
«Թանկագին ծերերը»՝ լուսանկարչական ցուցահանդեսում
«Այ մարդ, ունքերդ ինչի՞ ես էդպես կիտել էս նկարի մեջ, հը՞ն»: 89-ամյա Մանյա Բաղդասարյանը դիմում է ամուսնուն՝ 91-ամյա Գուրգեն Իվանյանին: Նրանք դիտում էին այսօր «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցած Հայրենական մեծ պատերազմին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը՝ «Թանկագին ծերեր» խորագրով: Շենքի երկրորդ հարկում գտնվող ցուցասրահի պատերին փակցվել են Հայրենականի մասնակից-վետերանների 100 լուսանկարներ, որոնց հեղինակը լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն է: Սրահում հատկապես լսելի էր ամուսինների խոսակցությունը: Գուրգեն պապը կնոջ դիտողությունը ստուգելու համար դանդաղ մոտենում է իր և կնոջ լուսանկարին, ունքերը մի կետում հավաքած ուշադիր նայում է, աչքերը փոքր-ինչ կկոցում է, ասես, ինչ-որ պատասխան է փորձում գտնել, հետո դառնալով դեպի կինը՝ սկսում է ծիծաղել, թե «այ կնիկ, լավ էլ նկար ա»: Կինը թաքուն ժպտում է: Բացի այն, որ երկուսն էլ արմատներով Գորիսի Խնձորեսկ գյուղից են, նաև մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:
[gallery id=123]
Իսկ նկարիչ, հայրենական մեծ պատերազի մասնակից Լևոն Կոջոյանն էլ առանց տնեցիներին զգուշացնելու էր եկել ցուցահանդեսին: Նա իր նկարած երկու նկարները մի տոպրակի մեջ դրած՝ շրջում էր սրահով: Իր դիմանկարն էր փնտրում, իսկ տանն իրեն էին փնտրում: Ցուցահանդեսի մեկնարկից մի փոքր ժամանակ հետո որդին էր եկել, հարցրել էր, թե ինչու էր դուրս եկել առանց նախազգուշացման: Պապն էլ պատասխանել էր, թե եկել էր ցուցահանդեսը նայելու:
Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն ասում է, որ ցուցահանդես կազմակերպելը պատահական է ստացվել. լուսանկարները ցուցադրելու առաջարկ ստացել էր «Մոսկվայի տան» գլխավոր տնօրենից: Ասում է՝ հեշտ չէր 600 լուսանկարներից առանձնացնել 100 լուսանկար: Հայրենականի մասնակից-վետերաններին նա սկսել է լուսանկարել 2013թ. փետրվարից, երբ իմացել էր, որ նրանց թիվն օրեցօր նվազում է: Հ. Պողոսյանը արցախյան պատերազմի վավերագրողներից է: Նրա արխիվում կա ավելի քան 1000 լուսանկար և 90 ժամ տեսագրություն պատերազմի դաշտից:
Լուսանկարիչը շենքի մուտքի մոտ ընդունում էր իր հյուրերին, և չնայած ցուցահանդեսի բացումը ժամը 14:00-ին էր, վետերան պապիկ-տատիկներն ավելիշուտ էին հավաքվել: Սրահի կենտրոնում հյուրասիրության սեղանն էր, որը, կարծես, միջօրեականի պես անցնում էր սրահում: Պապիկներից ոմանք ձեռնափայտերով նույնիսկ վազում էին շարք կանգնած լուսանկարների կողքով, ոմանք՝ հասցրել էին դիտել բոլոր նկարները և այդպես էլ չէին գտել իրենցը, մյուսները՝ գտել էին ու իրենց լուսանկարի մոտից հեռու չէին գնում: Խումբ-խումբ հավաքվել էին ՝ վերհիշելով հայրենականի օրերը, և եթե խմբից մեկը լավ չէր լսում, մյուսն սկսում էր բարձր-բարձր ձայնով կրկնել այն, ինչի մասին խոսում էին:
92-ամյա Կարո պապն էլ (Կարո Մելքոնյան) խնդրում է ևս մեկ անգամ կարդալ լուսանկարի մակագրությունը, թե արդյոք, իսկապես, իր անունն է գրված: «Սևաստոպոլում վիրավորվել եմ, ակրուժենիայի մեջ ենք ընկել, ամիսներով սոված ենք մնացել: Շատ դաժան կյանք ենք անցկացրել: 15-20 կմ ճանապարհ էինք գնում՝ էդ ծանդր զենքն ուսներիս, նեմեցներն էլ անընդհատ ռմբակոծում էին: Ինչ ասեմ, էնքան բան կա պատմելու»,- սրահի մի անկյունում շշուկով պատմում է պապը: Հարցնում եմ նրան, թե այսօր ինքը գնահատված զգում է իրեն մեր երկրում, մի պահ լռում է, հետո պատասխանում. «Ես Ռուսաստանի ծնունդ եմ եղել: Հիմա Ռուսաստանում ինձ պես մարդկանց թոշակը մեր փողով 100 հազար է, իսկ իմ թոշակն էստեղ 30 հազար է, դա ի՞նչ է: Շատ վատ են նայում: Մի էրկու հոգի օգնում էին Նոր տարվա, մայիսի 9-ի օրերին, իսկ հիմա՞...Ավտոբուսներում, մետրոներում քարտ ունենք, ձրի ենք օգտվում, բայց էնքան են խոսում, ասում են՝ «ում համար կռվել եք, գնացեք նրանց մոտից էլ օգտվեք»:
89-ամյա Ալյոշա Հարությունյանն էլ, լսելով մեր զրույցը, ավելացնում է, որ ինքը բացի թոշակից որևէ օգնություն չի ստանում: Ասում է՝ աչքի վիրահատության համար 600 դոլար է վճարել, դեղերը գնում են, հետո վերհիշում է պատերազմի իր անցած ճանապարհը, թե ինչպես էր Ուկրաինայից հասել Ճապոնիա: «Ճապոնիա, է, Ճապոնիա եմ հասել: Էնքան բան կա ասելու, որ պատմեմ, մի սուդկա ա տևելու»,- նշում է նա, հետո մոտենում ամբիոնին, որտեղից իրենց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի առթիվ շնորհավորեցին Մոսկվայի տան գլխավոր տնօրենը, Հայաստանում ՌԴ աշխատակիցը և լուսանկարների հեղինակ Հակոբ Պոսոսյանը, ով իր ելույթի ժամանակ չկարողանալով զսպել հուզմունքը՝ արտասվեց:
Սա այն բացառիկ ցուցահանդեսներից է, որտեղ դժվար է վերահսկել զգացմունքները: Ոսկեգույն շքանշաններից առավել շատ փայլում էին նրանց բարի դեմքերը: Ոմանք անգամ չէին մոտենում հյուրասիրության սեղաններին: Սրահի սյանը հենված 91-ամյա Սեդա Բաղդասարյանին խնդրում են օգտվել հյուրասիրությունից, մերժում է, ասում է՝ չէ, եկել է լուսանկարները նայի ու գնա: Ամուսինն էլ հայրենական մեծ պատերազմի մասնակից է՝ 94 տարեկան է, վատառողջ է, չի կարողանում քայլել:
«Մենակ ուզում եմ խաղաղություն լինի երկրում: Պատերազմը շատ վատ բան է: Էնքան դժվարություններ եմ անցկացրել: Վերջին անգամ եղել եմ Կովկասյան լեռնաշթղայում, էն սարերի մեջ, էն սառույցների մեջ, բայց լավ ծառայել եմ, շատ կրծքանշաններ ունեմ, բայց չեմ սիրում դնել»,- պատմում է Սեդա տատը: Քիչ անց նրան մոտեցավ աղջիկը՝ Հ. Պողոսյանի նվիրած լուսանկարը ձեռքին: Ցուցահանդեսի 100 մասնակիցների համար լուսանկարիչը պատրաստել էր նույն լուսանկարների փոքրամասշտաբ տարբերակները, իսկ առաջին հարկում «Մոսկվայի տան» կողմից նրանք ստացան նվերներ:
Հակոբ Պողոսյանի լուսանկարները՝ այստեղ, այստեղ և այստեղ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել