HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Ոսկե ծիրանը» բացելու է «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը

Այս տարի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում ներկայացված է 18 ֆիլմ: Դրանք ընտրվել են շուրջ 120 հայտերից: Ընտրող հանձնաժողովում աշխատել են արձակագիր Արմեն Օհանյանը, ռեժիսոր Դիանա Կարդումյանը, ռեժիսոր Վարդան Հակոբյանը և կինոքննադատ, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը: Վերջինս նշում է, որ ներկայացված ֆիլմերում գերակշռում են հայկական արտադրության ֆիլմերը, որոնք իրենց որակով ավելի բարձր են, քան դրսում նկարահանվածները: 7 լիամետրաժ ֆիլմերից 5-ը հայկական արտադրության են:

«Տարբեր են, հեղինակային են և լավն են»,- այսպես է բնութագրում «Հայկական համայնապատկերի» ֆիլմերը Ր. Մովսիսյանը:  

Այս մրցութային ծրագրի ժյուրիի կազմը ղեկավարելու է ֆրանսիացի կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Ժյուրիի կազմում են նաև ԱՄՆ-ից Կարեն Արիկյանը, Վրաստանից Գեորգի Գոգիբերիձեն, Լիտվայից հայազգի Մարատ Սարգսյանը և Հայաստանից Մարիա Սահակյանը: Վերջինիս «Այդ ես չեմ» ֆիլմը անցած տարի «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցույթում արժանացավ գլխավոր մրցանակին:

«Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրին զուգահեռ փառատոնի ընթացքում ներկայացվելու է «Հայեր. հայացք դրսից և ներսից» ոչ մրցութային ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են այն ֆիլմերը, որոնք պատմում են հայերի, Հայաստանի մասին կամ ստեղծված են հայկական ծագում ունեցող կինոգործիչների կողմից, սակայն չեն ընդգրկվել մրցութային ծրագրում:  

Կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացված է շուրջ 30 ֆիլմ: Մրցույթի ժյուրիի կազմում են Իսրայելից կինոգետ Էրեզ Փերին՝ ժյուրիի նախագահ, Ֆրանսիայից պրոդյուսեր Ռոն Դայենսը և Ռուսաստանից կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան:

«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի բացման ֆիլմը լինելու է «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը, որն այս տարի ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի ժամանակ: Կինոփառատոնն անց է կացվելու հուլիսի 13-20-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter