
Սուրեն Խաչատրյանի եղբորորդու նկատմամբ քրեական գործ չհարուցվեց
Այսօր ավարտվում էր օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը, ըստ որի նախաքննության մարմինը պիտի որոշում կայացեր` հարուցել քրեական գործ, թե ոչ մայիսի 25-ին Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով:
Քիչ առաջ ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Հետքին» փոխանցեցին, որ քրեական գործ չի հարուցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (արարքի մեջ հանցակազմ չկա):
Հիշեցնենք, որ մայիսի 27-ին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի հաստատել էր մամուլի հրապարակումներն այն մասին, որ Գորիսի բնակիչ, 1987 թ. ծնված Էյներ Խ.-ն մայիսի 25-ին Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի տներից մեկի մոտ ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հ.-երին:
Մի քանի օր առաջ էլ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեպքի առնչությամբ ասել էր. «Լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները՝ ծեծի ենթարկելու, դանակահարության մասին, չեն համապատասխանում իրականությանը… Դեռ քրեական հանցակազմ պարունակող երևույթներ չկան»:
Սա միակ դեպքը չէ, երբ Սուրիկ Խաչատրյանն ու նրա բարեկամները օրենքից դուրս վիճակում են հայտնվում, նրանց նկատմամբ իրավապահները ցուցաբերում են վերին աստիճանի բարեհաճ վերաբերմունք:
Հիշեցնենք, որ մամուլում դեռ տարեսկզբին լուր տարածվեց, որ հունվարի 22-ի լույս 23-ի գիշերը Գորիս քաղաքում Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանն՝ իր բարեկամ Յուրա Մանուչարյանի հետ լոմով հարվածներ են հասցրել իրենց համաքաղաքացի, բենզալցակայանի աշխատող Վիտալիկ Մեսրոպյանին: Այս անգամ ևս քրեական գործ չէր հարուցվել: Ոստիկանությունից «Հետքին» տեղեկացրել էին, որ քրեական գործ չի հարուցվել քրեական դատավարության 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ բացակայում է դիմողի բողոքը:
Սուրեն Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիսը 2004 թ-ին մեղադրվել է նաև իր համաքաղաքացի, 2 անչափահաս երեխաների հայր, 34-ամյա Հովհաննես Բադալյանի դիտավորյալ սպանության մեջ (դանակի 12 հարվածով), որը կատարել է իր մյուս հորեղբորորդի Էյներ Խաչատրյանի հետ: Մայիսը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, սակայն 7 տարի անց՝ 2011թ. պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, իսկ Էյները դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման: Սպանության մոտիվը եղել է այն, որ Հովհաննեսը, մթության մեջ չնկատելով շենքի մուտքի մոտ կանգնած Էյներ Խաչատրյանին, կպել է նրա ուսին, ինչից էլ վեճ է սկսվել, երիտասարդը գազանաբար սպանվել է դանակի 12 հարվածով 2004 թ-ի փետրվարի 29-ի գիշերը:
Եվս մեկ դեպք Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ, այս անգամ Գորիսի ռեստորաններից մեկում այս տարվա մարտին: Սակայն դարձյալ որևէ քրեական գործ չհարուցվեց:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել