
Մարդու ճակատագիրը քաղաքական խաղերի ոչ մի հանգույցում չի տեղավորվում
Չգիտեմ` դատավորները կարողանու՞մ են քնել, նրանք կարողանու՞մ են նայել իրենց զավակների աչքերին: Թե՞ մենք ենք այսպես հիմար եւ անընդհատ փորձում ենք նրանց բարոյական հարթության մեջ տեսնել ու նման հարցադրումներ անել` կրկին մոռանալով, որ նրանց այդտեղ պարզապես հնարավոր չէ տեղավորել:
Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ: Նրանցից 14-ը նախկին շարքային զինվորներ են: Նրանք հանցագործներ չեն եղել, հայրենիքը նրանց զորակոչել է բանակ: Ցոլակ Պողոսյանը նրանցից մեկն է, երկկողմանի ծնողազուրկ այս տղան 11 տարի ազատազրկման վայրում է: Քրեական գործով նրա «մեղադրանքն» ապացուցվել է: Բայց նման դատավճիռ կայացրած դատավորին ցանկացած պահի հնարավոր է ցմահ դատապարտել, եթե կիրառես իր իսկ օգտագործած մեթոդները: Առանց ապացույցների, կտտանքներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքներով դատավճիռ կայացրած դատավորների վրա առաջարկում եմ փորձ կատարել: Նրանց ենթարկել նույն կտտանքներին: Արդյունքում նրանք բոլորը իրենց վրա կվերցնեն ոչ միայն մեկ, այլ ցանկացած թվով սպանություններ, Հայաստանում ցանկացած չբացահայտված հանցագործություն:
Ցոլակի գործով առաջին դատաքննության ժամանակ Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանը թույլ չի տվել տղային դատապարտել բերված ապացուցներով: Ընդ որում` այդ ժամանակ դատախազը պահանջել էր Ցոլակին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Դատավոր Կուբանյանը գործը ետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության: Լրացուցիչ նախաքննության ժամանակ կազմվել է քննչական խումբ՝ քննիչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Հարություն Հարությունյանը հիմա դատախազ է: Նրա անունը կարելի է հանդիպել զինվորական մի շարք աղմկահարույց գործերում: Նա շարունակում է առաջ գնալ, որովհետեւ ժամանակին կարողացել է Ցոլակին առանց ապացույցների ցմահ դատապարտման ներկայացնել: Շենգավիթի դատարանում այս անգամ գործը բերեցին ուրիշ դատավորի՝ Վարդան Գրիգորյանի մոտ: Նա ցմահ դատապարտեց Ցոլակին ու հիմա իր գործը շարունակում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ցմահ դատապարտվածներից 14-ը նախկին զինվորներ են: Այդ զինվորները հանցագործություն կատարելու պահին եղել են 18-21 տարեկան: Այս երիտասարդներին պետությունը զորակոչել է, որպեսզի պաշտապանեն Հայաստանի սահմանները: Նրանք կամովին մեկնել են զինվորական ծառայության: Նրանք եղել են հայոց բանակի զինվորներ: Նրանք «հանցագործություն» են կատարել, որովհետեւ բանակում բոլոր պայմանները ստեղծված էին այդ «հանցագործությունները» կատարելու համար: Եթե հանցածին միջավայր չլիներ, զինվորը երբեք հանցագործ չէր դառնա:
«Հետքի» ուսումնասիրած ցմահ դատապարտված զինվորների մեծ մասի քրեական գործերը կասկածելի են: Այդ գործերում առկա են բռնության աղաղակող փաստեր, կեղծիքներ, հարազատների նկատմամբ ճնշումներ, բոլոր գործերի իրեղեն ապացույցները ոչնչացված են: Դատավճիռներ կայացարած դատավորները, մեղադրանք ներկայացրած դատախազները, քննություն իրականացրած քննիչները դրանով ապահաովագրել են իրենց: Ոչ ոք այլեւս չի կարող վերադառնալ եւ պատժել այն դատավորներին, որոնք այսօր էլ շարունակում են հանուն Հայաստանի Հանրապետության վճիռներ կայացնել: Նրանք իրականում քրեական հանցագործներ են: Որովհետեւ նրանք բոլորը գիտեն, թե ինչպես են կորզել զինվորներից այդ ցումունքները:
Եթե նախկին զինդատախազ, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ, մարդու իրավունքներից անընդհատ խոսող Գագիկ Ջհանգիրյանին ցմահ դատապարտեն, ցմահ դատապարտված բոլոր զինվորների գործերի իրական պատկերը միանգամայն այլ կլինի: Այլ ճանապարհ չեմ տեսնում: Նույն կտտանքներին պետք է ենթարկեն Գագիկ Ջհանգիրյանին, թող նա պատմի, թե ինչպես են զինվորներից կորզվել ինքնախոստովանական ցուցմունքները:
Զինվորի սպանության գործով ցմահ դատապարտվածներից մեկը` Էմիլը, տարիներ առաջ, երբ մուտք ունեինք բանտ, պատմել էր, թե ինչպես է ինքը ինքնախոստովանական ցումունք տվել: Օրերով ծեծ ու ջարդը ոչ մի արդյունք չեն տվել, հետո դիմել են այլ քայլի. «Շիշը բերեցին ու ասացին` հիմա նստելու ես այս շշի վրա, մտածիր, մի շանս էլ ենք տալիս», եւ Էմիլը համաձայնվել է ամեն ինչի:
Ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի աղջիկը ինքնասպան է եղել: Նրա կինը մահացել է մի քանի տարի առաջ: Սողոմոնի աղջիկը մեր զոհն է, նա շրջապատում մեզնից յուրաքանչյուրն էր, այսքան անտարբեր մարդիկ ենք մենք: Հասարակությունը թքած ունի բանտարկյալների, նրանց հարազատների վրա: Հասարակական կարծիքը քաղաքական ինտրիգների վրա է սեւեռված: Մարդու ճակատագիրը քաղաքական խաղերի ոչ մի հանգույցում չի տեղավորվում: Ի՞նչ կարող ենք անել այս 131 պատգամավորներին «թափ տալու» համար, որ գոնե մեկ անգամ լսեն մարդու ձայնը: Որ հասկանան, որ նաեւ իրենց հովանավորությամբ ցմահ դատապարտել են ոչ միայն բանտում մեկուսացրածներին, այլեւ նրանց ընտանիքներին: Բանտում գտնվողները ոչ մի հույս չունեն, ոչ մի հույս չունեն բանտից դուրս գտնվող նրանց ընտանիքները: Մենք բոլորս հավասարաչափ մեղավոր ենք այդ 20-ամյա աղջկա ինքնասպանության մեջ, մենք չենք կարողացել նրան լույսի մի շող տալ:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել