
Բողոքի ակցիա Վանաձորում. «Քիմպրոմի» բանվորները կրկին աշխատավարձ են պահանջում
Արդեն մեկ տարուց ավելի է՝ Վանաձորի «Քիմպրոմ» գործարանի թվով 700 բանվորներ չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձը: Այսօր առավոտյան՝ ժամը 9-ին, շուրջ 200 բանվորներ կրկին աշխատավարձի պահանջով բողոքի ակցիա էին կազմակերպել «Քիմպրոմի» առջև: Գործարանի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը բանվորներին չի ընդունել: Բանվորները ստիպված ոտքով եկել էին Լոռու մարզպետարանի մոտ և պահանջում էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ հանդիպում:
Արթուր Նալբանդյանը հանդիպեց բանվորներին: Ասաց, որ դեռևս ասելիք չունի, քանի որ այս պահին հարցն ուսումնասիրման փուլում է, ճշտվում է «Քիմպրովի» ֆիանսական վիճակը: Հայտնի է, որ հաշիվների վրա կալանք է դրված, և կառավարությունում քննարկվում է այդ հարցը:
Բանվորները պահանջում էին հայտնել «Քիմպրոմի» սեփականատիրոջ անունը, քանի որ ոչ ոք չգտիտե իրական տիրոջը: Բանվորները նաև պահանջում էին հանդիպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, այժմ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հետ, ով խոստացել էր գալ գործարան, սակայն մինչ օրս չի եկել և չի հանդիպել բանվորներին:
Բանվորները մարզպետից խնդրում էին այս մասին տեղեկացնել կառավարությանը, և նրանցից մեկը բարձրացավ մարզպետի աշխատասենյակ, որպեսզի խոսեն կառավարության որևէ պաշտոնյայի հետ և իրավիճակի մասին տեղեկացնեն նրանց, սակայն հեռախոսները չէին պատասխանել:
Բանվորները որոշեցին հունիսի 25-ին նորից բողոքի ակցիա կազմակերպել «Քիմպրոմի» մոտ:
Մեկնաբանել