HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Լավ կլիներ, որ ջոջերը, երկար-բարակ պոչերը ձեռքը գրպանները տանեին»

«Արվեստը՝ սահմանին»: Սա ապրիլի 25-ից հունիսի 5-ը «Հայարտօնլայն» կերպարվեստի կենտրոնում բարեգործական ցուցահանդես-վաճառքի խորագիրն է: 15 արվեստագետներ իրենց գործերն էին ներկայացրել, որոնց վաճառքից ստացած գումարը նախատեսված է Տավուշի մարզի Վազաշեն գյուղի համար էլեկտրական չորացուցիչ գնելու համար:

Նախաձեռնությունը «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամինն է: Ցուցահանդեսի համադրողը նկարչուհի Սևան Նագգաշյանն է:  


Կենտրոնի մուտքի մոտ ցուցանակն է, որտեղ Վազաշենի երեխաների ու նաև գյուղի «արժանապատիվ ապագայի», աշխատատեղեր ստեղծելու մասին պատառիկ-գրառումներ են փակցվել: Գյուղը 18 կմ սահման  ունի Ադրբեջանի հետ: 370 ընտանիքներից այսօր 200-ն է մնացել գյուղում: Արմինե Պետրոսյանը՝ «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամի տնօրենը, ասում է, որ գյուղը, կարծես, մի լքված ընտանիք լինի, որին այսօր ձեռք մեկնել է պետք: Վազաշենում բերքն առատ է. թզի երկու բերքահավաք ունեն, արքայանարնջի մեկ ծառից ստանում են մինչև 400 կգ բերք, անցած տարի մինչև 5 տոննա նռան բերք են ստացել, 50 տ սալոր, 25 տ հոն, 15 տ թուզ: Բերքը չփչացնելու համար գյուղացիներին անհրաժեշտ է էլեկտրական չորացուցիչ: Չորացուցիչը, որն ընտրել են, արժե 8500 դոլար:

Զավեն Խաչիկյան. «Մանկություն»

Համադրող Սևան Նագգաշյանի խոսքով՝ արվեստագետներն առանց վարանելու էին ընդունել բարեգործական ցուցահանդեսին մասնակցելու առաջարկը: Ավելին՝ ամռանն էլ պատրաստվում են գնալ Վազաշեն, ինստալացիաներ անել տեղում:

Կենտրոնի երկրորդ հարկում աստիճանների դիմաց Մուշեղ Մխիթարյանի «Ճանապարհ դեպի եկեղեցի» գեղանկարն է: Այն ամենաբարձր գինն ունի ցուցահանդեսում. 5000 դոլարից ավելի արժե: Սրահում ներկայացվել են արվեստի բազմաժանր գործեր՝  քանդակ, գեղանկար, լուսանկար, երգիծանկար, կերամիկական աշխատանքներ: Դրանք, կարծես, իրար հետ չեն «վիճում», ինչպես ցուցահանդեսի մասնակից-արվեստագետները: Երեկ նրանք հավաքվել էին «Հայարտօնլայնում»: Ոմանք նեղսրտել էին, որ ցուցահանդեսը չունեցավ իր սպասելի արդյունքը: Վաճառվել է ընդամենը երկու գործ՝ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանի և Նելլի Շիշմանյանի գործերը: Դրանցից ստացած գումարը չի գերազանցում 1000 դոլարը:

Կերամիկական աշխատանքների հեղինակ, գեղանկարիչ-քանդակագործ Արամ Հունանյանն ասում է, որ  ցուցահանդեսի բացման օրը շատ մարդիկ էին եկել, «լիքը» խոստումներ էին տվել: «Բայց  պարզվում է, էդ մարդիկ կամերայի համար են խոսում, հետո մոռանում են»,- նկատում է նա:

Նկարչուհի Նանա Մինասյանն էլ ասում է, որ եթե կարող էր մի «պստիկ» բանով օգտակար լինել, ոնց չանի: Իսկ ցուցահանդես-վաճառքից ստացած ոչ բավարար արդյունքը սպասելի էր: Չգիտի, թե ինչով է պայմանավորված դա, բայց կարծում է, որ կյանքը փոխվել է, ավելի շատ վաճառվում են նատուրալ զզվանք առաջացնող բաներ: «Լավ կլիներ, որ ջոջերը, երկար-բարակ պոչերը, փոքր տեղ է, բոլորս իրար ճանաչում ենք, հարուստ կանայք կան, ձեռքը գրպանները տանեին»,- ասում է նկարչուհի Նանա Մինասյանը:

«Armenian Navy Band»-ի հիմնադիր, երաժիշտ Արտո Թունչբոյաջյանն էլ, որ ցուցահանդեսի հյուրերից էր, ասում է, որ բարեգործական բառն օգտագործելով մարդիկ այդքան չեն ոգևորվում գաղափարով:

«Կարևորը միտքն է»,- նշում է նա: Օրինակ, առաջարկում է հայ-ադրբեջանական սահմաններին այնպիսի «պանելներ» դնել, որ հակառակորդն այդտեղ տեսնի իր արտացոլանքը և չհասկանա տեղանքը: Իսկ այդ միտքը կարող են քննարկել մասնագետները:

Արվեստագետները, սակայն, չեն պատրաստվում նահանջել իրենց ընդհանուր նպատակից: Ցուցահանդես-վաճառքը շարունակվելու է վիրտուալ հարթակում՝ «Հայարտօնլայնի» կայքում: Հույս ունեն, որ գոնե երկու ամսվա ընթացքում կհավաքվի անհրաժեշտ գումարը:

Բարեգործական ցուցահանդես-վաճառքին իրենց գործերով մասնակցում են հետևյալ արվեստագետները. Արմեն Խոջոյան, Մուշեղ Մխիթարյան, Շոթա Ոսկանյան, Ռուդոլֆ Խառատյան, Հովնան Սարգսյան, Տիգրան Ասատրյան, Սևան Նագգաշյան, Լևոն Ասլանյան, Նանա Մինասյան, Արեգ Պետրոսյան, Հերիքնազ Գալստյան, Զավեն Խաչիկյան, Նելլի Շիշմանյան, Վրէժ Քասունի, Արամ Հունանյան:

Առաջին լուսանկարում՝ «Մանկական խաղ», հեղ. Զավեն Խաչիկյան

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Խնդրի հիմնավորումը՝ Վազաշենի մասին ֆիլմում.. https://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=L1kvg1_xNZg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter