
«Դիսկոտեկ»՝ Զվարթնոց տաճարի տարածքում (տեսանյութ)
Այսօր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Զվարթնոցում և Գառնիում տեղի ունեցած «փարթիներից» հետո որոշել է արձագանքել՝ պատժելով նրանց, ովքեր ընդամենը հրաման կատարողներ են եղել: Նախարարը խիստ նկատողություն է տվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին, իսկ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Վարդան Գրիգորյանին էլ ազատել է աշխատանքից:
Հրամանում ասվում է, թե պատշաճ կերպով չեն վերահսկվել պայմանագրում նշված կետերը: Սա՝ այն դեպքում, երբ հունիսի 14-ին Զվարթնոցում կայացած միջոցառմանը նույնիսկ չեն թույլատրել ներկա գտնվել արգելոց-թանգարանի աշխատակիցներին: Նախարարուհին իրավիճակն արագ շտկել է՝ քավության նոխազ դարձնելով կատարածուներին, իսկ այդ դեպքում ինչո՞ւ է ուշանում հենց նրան՝ Հասմիկ Պողոսյանին պատժելու հրամանը:
Իր հերթին էլ Վլ. Պողոսյանն էլ «Panorama.am»-ին հայտնել է, թե Հ. Պողոսյանին առաջարկելու է փոփոխություններ անել վարձակալության պայմանագրի մեջ՝ պայմանագրի կետերի թվից հանել խնջույքների, կերուխումի անցկացումը: «Ես արդեն նախարարին առաջարկով գրություն եմ պատրաստել, որ մենք նման կորպորատիվ միջոցառումներ, որ վերջում գեղարվեստական մաս էլ է լինում, բացառենք: Միջոցառում ինքնին կլինի, բայց ուղղակի չի լինի հացկերույթ ասեմ, ճաշկերույթ ասեմ: Խնջույքը բացառենք, բայց թող գան միջոցառում անեն»,- կայքին ասել է Վլ. Պողոսյանը:
«Հետքի» աղբյուրը տրամադրել է տեսանյութ, որում երևում է հունիսի 7-ին Զվարթնոցում ռուս զույգի հարսանյաց հանդեսից մի հատված: Աղբյուրը նշել է, որ խնջույքը շարունակվել է նաև հաջորդ օրը: Ըստ այդմ՝ սեղան է դրվել նաև բուն տաճարի տարածքում: Ամսի 14-ի «փարթիի» վերաբերյալ աղմուկից հետո Վլ. Պողոսյանի ղեկավարած ՊՈԱԿ-ը հաղորդագրություն տարածեց, որում, մասնավորապես, նշված է նաև ամսի 7-ի միջոցառման մասին. «Ինչ վերաբերում է բաց եւ փակ միջոցառման (տվյալ դեպքում հարսանյաց հանդեսի) վերաբերյալ սոցիալական որոշ ցանցերում հայտնված քննադատությանը, ապա տեղեկացնում ենք, որ այդօրինակ միջոցառումներ նախկինում էլ եղել են: Զվարթնոց, Գառնի տաճարների կամարների ներքո, Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծեսեր են իրականացվել: Միաժամանակ հայտնում ենք, որ բաց և փակ միջոցառումները իրականացվել են ու կիրականացվեն բացառապես տաճարի հարևանությամբ գտնվող խոտածածկ հատվածում, հատուկ այդ նպատակով հարմարեցված ժամանակավոր հարթակի վրա: Բուն հուշարձանի տարածքում հարսանյաց հանդես չի կարող լինել և չի եղել, ինչպես նշվել է որոշ անձանց կողմից ՖԲ սոցիալական ցանցում»:
Հատուկ Վլադիմիր Պողոսյանի համար ասենք, որ տեսանյութում երևացողը հաստատ «Աստծո օրհնությամբ և եկեղեցու սպասավորների մասնակցությամբ, հարսանյաց ծես» չէ:
Մնում է փաստել, որ մշակույթի նախարարությունն այսօր լծվել է Զվարթնոցի ու Գառնիի նման արժեքները բիզնես-օջախների վերածելու բեղմնավոր գործին:
Լուսանկարում՝ Վլ. Պողոսյան, Հ. Պողոսյան
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել