HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մի հարցնող լինի` իսկ որտե՞ղ են հիմա քո ազատատենչ զավակները»

Ալբերտ Մարգարյանը մեկն է Շանթ Հարությունյանի հետ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին ձերբակալված 14 քաղաքացիներից:

Նա էլ, ինչպես մյուս ձերբակալվածները, մոտ 6 ամիս գտնվում է անազատության մեջ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է: Ալբերտը եւ Շանթը, նաև` տղաներից մի քանիսը ընկերներ են:

Իսկ ընկերությունը սկսվել է 20 տարի առաջ Արցախյան պատերազմի ժամանակ՝ Կապանում: Ալբերտի ընտանիքի անդամները՝ կինը, մայրը, քույրը «Հետքին» պատմեցին նրանց ընկերության պատմությունը: «Միասին տեսել են շատ դժվարություններ, զինակից ընկերների մահ, կորուստ: Նույն մտահոգություններով, երկրի խնդիրներով ապրող մարդիկ են այսօր բանտերում հայտնվել՝ մեկը մյուսից հայրենասեր, իրենց հողին, արմատներին կպած»,- ասաց 48-ամյա Ալբերտի կինը՝ Աննա Մարգարյանը: Մարգարյան ամուսիններն ունեն երկու դուստր: Ռոզա ու Անահիտ Մարգարյանները 14 և 15 տարեկան են: Ալբերտը մասնագիտությամբ մեքենաշինարար է: Մինչև ձերբակալվելը քարի մշակմամբ է զբաղվել մասնավոր արտադրամասում: 

«Շրջապատում քչերը գիտեն, որ ամուսինս պատերազմի մասնակից է: Չի սիրում այդ մասին բարձրաձայնել, ասում է, որ դա ցանկացած քաղաքացու պարտականությունն է և ոչ թե պարծենալու թեմա: Դա է երևի պատճառը, որ ոչ մեկը ազատամարտիկի վկայական չունի: Նրանց հետ ձերբակալված Միսակ Առաքելյանն, օրինակ, ուսումը պոլիտեխնիկում կիսատ է թողել ու գնացել պատերազմ, Վահիկը՝ (Վահե Մկրտչյան) 15 տարեկանում: Վարդան Վարդանյանը հրամանատարն է եղել: Հիմա բոլորն էլ բանտում են»,- պատմեց Աննան:

Իսկ քույրը` Մարգարիտա Մարգարյանը, պատմեց, որ երբ եղբորը հարց է տվել՝ եթե Աստված չանի նորից պատերազմ սկսվի, կրկին կգնա՞ հայրենիքը պաշտպանելու, Ալբերտը պատասխանել է. «Դա բոլորիս պարտքն է»: «Մենք չգիտեինք, որ 90-ականներին Միսակի հետ գնում-գալիս է Հայաստանի սահման: Լաչինի միջանցքի ազատագրմանը մասնակցելուց առաջ եկավ, ասաց, որ պիտի գնա երկար ժամանակով, բայց չէր ուզում, որ ծնողներս անհանգստանային, ասաց՝ գնում եմ հանգստի: Հետո միայն իմացանք, որ Լաչինի միջանցքի ազատագրմանն է մասնակցել: Շատ բան է տեսել, անճանաչելի փոխվել էր պատերազմից հետո... Հանգիստ, խաղաղ մարդ, լավ որդի, հայր ու ամուսին»,- եղբորն այսպես բնորոշեց քույրը:

«2008թ. մարտի 1-ից հետո, երբ ինչ-որ երթ, ցույց էր լինում, ես անհանգստանում էի: Նոյեմբերի 5-ն էլ բացառություն չէր: Չնայած Ալբերտն ինձ ասաց, որ խաղաղ երթ է լինելու, բայց անհանգիստ էի: Հետո ինտերնետից ու հեռուստացույցից իմացանք, որ տղաներին ձերբակալել են: Բնականաբար, Ալբերտը գիշերը տուն չեկավ, իսկ առավոտյան 7:30 եկան մեր բնակարանը խուզարկելու: Զենք էին երևի փնտրում, բայց այդպես էլ ոչինչ չգտան ու գնացին»,- ասաց Ալբերտի կինը: Հետո ընտանիքը դիմել է հանրային պաշտպանի ծառայությանը, քանի որ ի վիճակի չեն եղել փաստաբան վարձել: Աննան չի աշխատում, ապրում են Մասիս քաղաքում՝ վարձով բնակարանում: Ալբերտը տան միակ կերակրողն է, ով 6 ամիս չի աշխատում: Իսկ ընտանիքն այժմ հազիվ գոյատևում է:

Մինչև հունվարի վերջ արգելանք էր դրված տեսակցությունների վրա: Իսկ երբ հացադուլներից ու բողոքներից հետո արգելանքը հանվեց, ընտանիքի անդամները 15 օրը մեկ անգամ գնում են բանտ՝ Ալբերտին տեսակցելու: «Ճի՛շտ է, տեսնում ենք երկշերտ ապակիներից այն կողմ, բայց գոնե տեսնում ենք»,- պատմեց Աննան: Ալբերտի մայրը՝ Ռոզա Մարգարյանը, չի կարողանում գնալ տեսակցության, անգամ տանը նստած, երբ որդու անունն է լսում, հուզվում է, սիրտը վատառողջ է: «Գնում եմ տեսակցության, հետ եմ գալիս` անճանաչելի: Շրջապատումս արդեն գիտեն, որ բանտ եմ գնացել` Ալիկին (տանն իրեն Ալիկ ենք ասում) տեսնելու… Կադրեր կային համացանցում, որ հիմա ջնջել են, այնտեղ երևում է, թե ոնց է Ալբերտը հնազանդ գնում դեպի ոստիկանական մեքենան՝ առանց որևէ դիմադրություն ցույց տալու: Սա տեսնելով` ոստիկանները Ալբերտին թողնում, գնում են մյուսների մոտ: Տեսակցության ժամանակ հարցրեցի՝ Ալի՛կ, ինչո՞ւ չփախար, ասաց՝ ի՞նչ էի արել, որ փախչեի»,- պատմեց Մարգարիտան՝ Ալբերտի քույրը:

«Ամբողջ ժողովուրդն է այսօր համակարգային փոփոխություն ուզում: Վստահություն չկա իշխանության հանդեպ: Բայց մենք ոչ մի անգամ չենք մտածել երկրից հեռանալու մասին, չնայած չեմ էլ կարող մեղադրել հեռացողներին: Հիմա տեսնում ենք, որ ըմբոստ, պայքարող տեսակը տեղ չունի: Կարծում եմ՝ տղաներին ձերբակալում են, որ մյուսները տեսնեն ու զբաղվեն միայն օրվա հաց վաստակելով, չպայքարեն իրենց իրավունքների համար»,-ասաց Ալբերտի կինը:

Ալբերտ Մարգարյանի մայրը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ վրդովվել է՝ տեսնելով, թե ինչպես են Հանրային հեռուստատեսությամբ ներկայացրել մի ադրբեջանական ընտանիքի պատմություն, որն Ադրբեջանից փախել է Հայաստան, քանի որ իրենց երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները: «Մի հարցնող լինի` իսկ որտե՞ղ են հիմա քո ազատատենչ զավակները: Ազատատենչ տղաներն ընդամենը արդարություն էին պահանջում: Ի՞նչ էր նրանց ուզածը՝ հանգիստ, արժանապատիվ կյանք: Ի՞նչ արեցիք այդ մարդկանց հետ: Տարաք «Նուբարաշենի» բանտ: Հանուն ինչի՞»,- ասաց Ռոզա Մարգարյանը:

Վերջում նա դիմեց Հայաստանի նախագահին. «Ի՞նչ եք մտածում, մեծարգո նախագահ, որ այսքան ժամանակ փակված եք պահում տղաներին: Չէ՞ որ ամեն մեկը մի տան ճրագ է, ՀՀ քաղաքացիներ, երկրի նվիրյալներ: Աստված չանի, եթե նորից մեր հայրենիքում պատերազմ լինի, նրանք են նորից զենքը ձեռքին պաշտպան կանգնելու առաջին գծում»:

Երկրորդ լուսանկարում` Ալբերտ Մարգարյանը՝ աջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter