավայրի համար գերազանցող արագություն է: Վարդան Պետրոսյանն էլ նշեց, որ մշտապես երթևեկել է այդ ճանապարհով և իմացել է, որ դա խճուղի է, որ բնակավայր չէ: Փաստաբանը նաև հարցում էր արել Եղվարդի քաղաքապետին՝ պարզելու, թե որտեղ է վերջանում Եղվարդ քաղաքը, քանի որ չկա ցուցանակ: Ստացված պատասխանի համաձայն` բնակավայրը վերջանում է վթարի վայրից 1 կմ առաջ:

Այնուհետև փաստաբան Բաղդասարյանը ներկայացրեց VivaCell ընկերությանը, նաև Եղվարդի քաղաքապետին ուղղված հարցումներն ու դրանց պատասխանները, քանի որ Վարդան Պետրոսյանի մեղադրանքում կա դիտարկում նրա կողմից ղեկին բջջայինով խոսելու մասին: Ըստ պատասխանների` դեպքի օրը Վարդան Պետրոսյանի կողմից 10:10 րոպեին կատարած զանգը սպասարկել է վթարից 4.4 կմ հեռու գտնվող ալեհավաքը: Սակայն, ըստ պարոն Բալոյանի առարկության, հնարավոր է` մյուս 3 ալեհավաքները գերբեռնված լինելու պատճառով հենց 4 կմ հեռավորության վրա գտնվող ալեհավաքն է սպասարկել զանգը:

«Նման դեպքերում անմիջապես հարցում են ուղարկում հեռախոսային օպերատորներին՝ ստանալու հեռախոսային խոսակցությունների վերծանումները, սակայն այս գործով, որտեղ վիճարկվում է այս փաստը, նման գործողություն նախաքննական մարմինը չի արել»,- ասաց Վարդան Պետրոսյանի փաստաբանը:

«Այո՛, ես խոսել եմ, բայց դա եղել է վթարից առաջ»,- ասաց Վարդան Պետրոսյանը:  

Պաշտպան Բաղդասարյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել ու կարճել գործը՝ վկայակոչելով վերը բերված հիմքերը, իր հարցումների պատասխանները, նաև` այլ հիմքեր: Տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ու մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը առարկեցին. «Տպավորություն է, թե ոչ մի վթար էլ չի եղել, մենք էլ մարդ ենք դատում: Հիմա ժամանակը չէ անդրադառնալ այդ միջնորդությանը, քանի որ դեռ ապացույցները հետազոտված չեն»,- ասաց դատախազը:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը, սակայն, միջնորդության լուծումը հետաձգեց մինչև էական հանագամանք լինելը:

Դատարանն անցավ դատաքննության: Դատախազ Արթուր Սարգսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վարդան Պետրոսյանն ասաց. «Ինձ համար մեղադրանքն ունի երկու կողմ՝ բարոյական ու իրավական: Հենց մենք քայլ ենք անում օրենքի բնագավառում, անմիջապես հարց եք բարձրացնում բարոյական կողմից: Երբ քայլ ենք փորձում անել բարոյական կողմից, անմիջապես իմ առաջ հառնում է օրենքը: Ես ճանապարհի վրա երթևեկության կաննոները չեմ խախտել, որովհետև չեմ գերազանցել արագությունը, բջջային հեռախոսով վթարին նախորդող պահին չեմ խոսել: Մեքենայի կառավարումը չեմ կորցրել, կողնակ չեմ մտել: «Նիվան» հետընթացով դուրս է եկել բանուկ մաս, և ես չեմ կարողացել, ցավոք սրտի, մանևրել և մեքենան ուղղորդել ուրիշ ուղղությամբ: Ուրեմն ինձ առաջադրված մեղադրանքի մեջ, ես ուզում եմ շատ հստակ ասել, երբեք դա չխառնեք Հակոբյանների ընտանիքին: Ինձ առաջադրված մեղադրանքի մեջ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում»:

Այնուհետև սահմանվեց դատաքննության կարգը: Տուժող կողմը միջնորդեց, որ առաջինը հետազոտվի տուժողներից Տաթևիկ Հակոբյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ հիմնավորելով, որ դա առողջության հետ կապված հարց է. «Եթե Տաթևիկի առողջությանն է վերաբերում, ես կողմ եմ»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Դատարանը բավարարեց ու հրապարակեց այն: Պաշտպանական կողմը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ դատաբժշկական փորձաքննության մասին որոշման մեջ քննիչը չի նշել կողնակ բառը, այլ նշել է՝ BMW-ն բախվել է իրեն համընթաց «Նիվային»: Դատախազն էլ պարզաբանեց, որ այդ ժամանակ դեռ ոչ մի հարցաքննություն չէր եղել, իսկ Ռուբեն Բալոյանն էլ խորհուրդ տվեց բառախաղի հետևից չընկնել:

Տուժող կողմը միջնորդեց լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակել Տաթևիկ Հակոբյանի նկատմամբ, որպեսզի պարզաբանվի՝ արդյո՞ք նրա մոտ ինչ-ինչ ֆունկցիաներ խաթարված են, թե՞ ոչ, ի՞նչ վերականգնման փուլ պիտի անցնի վերջինս և որտե՞ղ, որպեսզի ճշտվի վնասի հարցը, քանի որ հնարավոր է քաղաքացիական հայց ներկայացվի՝ որպես վնասի փոխհատուցում:

Վարդան Պետրոսյանը նշեց, որ ապշած է, քանի որ մշտապես դեպքից հետո իր ընտանիքը պատրաստակամություն է հայտնել օգնել Տաթևիկի բուժման հարցում, հետևաբար ինչո՞ւ են այդ մասին միջնորդում հիմա: Իսկ Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ այդ հարցը կարելի է հեշտությամբ ու կարճ ճանապարհով լուծել, քանի որ ապահովագրական ընկերությունը պարտավոր է վճարել 3 մլն դրամի չափով գումար, և որ դրա համար պարտադիր չէ լրացուցիչ փորձաքննություն նշանակել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, իսկ վերադառնալով՝ հրապարակեց, որ մասնակի բավարարել է Ռուբեն Բալոյանի ներկայացրած միջնորդությունը՝ լրացուցիչ փորձաքննություն նշանակելու մասին:

Մեկնաբանություններ (1)

NY
&ishtn asac el chem uzum meknabanem.Es amen ankam hiastapvumem datavarutyan procesic,voch miayn ays gorcov.Esor Vardan Petrosyane, Nikolaj Baghdasaryani tasibiner kangnel - da mi urish zhanrer kOmikadze:)))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter