HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նունե Հախվերդյան

Թող հետաքրքիր լինի

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերջերս շատ պարզ (անգամ մանկամտության աստիճանի պարզ) ձեւակերպեց մշակութային այն կոդը, որը սկսել է գերիշխել մեր հանրապետությունում: Խոսելով Միկոյանի արձանի տեղադրման մասին՝ նա ասաց. «Սա այն հարցը չի, որ մենք դնենք լայն քննարկման, ընդամենը մեկ կիսանդրի է տեղադրվելու: Իմ կարծիքով, հասարակական դժգոհությանն ավելի շատ որոշ ուժեր դրդում են, սովորական քաղաքացիներին որ հարցնեք, իրենց ոչ մեկին էլ դա չի հետաքրքրում»:

Փաստորեն ստացվում է, որ արձաններ են տեղադրվում, ներկայացումներ են բեմադրվում, երգեր են գրվում այն պատճառաբանությամբ, որ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Իսկ եթե ավելի խորը պեղենք քաղաքապետի միտքը, կպարզենք, որ ըստ նրան, չհետաքրքրվելը արժանիք է:

Ընդհանրապես հետաքրքրասերները քթին հարված են ստանում, քանի որ նրանց կարող են որակել «որոշ ուժերի կողմից դրդված»: Իսկ մոդայիկ իշխանական տեսության համաձայն` ուժը չի կարող մարդու ներսից լինել, այն միայն դրսից է եւ միայն վնասակար: Իսկ ավելի լավ է` ընդհանրապես ուժ չունենալ:

Այդ նույն միտքը մի քանի տարի առաջ, օրինակ, հնչեցրեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ասելով, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի քանդման դեմ բողոքողները մութ ուժերի պատվեր են կատարում: Ընդ որում` նա ավելի հեռուն գնաց` անվանելով կինեմատոգրաֆը «սատանայական» հայտնագործություն:

Այդ մակերեսային պարզեցման ու միաժամանակ երեւակայական թշնամուն դիպուկ բնութագրելու միտումը մի քանի տարի առաջ կարող էր միայն քմծիծաղ առաջացնել, սակայն հիմա համատարած բնույթ է կրում: Եվ արդեն արժանի է ոչ միայն արհամարհական քմծիծաղի, այլ ընդունելու, որ բանական ընդվզումը չարիք է:

Հակառակ դեպքում 1978 թվականին ծնված Տարոն Մարգարյանը չէր անկեղծանա, ասելով. «Ես չէի ուզենա, որ մենք շատ արխիվներում փորձեինք ման գալ, որովհետև ոչ միայն Միկոյանի հետ կապված, այլ նաեւ շատ-շատ այլ մարդկանց մասին կարող ենք փաստեր ունենալ»:

Փաստեր ունենալ պետք չի, արխիվներում ման գալ` նույնպես: Ավելի լավ է ման գալ Երեւանի կենտրոնում ու երգեր երգել այն մասին, որ բարեբախտաբար ազատված ենք փաստերի բեռից: Օրինակ, այս երգը. «Արի քայլենք Երեւանով, թող զբոսանքը մեր լինի բարով»: Եվ հարկավոր չէ փորձել հասկանալ, թե հատկապես որ պարագայում է զբոսանքը ոչ բարով:

Փորձել հասկանալը, գնահատելն ու քննարկելը չի խրախուսվում: Անգամ հակառակը` քննադատվում է: Եթե նկատել եք, մշակութային շղարշ ունեցող բոլոր լայնամասշտաբ պետական ակցիաները միանման դիզայն ունեն: Այդ դիզայնի հիմքը սրտիկներն են (Իմ սրտի մայրաքաղաք), գունավոր ժապավենները, ծայրաստիճան պարզունակ էստրադային երգերը:

Այդ դիզայներական հնարքների շարքում հայտնվեց նաեւ անմոռուկ-նեզաբուդկան, որն իր մեջ խտացրեց տարակուսանք առաջացնելու չափ մակերեսային ֆորման ու մեկնաբանությունը: Եղեռնի 100-ամյա տարելիցը խորհրդանշող նեզաբուդկան լավագույնը համարվեց, քանի որ հիմա ընտրվում ու շրջանառության մեջ են դրվում այն ուղերձները, որոնց առավելությունը հետաքրքիր չլինելն է: Այսինքն` նրանք, որոնք ներքին խոհ կամ էմոցիա չեն արթնացնում: Որոնք հստակ են, ինչպես մահարձանը եւ հետեւաբար գեղարվեստական ու պատմական արժեք չեն ներկայացնում:

Անցնում ես կողքով եւ կա՛մ չես նկատում, կա՛մ էլ արագ փախչում, որպեսզի հանկարծ մահարձանը կաթվածահար չանի քեզ իր բրոնզաձույլ տեսքով:

Այս իրավիճակում, երբ տափակն ու մահաբերը (գոնե ճաշակի ու ոճի առումով) արդեն անթաքույց են գովազդվում ու հիմնավորվում, դիմակայման նոր կանոններ են հարկավոր:

Օրինակ, կարելի է արխիվներում ման եկողներին չսիրող քաղաքապետին առաջարկել Միկոյանի արձանի վրա կարմիր սրտիկներ ամրացնել (միանգամից մի քանի հատ` բոսորագույն): Եվ թող այս կոմպոզիցիան կոչվի «Իմ սրտի Միկոյան»: Իսկ հետո իշխանության սիրած երգիչ-աստղերից մեկն էլ նույն վերնագրով երգ կերգի ու միանգամից կստանա վաստակավոր արտիստի կոչում:

Ի վերջո, եթե վարչապետին փառաբանող բանաստեղծություն է արտասանում դպրոցականը, ուրեմն Միկոյանի գերազմանոցի կրկնօրինակն էլ կարող է երգի թեմա դառնալ ու վերակենդանանալ որպես բոսորագույն սրտի ձոն: Մոտավորապես այսպես. «Բարով եկար գերեզմանից, տե՛ս, որքան չքնաղ է Երեւանը, մեր օրրանը»: Եվ հետո էլ երգի սկավառակն ու հուշանվերի չափերի փոքրացրած արձանը անվճար բաժանել անցորդներին:

Եթե անում են, օգնենք, որ մինչեւ վերջ անեն: Այսպես ասած` ըմռնումով մոտենանք անհեթեթ որոշումներին:

Երբեմն կարելի է ոչ կոմպետենտ մարդկանց կամայական որոշումներին ենթարկվել, բայց ինչպե՞ս ենթարկվել ծիծաղելի մարդկանց ծիծաղելի որոշումներին: Երեւի միայն այսպես` ինքնակամ մտնելով ծուղակն ու է՛լ ավելի սրելով բացասական սելեկցիան:

Եվ չմոռանալով արխիվների մասին: Նաեւ այն նմուշների, որոնք հենց այսօր են արխիվացվում:

Լուսանկարը՝ panarmenian.net-ի

Մեկնաբանություններ (1)

Սամվել
մանկամիտ քաղաքապետ,ո՞ւմ է ձեռնտու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter