HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Ըստ միջազգային փորձագետի՝ Հայաստանում փակ հաստատությունների վիճակն ավելի վատ է, քան մյուս նախկին ԽՍՀՄ երկրներում

Հարցազրույց Բուլղարիայի «Հելսինկյան կոմիտեի» նախագահ, մարդու իրավունքների պաշտպանության փորձագետ Կրասիմիր Կանևի հետ։

Խոսելով միջազգային բանտային չափանիշների մասին՝ Դուք նշում եք, որ դրանց մեծ մասը մնում է թղթի վրա։ Ի՞նչ պետք է անել, որ դրանք գործեն։

Այս խնդրի լուծումը հիմնականում կապված է ազատազրկման վայրերում թափանցիկության ապահովման, իրավապաշտպան մոնիթորինգի ստեղծման հնարավորության հետ։ Որքան շատ ազատազրկման վայրերը բաց լինեն իրավապաշտպան մոնիթորիգի համար, այնքան միջազգային  չափանիշները  կիրառելու ավելի շատ երաշխիքներ կլինեն: Սա գործունեության առաջին ուղղվածությունն է։

Գործունեության երկրորդ ուղղվածությունը այդ չափանիշները իրավաբանորեն պարտադիր դարձնելն է։ Այն չափանիշները, որոնք չեն կիրառվում, իրավաբանորեն պարտադիր չեն։ Եթե այդ չափանիշները լինեն իրավաբանորեն պարտադիր, այդ դեպքում հնարավորություն կլինի դիմել դատարան։ Բանտարկյալները, ովքեր գտնվում են բարաքներում, կկարողանան դիմել դատարան։ Դատարաննը կքննի գործը, և դա կլինի բարեփոխում այս ուղղությամբ։

Եվ երրորդ լուծումը Եվրադատարանի՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա փորձն է։ Այդ փորձը շատ քիչ և անբավարար է բանտարկյալների իրավունքի պաշտպանության տեսանկյունից։ Մինչև հիմա Եվրադատարանը չի մեկնաբանել Եվրոպական կոնվենցիայի ոչ մի հոդված մարդու իրավունքների վերաբերյալ։ Մենք պետք է պահանջենք Եվրադատարանից, և ես համոզված եմ, որ դա վաղ, թե ուշ կլինի, Եվրոպական կոնվենցիայի ընդլայնված մեկնաբանում, որպեսզի այսպես կոչված «փափուկ չափանիշները» Եվրադատարանի փորձի շնորհիվ դառնան իրավաբանորեն պարտադիր։

Որո՞նք են ըստ Ձեզ՝ Հայաստանի փակ հաստատությունների հիմնական խնդիրները։

Ես այցելել եմ Հայաստանի ազատազրկման վայրերը մի քանի տարի առաջ։ Եվ ես հասկանում եմ, որ իրավիճակը Հայաստանում զգալիորեն վատացել է։ Ես այսօր լսում եմ,որ կա մեծ գերծանրաբեռնվածություն։ Առաջ Հայաստանում բանտերի ծանրաբեռնվածությունը եղել է ոչ այնքան շատ համեմատած նախկին ԽՍՀՄ-ի այլ երկրների հետ։ Բայց հիմա կարծես թե այն այնպիսի մակարդակում է, ինչպես բազմաթիվ այլ երկրներում։

Գերծանրաբեռնվածությունը ամենալուրջ խնդիրներից մեկն է։ Այլ խնդիր են բանտարկյալների անբավարար նյութական պայմանները։ Այս առումով հայկական բանտերը շատ ավելի վատ վիճակում են, քան նախկին ԽՍՀՄ երկրներում։ Հարկ է նշել մեկ այլ լուրջ խնդիր՝ բանտերի կառավարումը։ Բազմաթիվ հայկական բանտեր ղեկավարվում են բանտարկյալներով՝ ստեղծելով  հիերարխիկ հարաբերություններ բանտարկյալների շրջանում՝ օգտագործելով բանտարկյալներին  մյուս բանտարկյալներին ղեկավարելու համար։ Ափսոս, որ  քրեակատարողական հաստատությունների ղեկավարությունը նման բան է թույլ տվել: Դժվար է սրանից ձերբազատվել։ Սա առաջացնում է և կոռուպցիա, և տարբեր չարաշահումներ։ Այս առումով Հայաստանում իրավիճակը վերջին տարիներին վատթարացել է։

Բացի բանտերից՝ արդյո՞ք եղել եք Հայաստանի այլ փակ հաստատություններում։

Ես այցելել եմ ընդամենը մեկ հոգեբուժարան Երևանում։ Դա եղել է մի քանի տարի առաջ, և չգիտեմ՝ արդյո՞ք դրանից հետո փոխվել է իրավիճակը, քանի որ այն ժամանակ իրավիճակն այնպիսին էր, որ հնարավոր չէր տարբերակել նրանց, ովքեր եկել էին կամավոր, և նրանց, ում բերել էին պարտադրաբար։ Այս առումով այնտեղ իշխում էր կամայականությունը։ Կային խնդիրներ և նյութական պայմանների հետ կապված, չնայած դրանք կան բազմաթիվ այլ երկրներում ևս։

Որպես մարդու իրավունքների փորձագետ՝ ըստ Ձեզ՝ ո՞րն է հասարակության ամենախոցելի խումբը, որի իրավունքներն անընդհատ ոտնահարվում են։

Գրեթե ամեն տեղ երեխաները, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում,  առանձնահատուկ խոցելի են։ Դա այդպես է նաև Հայաստանում։ Սակայն կան բանտարկյալների այլ խմբեր ևս, որոնք ևս շատ խոցելի են, օրինակ՝ համասեռամոլները։ Սա առանձնահատուկ լուրջ խնդիր է Հայաստանում։ Այն, որ իրենց կեցության պայմանները ահավոր են, դրա մասին ոչ մի տեղ չեն խոսում, ինչպես տեսնում եմ՝ նաև հասարակության մեջ։ Որպես կանոն ազատազրկման վայրերում նրանք մնում են ամենավատ պայմաններում։ Ազատազրկման վայրերում, ըստ իմ դիտարկումների, առանձնահատուկ խոցելի են նաև ՄԻԱՎ-ով վարակվածները։ Նախ՝ նրանց համար չկա համապատասխան բուժսպասարկում, բացի այդ՝ և պայմանները, և վերաբերմունքը նրանց հանդեպ շատ վատ է։

Կարո՞ղ եք համեմատել Հայաստանը և Բուլղարիան՝ մարդու իրավունքների խախտման տեսանկյունից։  

Երկու երկրներում էլ կան խմբեր, որոնք առանձնահատուկ խոցելի են։ Բուլղարիայում կան որոշ ազգային փոքրամասնություններ, որոնք  առանձնահտուկ խոցելի են։ Մեզ մոտ դա մեծ խնդիր է՝ կապված հասարակության վերաբերմունքի հետ։ Վերջին շրջանում Բուլղարիայի բազմաթիվ քաղաքներում լայն տարածում էին գտել հակագնչուական ելույթները։ Ես Հայաստանում չեմ տեսել նման բան որևէ փոքրամասնության նկատմամբ։ Բուլղարիայում մի քանի կրոնական խմբավորումներ՝ Եհովայի վկաները և այլ խմբավորումներ, ենթարկվում են խտրականության այնպես, ինչպես Հայաստանում։  Բուլղարիայում կան բազմաթիվ մուսուլմաններ, իսկ Հայաստանում՝ ոչ։ Բուլղարիայում կա առանձնահատուկ խնդիր` իսլամաֆոբիա, այսինքն՝ ատելություն իսլամի նկատմամբ, վախ,  կանխակալ կարծիք կրոնական այդ հասարակության նկատմամբ։  Ինձ թվում է՝ կանանց նկատմամբ վերաբերմունքն այստեղ ավելի վատ է, քան Բուլղարիայում։ Սա ավելի նահապետական հասարակություն է, կանանց իրավունքների պաշտպանությունն այստեղ ավելի ցածր մակարդակի վրա է։

Համեմատած նախորդ տարիների հետ՝ Հայաստանում բավականին աշխատանք է տարվել մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Սակայն բազմաթիվ խնդիրներ դեռևս մնում են չլուծված։ Ի՞նչ նոր լուծումներ կարող եք առաջարկել։

Հայաստանում հիմնական լուծումը պետք է լինի այնպիսի քաղաքական համակարգի ստեղծումը, որը հանդուրժողական կլինի տարբեր քաղաքական, կրոնական, գենդերային և այլ խմբերի նկատմամբ։ Մյուս կողմից՝ պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ստեղծում ազգային մակարդակով, միանալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներին։ Ամեն դեպքում սա կհանգեցնի այն բանին, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կբարելավվի։ Պետք է հնարավորություն տալ քաղաքացիական հասարակությանը լիարժեք երևալ ԶԼՄ-ում, հնարավորության տալ խոսել խոցելի խմբերի անունից և լինել լսելի։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter