HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ռիչարդ Կիրակոսյան. «Ի հեճուկս նախագահ Սարգսյանի խոստման` կառավարությունում չենք տեսնում ոչ մի լուրջ և հիմնարար փոփոխություն»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն»-ի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

-Վերջին ամսվա ընթացքում Հայաստանի ներքաղաքական դաշտում արձանագրվել են մի շարք փոփոխություններ: Որքանո՞վ կարելի է իրական համարել այդ փոփոխությունները:

Հայաստանի քաղաքական դաշտում մենք տեսնում ենք անսպասելի փոփոխություններ, որոնք սկսվեցին Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունից հետո: Այստեղ կան երկու նշանակալից հանգամանքներ: Առաջինը` քաղաքական անորոշության բարձր մակարդակն է, երկրորդը՝ փոփոխվում է քաղաքական ուժերի հավասարակշռությունը: Ի հեճուկս նախագահ Սարգսյանի խոստման` կառավարությունում մենք չենք տեսնում ոչ մի լուրջ և հիմնարար փոփոխություն: Իրականում նոր կառավարությունն ավելի վատն է, քան նախկին կառավարությունները: Նոր բարեփոխիչների փոխարեն մենք տեսնում ենք հին պաշտոնյաների վերադարձ:

նչո՞ւ եք ներկայիս կառավարությունը համարում նախորդներից վատը:

-Ես հիասթափվեցի, երբ պարոն Աբրահամյանը նշանակվեց վարչապետ: Կառավարությունում մի շարք պաշտոնների նշանակումից հետո պարզ դարձավ, որ ՀՀ իշխանության կազմում բարեփոխիչները կամ թուլանում են կամ նրանց դուրս են մղում կառավարությունից:

Ամենամտահոգիչը ֆինանսների, էկոնոմիկայի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարների նշանակումն էր: Այս երեք պաշտոնյաներից և ոչ մեկը բարեփոխումների առումով չունի ո́չ հանձնառություն, ո́չ հասկացողություն: Միակ երկու բացառություններն են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Դավիթ Հարությունյանը, ով նշանակվեց կառավարության աշխատակազմի ղեկավար: Այս երկու նշանակումները դրական են. Ս. Օհանյանը հանձնառու է կատարել բարեփոխումներ պաշտպանության ոլորտում, իսկ Դ. Հարությունյանը սահմանադրական բարեփոխումների ճարտարապետն է: Բայց, օրինակ, Նարեկ Սարգսյանի նշանակումը հսկայական պարտություն էր, քանի որ այդպիսով ՀՀ-ի և Երևանի քաղաքաշինությունը հետընթաց կարձանագրի:

-Խոսքը ո՞ր բարեփոխիչների մասին է, որոնց դուրս են մղում կառավարությունից, սակայն որոնք կարող էին փոխել քաղաքականության ընթացքը:

-Բերեմ երկու օրինակ. Ներսես Երիցյանը՝ էկոնոմիկայի նախկին նախարարը, ում որակավորումն ավելի բարձր էր, և նա ավելի պատրաստված էր, քան ներկայիս գործող թիմը, և ԱԳՆ նախկին փոխարտգործնախարար Զոհրապ Մնացականյանը, ով նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ դեսպան: Որքան էլ կարևոր է ՄԱԿ-ը` որպես կառույց, բայց Զոհրապ Մնացականյանի բացակայությունը զգացնել կտա. վերջինս առանցքային դեր էր կատարում ՀՀ-ԵՄ հարաբերություններում:

Բացի դրանից, որ բարեփոխիչների ենք կորցնում բարձրագույն՝ նախարարների մակարդակով, մենք բարեփոխիչներ ենք կորցնում փոխնախարարների և միջին մակարդակներում ևս: Բայց երկարաժամկետ փոփոխությունների իրական հույսը կապված չէ ներկայիս քաղաքական կուսակցությունների հետ: Վերջերս Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստվում է իշխանության ղեկին մնալ ևս 10 տարի: Անգամ այդ կուսակցության երիտասարդ ներկայացուցիչները, ինչպես, օրինակ, Արմեն Աշոտյանը և այլք, թուլացան այն պատճառով, որ ԱԺ նախագահ նշանակվեց Գալուստ Սահակյանը: Գալուստ Սահակյանի նշանակման վնասակարությունն այն է, որ նա կխանգարի հանրապետականներին բարեփոխումներ և առաջխաղացման գործընթաց ծավալել:

Միաժամանակ պետք է նշել, որ բարեփոխումների բացակայությունը կապված է նաև ընդդիմության հետ: Ընդդիմադիր կուսակցություններից շատերն արդեն կորցրել են իրենց վարկանիշը և կենտրոնանում են ավելի շատ անհատների, քան քաղաքականության վրա: Իրական փոփոխությունների իրական հույսը կապված է նոր սերնդի հետ:

-Քանի որ խոսեցիք կուսակցությունների մասին, կխնդրեի անդրադառնալ ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ և «Ժառանգություն»  կուսակցությունների` վերջին շրջանի քաղաքական գործողություններին: Ինչպե՞ս եք դրանք գնահատում:

-Մենք այժմ գտնվում ենք ՀՀ քաղաքական թատրոնի 3-րդ կամ 4-րդ ակտում: Այս պիեսում մենք տեսնում ենք որոշ դերասանների փոփոխություններ: Ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը և ՕԵԿ-ը չեն ընկալվում որպես ոչ իշխանական: Միաժամանակ, ավելի հստակ է դառնում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի դիրքորոշումը: Իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» այժմ մեկուսացված են:

Մի նոր և հետաքրքիր երևույթ է տեղի ունենում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ի տարբերություն այն ավանդական կարգի, երբ քաղաքական կուսակցությունները  պայքարում են իշխանության կամ կոալիցիայի համար, այժմ դա վերածվել է անհատների միջև պայքարի` հանուն իշխանության: Այստեղ նաև խոսքը նախկին և գործող նախագահների մասին է: Քաղաքական փոխարկումն արդեն սկսվել է: Նախագահ Սարգսյանը վերջին մոհիկանն է, ղարաբաղյան էլիտայի վերջին ներկայացուցիչը: Եվ սա պայքար է 2017-2018թթ. իշխանության համար: Քաղաքական նոր էլիտան արդեն իսկ դիրքավորվում է` Սարգսյանից վերցնելու իշխանությունը:

-Համեմատություն անցկացրեցիք թատրոնի և քաղաքականության միջև և նշեցիք նաև նախկին նախագահի մասին: Արդյո՞ք հետնաբեմում կարող ենք տեսնել Ռոբերտ Քոչարյանին:

-Ես չեմ տեսնում Քոչարյանի վերադարձի ոչ մի հնարավորություն ո́չ որպես նախագահ, ո́չ որպես վարչապետ: Ամենայն հարգանք տածելով նրա` նախագահի դիրքի նկատմամբ, պետք է նշեմ, որ իրականում յուրաքանչյուր անցնող օրով նա ավելի է դառնում նախկին նախագահ: Միաժամանակ, նախագահ Սարգսյանը չունի ժառանգորդ: Ակնհայտ է, որ այժմ քաղաքականությունը չի ընթանում երեք անձերի` առաջին, երկրորդ և ներկայիս նախագահների միջև:

-Եթե գործող էլիտայի իշխանությունն աստիճանաբար թուլանում է, բայց և նոր կազմավորվող ուժերը դեռևս այնքան հզոր չեն, որպեսզի քաղաքական լուրջ մրցապայքարի մեջ մտնեն, այդ դեպքում ովքե՞ր պետք է ձեւավորեն քաղաքական նոր էլիտան:

-Հին քաղաքական էլիտայից նորի փոխարկման դրական կետն այն է, որ այս մրցակցությունը կստիպի, որ քաղաքական փակ համակարգը բացվի, և ավելի ազատ դաշտ ստեղծվի ընդդիմադիր նոր ուժի համար: Այս հանգամանքը Հայաստանի համար կառուցողական է երկու հիմնական պատճառներով: Առաջին` նոր քաղաքական էլիտան այնքան ուժեղ չի լինի և չի կարողանա ամբողջությամբ վերահսկել քաղաքական համակարգը: Երկրորդ` կստեղծվի մրցակցության ավելի մեծ դաշտ, որտեղ կլինի մտքերի և գաղափարների երկխոսություն: Սակայն սա դեռ չի նշանակում, որ քաղաքական նոր էլիտան լինելու է ավելի լավը. անգամ նոր, երիտասարդ էլիտան ավտոմատ կերպով ժողովրդավար չի դառնում:

-Բայց անհասկանալի է, թե քաղաքական նոր էլիտայի բաց դաշտը ովքե՞ր պետք է լրացնեն

-Դրական առումով տեսնում ենք մրցակցություն քաղաքական էլիտայի տարբեր խմբերի միջև, որտեղ խմբերից ոչ մեկը չունի այն ուժը, որպեսզի կարողանա հաղթել: Բայց անհանգստացնող հանգամանքն այն է, որ խմբերից որոշները, որոնք կփորձեն քաղաքական նոր էլիտայի մաս կազմել, կլինեն ավելի վատը, քան ներկայիս քաղաքական էլիտան:

Մենք կարիք ունենք նոր սերնդի, նորամուծության և փոփոխության: Բայց եթե դուրս նայենք, կտեսնենք, որ դա իրականում տեղի է ունենում: Քաղաքացիական այն էներգիան, որը տեսանք ընդդեմ տրանսպորտի գնի բարձրացման, հանուն բնապահպանության պաշտպանության, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, ցույց է տալիս, որ այդ էներգիան գոյություն ունի փողոցում, ոչ թե կառավարությունում:

-Արաբական գարնանից մինչև Ուկրաինայի Մայդանի դեպքերը համեմատական է անցկացվում Հայաստանի ներքաղաքական կյանքի միջև` արձանագրելով, որ Հայաստանում  չի հաջողվում իրականացնել հեղափոխություն…

-Եկեք անկեղծ լինենք: Հեղափոխությունը Հայաստանի համար կործանարար կլինի, և դա անհավանական է: Առաջին պատճառն այն է, որ բացակայում են հեղափոխություն իրականացնողները: Բայց էվոլյուցիոն փոփոխության մենք շատ երկար ենք սպասել: Եթե դիտարկենք սեպտեմբերի 3-ի` Մաքսային միություն մտնելու որոշումը, ապա դա ոչ թե էվոլյուցիա էր, այլ հետընթաց:

Հայաստանի համար հետաքրքիր դաս կա Վրաստանից և Ուկրաինայից: Առաջին` գործող իշխանության համար վտանգավոր է անտեսել հասարակության` փոփոխություններ կատարելու պահանջները: Երկրորդ` ՀՀ ներկայիս իշխանությունն ունի լեգիտիմության ցածր մակարդակ: Բայց ավելի մեծ խնդիր է վստահության ճգնաժամը, երբ իշխանություններն ու բոլոր կուսակցությունները վստահություն չեն վայելում հասարակության շրջանում: Իրականում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը վերաբերում է այդ վստահության պակասին: Ուստի, անիրատեսական է ակնկալել, որ ՀՀ իշխանություններն իրենց կբարեփոխեն:

-Այսօրվա ներքաղաքական իրավիճակը կարող ե՞նք համարել անցումային փուլ, երբ գործող նախագահը փորձում է իրեն փոխարինող գտնել, կամ իշխող կուսակցությունը պատրաստվում է հաջորդ ընտրություններին:

-Այս հարցի պատասխանը դեռ չկա: Դա կախված է նախագահից` երբ նա կորոշի, թե ում կվստահի իր «ժառանգությունը»: Սա նաև փորձություն է ՀՀԿ-ի համար` տեսնելու, թե արդյոք իրենք կարող են փոխվել: Ահա թե ինչու Գալուստ Սահակյանի նշանակումը որպես ԱԺ նախագահ բացասական և թուլացնող գործոն էր հենց Հանրապետական կուսակցության համար: Սահակյանը դինոզավր է, և սա նման է «Jurassic park» ֆիլմի քաղաքականությանը: Այսինքն` Հանրապետական կուսակցությունն այժմ սահմանափակված է, և փոխվելու համար նրա առջև արգելք է դրված այս հին անձանց հաղթանակի պատճառով: Ուստի, սա մարտահրավեր է այնպիսի մարդկանց, ինչպիսիք են Արմեն Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, Էդուարդ Շարմազանովը և նման երիտասարդ կադրերը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter