HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Միկոյանի արձանը որպես հիշեցում

Երեւանի քաղաքապետարանը ապրիլի 30-ի նիստում որոշում է ընդունել տեղադրել Անաստաս Միկոյանի արձանը: Որոշման մեջ նշված է, որ այս գաղափարի հիմքը «Հայաստանի Հանրապետությունում պետական եւ հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման կարգն է»: 

Իհարկե, քաղաքապետարանը քաջ գիտե, որ լենինյան ու ստալինյան շրջանի բարձրաստիճան պաշտոնյա Անաստաս Միկոյանը Հայաստանի Հանրապետության նշանավոր գործիչ չի եղել, քանի որ հանրապետություն չկար: Անգամ եթե քաղաքապետարանը նկատի է ունեցել 1918-20թթ. Հայաստանի առաջին հանրապետության գոյությունը, դա թույլ չի տալիս ենթադրել, որ բոլշեւիկ Միկոյանը ավանդ է ունեցել հանրապետության կայացման գործում (նույնիսկ ճիշտ հակառակ դերակատարում է ունեցել): 

Սակայն, ինչպես տեղի է ունենում մեր իշխանությունների տարբեր որոշումներում ու հրահանգներում, կարեւորվել է ոչ թե Անաստաս Միկոյանի ով լինելը, այլ նրա հայ լինելը: 

Շատերը համարում են, որ հայկական գեները անվիճելի առավելություն են, եւ սովորաբար տարբեր հայերի արձանների բացումները, հիշատակման միջոցառումները միշտ անցել են սահուն ու ընդունվել որպես օրինաչափություն (դե հայ է, բա չմեծարե՞նք): 

Փոքր, շրջափակված ապրող ազգերին հատուկ նման դիրքորոշումը ոչ միայն նեղացնում է աշխարհընկալումը, այլեւ ուղղակիորեն թակարդը գցում: Երբ մարդը հանվում է պատմական համատեքստից ու ներկայացվում որպես պարզապես այս կամ այն ազգության ներկայացուցիչ, բավականին անհեթեթ վիճակ է ստեղծվում, քանի որ անհասկանալի է, թե որոնք են այդ մարդու արժանիքներն ու թողած հետքը: 

Անաստաս Իվանովիչ Միկոյանն այն կերպարը չէ, որը ստալինյան բռնաճնշումներից, հազարավոր մարդկանց սպանություններից ու «կարմիր տեռորից» դուրս է եկել մաքրագործված: Արխիվային փաստերը առավել քան խոսուն են: 1937-38թթ. Ժողկոմխորհրդի փոխնախագահ Անաստաս Միկոյանը Խորհրդային Հայաստանը «հակասովետական տարրերից ազատելու» գործում գերագնահատել է նախատեսված պլանը ու նամակ ուղարկել Մոսկվա`խնդրելով գնդակահարման ու ձերբակալման ենթակա հայաստանցիների քանակը 1500-ով ավելացնել: 

Պոետ Բորիս Պաստերնակը այդ մարդկանց «վայրագություններ անելու մանդատ ստացած» է անվանել: Նրանք ոչ́ լավն են, ո́չ` վատը, պարզապես ունեն այդ մանդատն ու իրենց գործն անում են ջանասիրաբար, վերադասից չքարկոծվելու (անգամ գովասանքի արժանանալու) համար: 

Ենթադրենք` քաղաքապետարանը «Վիկիփեդիա» չի կարդում ու արխիվային փաստաթղթերով չի հետաքրքրվում: Օրինակ՝ չգիտի, որ Միկոյանը Խորհրդային Հայաստանի հողերի կրճատման կողմնակիցն է եղել, Արցախի հարցում էլ հստակ դիրք է ընդունել`ընդգրկել Ադրբեջանի կազմում:

Երեւանի քաղաքապետարանն ավելի շուտ հավերժացնում է ոչ թե իրական քաղաքական գործիչ Միկոյանին (որին հավերժացնելու գաղափարը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում), այլ Միկոյանի ձեռքին եղած ամենաթողության մանդատը: Այսինքն` այն, ինչն այսօրվա Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարեւոր է, որքան ԽՍՀՄ-ի ամենամռայլ, սարսափելի ու արյամբ հագեցած տարիներին:

Խորհրդային մտածելակերպից չազատված իշխանությունները, թերեւս, մտածում են` ինչ ուզում ենք՝ անում ենք, բայց այդ անելը վավերացնող փաստաթուղթ թող լինի ձեռքերիս: Եվ Անաստաս Միկոյանի արձանն էլ նման քարակերտ մանդատ կդառնա, որն, ի դեպ, հաստատ սոցռեալիստական ոճով արված կլինի, քանի որ արվեստի այդ մոնումենտալ ոճը լավագույնս է ներկայացնում զոհերի վրայով իշխանական բուրգի գագաթին հասնելու ճանապարհը: 

ԽՍՀՄ-ի փլատակները հանգիստ չեն տալիս շատերին, բռնապետական ձգտումներ ունեցող Ռուսաստանն, օրինակ, մի քանի տարի առաջ հանրային լայն հարցումներ էր կազմակերպել Ռուսաստանի պատմության ամենանշանակալի կերպարը որոշելու համար: Ռուսներն ընտրեցին Ստալինին: Եվ միայն բնազդային տագնապը ետ պահեց Ռուսաստանի իշխանություններին այդ արդյունքը գրանցելուց: Ի վերջո, կանգ առան անվնաս Ալեքսանդր Նեւսկու կերպարի վրա:

Իսկ այսօր Ռուսաստանն այլեւս Ստալինի կերպարի կարիքն ունի: Նաեւ` Հիտլերի: Դե մենք էլ հետ չմնալու համար` Միկոյանի:

Կրեմլին մոտ կանգնած քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանն, օրինակ, հոդված էր գրել՝ վստահություն հայտնելով, որ Հիտլերն իր գործունեության առաջին շրջանում հսկայական ազգանվեր գործ է արել` հավաքագրելով գերմանական հողերը: Ըստ Միհրանյանի` Հիտլերը մինչ 1939թ. բարձրագույն մակարդակի քաղաքական գործիչ է եղել:

Պատմության սրբագրումն ու խմբագրումն այսօր չափազանց ճակատային է արվում: Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն, օրինակ, հայտարարել է, որ Անաստաս Միկոյանի արձանը որոշվել է տեղադրել, քանի որ նա «քաղաքական ու պետական գործունեության բարդ ուղի է անեցել», «պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով»։ Իրեն այդքանն է պետք, այդքանն է ասում:

Ոմանց այդ հիմնավորումը բավարար է թվում, մանավանդ հայկական ազգանվան հետ մի փաթեթով: Իսկ ոմանց համար էլ հենց այդ վիճահարույց անձի արձանը Երեւանում տեղադրելու որոշումը կարող է սթափեցնող ազդակ դառնալ, որը կդրդի ավելին իմանալ Խորհրդային Հայաստանի մութ էջերի մասին: Նաեւ` այն մարդկանց, որոնք բռնաճնշումների համակարգի մի մասն են եղել ու մինչ այսօր էլ բարձր պաշտոններ են զբաղեցնում:

Միկոյանի արձանը միայն հերթական անհեռանկարային ու անիմաստ քաղաքային զարդարանքը չի լինի: Դա այնքան մակերեսային ու ագրեսիվ որոշում է, որ չի կարող անտարբեր թողնել: Պատմական մի ահռելի շերտ գալիս ու կանգնում է մեր առջեւ:

Միկոյանը մի դարաշրջանի ներկայացուցիչ է, որտեղ սեւին սեւ եւ սպիտակին սպիտակ ասելու համար գնդակահարում էին կամ լավագույն դեպքում «ժողովրդի թշնամի» անվանելով` խաղից դուրս հայտարարում: Եվ Միկոյանն այդ կայսրության երկարակյաց գործիչներից է եղել, որին հիմա հիշելն ու հիշատակը հավերժացնելը 1937թ. վերադառնալ է նշանակում:

Վերադառնալ` բացահայտումներ անելու համար: Խորհրդային տարիներին ապրելու փորձ չունեցողները կարող են, ասենք, հայտնաբերել, որ Միկոյան ազգանունը միայն շքանշանակիր լուսանկար կամ երշիկեղենի պիտակ չէ: Միկոյանի արձանը 21-րդ դարի Հայաստանում տեղադրելը կնշանակի, որ առավել քան հասունացել է լյուստրացիայի պահանջը: Պատմությունը հո պոկե՞ր չի, որ բլեֆ անես, ու այդ բլեֆն անցնի:

Արդեն իսկ նկատվում է մեծ հետաքրքրություն արխիվների հանդեպ: Ի վերջո, հնարավոր է պարզվի, որ ոմանց բարեկամներն աքսորվել կամ գնդակահարվել են հենց Միկոյանի հրահանգով (միգուցե հենց ի՞մ պապը):

Այդ հարցը հիմա շատ արդիական է, եւ ցանկալի է, որ այն շատերի մոտ ծնվի:

Առաջին լուսանկարում՝ ձախից՝ Ա. Միկոյանը, Ի. Ստալինը և Ս. Օրջոնիկիձեն

Մեկնաբանություններ (5)

GB
I like Armenian history and Mykoyan is part of Armenia's history. Statue can be raised and words should be written, that he was an Armenian Bolshevik murderer!
Գեւորգ
Ցավոտ խնդիր է: Միկոյանը շատ բաներ է արել Սովետի ու Ռուսների համար, նաեւ՝ համայն մարդկության համար: Բավական է նշել միայն Կուբայական ճգնաժամը, երբ ձեռքերն արդեն միջուկային կոճակների վրա էին: Սակայն Հայերի նկատմամբ ակնհայտ վնասակար է եղել, ըստ փաստերի: Նրա արձանը շատ սխալ կլինի տեղադրել այստեղ: Մեկ է՝ կջարդեն-կապականեն եւ դնողները (մտնողները) ոչ մի բան չեն շահի - բացի խայտառակությունից: Իսկ եթե «մեծ ախպերն» է ցուցում տվել, ապա գոնե պիտի այնքան տակտ ու արժանապատվություն ունենան, որ բացատրեն իրողությունը: Միկոյի փոխարեն կարելի է առաջարկել, ասենք, Բաղրամյանի, Տեր-Պողոսովի, Լոռիս Մելիքովի եւ այլ երկկողմ ընդունելի տարբերակներ:
Գևորգ
Իսկ Երևանում Մոնթեի արձանը կա՞: Կարելի էր դնել մեծ հայրենասերի՝ Գուրգեն Յանիկյանի արձանը:
Աննա
Ով այդքան շատ կարոտում ու տենչում է տեսնել Միկոյանին խորհուրդ կտամ տեղափոխվել Էջմիածին, համայն հայության հոգևոր մայրաքաղաքում ապրելու: Այնտեղ ամեն օր կարող եք , Մայր Աթոռին կից այգում զբոսնելիս, հանդիպել , ողջունել, գուրգուրել և,վերջապես, նաև թքել նրա ճակատին: Երևանը հիմա այնքան կենդանի տականք ունի, որ կարող եք մեռելներին հանգիստ թողնել:
Նիկ
Միկոյան արին թողին. էլ ուրիշ դարդ չկա, դա էր մնում ու վերջ: Ինձ թվում է, որ սրանք հատուկ են նման քայլերի դիմում, որ Հայաստանի հասարակությունը քննարկելու նյութ ունենա՝ մոռանալով իշխանությունների տականքությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter