Տոն, որից հետո վերջինները դառնում են առաջինը
Ամեն տարի մայիս ամսին Հայաստանի բնակավայրերը, հատկապես մայրաքաղաքը, թնդում են վայրենի մի ծեսից, որը կոչվում է «Վերջին զանգ»: Այդ արարողությունը անչափահասների մեկօրյա հանկարծահաս իշխանության, այսպես ասած` օրինականացված ամենաթողության սիմվոլն է:
«Վերջին զանգ» երեւույթը շատ լավ բացատրում է, թե ինչպիսին է լինելու Հայաստանի վաղվա օրը, այն երիտասարդ սերունդը, որին հանկարծ մեկ օրով լիակատար ազատություն են տվել, գրպանները փող դրել, ուղարկել ռեստորաններ ու փողոցներ` ասելով` արեք, ինչ ուզում եք:
Եվ նրանք անում են: Արդեն ընտելացել ենք, որ այդ օրը փողոցները աղմուկով ու գոռգոռոցներով են ողողվում, բարձր արագությամբ ու կատաղի ազդանշաններով մեքենաներ են սլանում, իսկ մեքենաների պատուհաններից նախամարդկային ճիչեր ու գինովցած երգեր են լսվում:
Աղմուկի դեցիբելներն ուղիղ համեմատական են երիտասարդ սերնդի բարդույթների հետ: Եվ քանի որ տարեցտարի «Վերջին զանգ»-ի ինքնամոռաց, ցուցադրական ու մեծ հաշվով` ոչնչի չհանգեցնող աղմուկը (բացի, թերեւս, մի քանի ավտովթարներից, սարսափող անցորդներից, թեթեւակի ծեծկռտուքներից ու պարտադիր գլխացավից) ավելի ուժգին ու ավելի ցուցադրական է դառնում, կարելի է ասել, որ դեռահասները կյանք են մտնում բարդույթների աճող փնջով:
Բարդույթների հիմքը դնում է դպրոցը, որը վերջին տարիների ընթացքում այնպիսի անկում է ապրում (որպես մթնոլորտ ձեւավորող համակարգ), որ հարկ է խոսել ոչ թե նրա տված կրթության, այլ հասցրած վնասների մասին (մարդաբանական համատեքստում):
Ցանկացած երեխա հանրության հետ շփվելու ու սեփական անհատականությունը սանձելու եւ ընդգծելու առաջին լուրջ փորձը ստանում է հենց դպրոցում: Սովորում է ենթարկվել, բայց միաժամանակ չկորցնել իր ազատությունը: Դա, թերեւս, առաջնային եւ ամենաբարդ դասն է:
Գիտելիքների հավաքագրումն ինքնին ազատությունն է, որի շնորհիվ էլ երեխան բարեհաջող հասունանում է: Կամ էլ` չի հասունանում` իր ողջ կյանքում մնալով ինֆանտիլ պատանի, ով լավ սերտում է ենթարկվելու կանոնները, բայց ազատության դասերը` ոչ: Եվ այդ պատճառով էլ գերադասում է ամեն ինչ քաղել մեկանգամյա (մեկօրյա) ազատությունից:
Հետեւողականորեն մարելով երեխաների բնատուր հետաքրքրասիրությունը` դպրոցը ազատության (գիտելիքներից առաջացող էյֆորիայի) փոխարեն ընտելացնում է երեխաներին մեխանիկական ու անտարբեր կատարողի դերին: Հատկապես բարձրդասարանցիները շատ լավ գիտեն, որ դպրոցը բյուրոկրատական մի հիմնարկ է, որը պարտադիր պետք է անցնել այնպես, ինչպես պարտադիր զինծառայությունը`շատ դուրս չցցվելով ու հնարավորինս առանց կորուստների: Կպահանջեն, մի կերպ կգրենք կամ կպատմենք, իսկ ավելի լավ է դա էլ չանել:
Մեր օրերում դպրոցը ստորացված կառույց է, որը սովորեցնում է երեխաներին ստորացված ապրել: Իսկ մանուկ հասակում ստորացված իշխանավորից ավելի սարսափելի բան դժվար է պատկերացնել:
Տարբեր, անգամ ամենաանմեղ իրավիճակներում բարդույթը վերածվելու է ցուցամոլության ու ագրեսիայի: Ստորացվածը ամենադաժան, առաջնակարգ ստորացնողն է: Իհարկե, այդքան էլ ճիշտ չէ դպրոցը քննադատել (այն էլ` նման բառերով): Բոլորս էլ գիտենք, որ ուսուցիչներն իրենց գործն անում են ամոթալի ցածր աշխատավարձով, ցեյտնոտում, անփույթ ուսումնական ձեռնարկներով ու գրեթե անհնարին պայմաններում:
Նրանք ստիպված են տոննաներով հաշվետվություններ ներկայացնել, տարբեր տեսակի թղթեր լրացնել եւ Կրթության ու գիտության նախարարության օրեցօր փոփոխվող հրահանգներին հետեւել: Այսինքն` հոգնեցնող եւ հաճախ անտրամաբանական (նաեւ` մանկավարժության տիրույթից դուրս) գործողություններ կատարել, ինչը չի կարող չազդել երեխաների վրա: Եվ երբ հոգնած ուսուցիչը մտնում է հասունացման բարդ շրջան անցնող դեռահասների դասարան, նա ակամայից հոգնած ու դժգոհ (եւ իր դժգոհությունն ու հոգնածությունը մի կերպ թաքցնող) կատարողի քարոզողն է դառնում:
Դրան գումարենք ձանձրալի լեզու ու կառուցվածք ունեցող եւ ներքին ընդվզում առաջացնող դասագրքերը եւ կստանանք լավագույն դեպքում գիտելիքի հանդեպ անտարբեր, իսկ վատթարագույն դեպքում` ցինիկ դեռահասի կերպար: Դպրոցի առջեւ բարդ, խելացի, որոնող մարդ դաստիարակելու նպատակ չի դրված: Ընդհակառակը, որքան պարզունակ, այնքան լավ:
Ընդ որում` պարզունակ` նաեւ ուրախությունը արտահայտելու միջոցներում: Դպրոցի հիմնասյունը ցուցանիշներն են, գնահատականները (նաեւ` քվեները, երբ դպրոցը ընտրատեղամասի է վերածվում): Եվ զարմանալի չէ, որ տոտալիտար համակարգերին հատուկ այս ուսուցման մոդելը առաջին հերթին տոտալիտար համակարգում ապրողների նոր սերունդ է պատրաստում:
Իմիտացիաների միջավայրում դեռահասները շատ արագ են ընդօրինակում իմիտացիայի օրենքները: Բնականաբար, բարդույթներն ու այդ բարդույթները աղմուկով թաքցնելու ջանքերը` նույնպես:
Օրինակ` հանգիստ են ընդունում, երբ ուսուցիչները հայտարարում են, որ գումար չի հավաքվելու «Վերջին զանգ»-ի համար, բայց հենց հաջորդ օրը գումար են տանում: Դե, էդպես է, ի՞նչ արած… Եվ այդ «Ի՞նչ արած» հարցին դպրոցը կամացուկ շշնջում է. «Ձեւացրու’»:
Ձեւացրու, որ դա պետք է հենց քեզ, ձեւացրու, որ սովորում ես, ձեւացրու, որ դա է ճիշտը… Ձեւացրու, որ ուրախ ես: Աղաղակիր, որ բոլորը տեսնեն, թե որքան ուրախ ես: Դպրոցը Հայաստանի ամենակարեւոր ու ամենաթույլ օղակն է, որը գոյատեւում է հատուկենտ նվիրյալների շնորհիվ, որոնք հասկանում են` եթե այս տիրույթն էլ հանձնվի, ուրեմն վաղը Հայաստան պարզապես չի լինի:
Դպրոցն այն վայրն է, որը կարող է (եւ պետք է) սովորեցնել բարդ հարցերին բարդ պատասխաններ տալ: Եվ անել դա խմբով, հաճույքով ու հարգանքով: Այլապես միշտ կհայտնվենք վերջինների շարքերում: Ու կփնտրենք մեզանից թույլին (հարեւանին, համադասարանցուն, աշխատակցին, անցորդին, ուսուցչին)` նրան ստորացնելու ու սեփական պարզունակությունը արդարացնելու համար:
Լուսանկարը` panorama.am-ի
Մեկնաբանել