
ԱԳՆ-ն՝ Զվարթնոցի «կորպորատիվ փարթիի» մասին
Հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի ունեցած միջոցառումից հետո «Հետքը» դիմել էր ՀՀ ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանին: Հանձնաժողովը գործում է ԱԳՆ-ի կազմում, իսկ դրա նախագահը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն է:
Հիշեցնենք, որ Զվարթնոցն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ՅՈւՆԵՍԿՕ-ն նմանատիպ թեկուզ մեկ միջոցառման մասին տեղեկանա, ապա Զվարթնոցը կարող է հանվել ժառանգության ցանկից: Վ. Կաժոյանը մեր հարցերին չպատասխանեց, փոխարենը խորհուրդ տվեց հարցերն ԱԳՆ-ին ուղղել գրավոր:
Ներկայացնում ենք ԱԳՆ-ի՝ «Հետքի» գրավոր հարցերի պատասխանները՝ Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի գործունեության և Զվարթնոցի դեպքերի մասին:
-Ո՞ր թվականից է գործում Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովը, ի՞նչ գործունեություն եք ծավալում: Խնդրում եմ՝ առանձնացրել հանձնաժողովի կատարած աշխատանքից երեք կետ:
-ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի ստեղծման որոշումը կայացվել է 1991 թ.: Հայաստանի ազգային հանձնաժողովի քարտուղարությունը գտնվում է ՀՀ ԱԳՆ կազմում` որպես միջազգային կազմակերպությունների վարչության ՅՈւՆԵՍԿՕ-ի բաժին: Նշված վարչության պետն ի պաշտոնե նաև հանձնաժողովի գլխավոր քարտուղարն է: Ինչպես այլ երկրներում Հանձնաժողովի նախագահն ի պաշտոնե ՀՀ արտաքին գործերի նախարարն է:
Հանձնաժողովի հիմնական գործառույթներն են.
Հայաստանի Հանրապետության շահերից բխող դիրքորոշումների ներկայացում ՅՈւՆԵՍԿՕ-ի, այդ թվում գլխավոր կոնֆերանսի շրջանակներում, ինչպես նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի օժանդակ մարմիններում ՀՀ անդամակցության ապահովումը: Ներկայումս ՀՀ-ն ընտրված է զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության կոմիտեում, ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման միջկառավարական կոմիտեում ու կրթության միջազգային բյուրոյում:
Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի մանդատի ներքո ծրագրերի իրականացման համակարգում.
Ակտիվ համագործակցություն է իրականացվում Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ցանցի (ASPnet) (մասնավորապես ներկայումս շարունակվում է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը), ամբիոնների և ակումբների հետ` աջակցելով դրանց մասնակցությանը ՅՈւՆԵՍԿՕ-ի ծրագրերում և նախաձեռնություններում իրականացնում է զանազան ծրագրեր շահագրգիռ գերատեսչությունների ու կառույցների հետ (ներկայումս ընթացքում է «Ուսուցում հանուն ապագայի» պիլոտային ծրագիրը):
Հանձնաժողովի աշխատանքի շնորհիվ «Համաշխարհային ժառանգության» գրանցամատյանում են ընդգրկված ել Հաղպատի ու Սանահինի վանական համալիրները, Գեղարդի վանական համալիրն ու Ազատ գետի վերին հովիտը և Էջմիածնի Մայր տաճարը և եկեղեցիներն, Զվարթնոցի հնագիտական վայրը (2000թ.):
ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսևորումները», «Խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը» և «Դուդուկի երաժշտությունը»:
«Աշխարհի հիշողություն» ծրագրի Միջազգային ռեգիստրում գրանցվել են «Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները և կինոերաժշտությունը», աստղագետ «Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրությունը» և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն:
Հանձնաժողովի համակարգմամբ իրականցվել է Հայաստանի մասնակցությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի մի շարք գիտակրթական և մշակութային ծրագրերին, նախաձեռնություններին և միջոցառումներին։
Ազգային հանձնաժողովի կողմից համակարգմամբ՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի ֆինանսավորմանն են ներկայացվել ծրագրային առաջարկներ, որոնցից միայն 2012-2013 թթ. 81000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում է տրամադրվել Հայաստանի տարբեր ոլորտներում նախագծերի իրականացման համար:
-Ինչպիսի՞ վերահսկողություն եք իրականացնում:
-ՅՈւՆԵՍԿՕ-ի շրջանակներում ազգային հանձնաժողովի հիմնական գործառույթներն են` խորհրդատվության և տեղեկատվության տրամադրում և տարածում, իրազեկում, գործունեության համակարգում, աջակցություն ՅՈւՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրականացմանը:
-Քանի՞ անդամ ունի հանձնաժողովը:
-Հանձնաժողովն առաջնորդվում է 1994թ. ՀՀ ԱԳ նախարարի կողմից հաստատված կանոնադրությամբ: Ժամանակի ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերանայելու հանձնաժողովի կազմն ու գործող կանոնադրությունը: Ներկայումս ազգային հանձնաժողովի նոր կանոնադրության ու կազմի նախագծերը գտնվում են հաստատման փուլում: Նորացված կազմը ներառելու է ՀՀ ԱԳՆ-ի, մշակույթի, կրթության և գիտության, էկոնոմիկայի, բնապահպանության, սպորտի և երիտասարդության հարցերի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, քաղաքապետարանի, Մատենադարանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներին:
-Զվարթնոց տաճարի մոտ արդեն տարիներ շարունակ կազմակերպում են բաց և փակ միջոցառումներ, այդ թվում՝ հարսանյաց արարողություններ, խնջույքներ: Տեղյա՞կ եք այդ միջոցառումներից: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում:
-«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի կառավարումը, պահպանությունը և անվտանգության ապահովումն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից: Զվարթնոցի տարածքում իրականացվող միջոցառումների կազմակերպումը չի համաձայնեցվում ՅՈւՆԵՍԿՕ-ի գործերով ազգային հանձնաժողովի հետ:
-Վտանգ կա, որ հունիսի 14-ին Զվարթնոցում տեղի ունեցած միջոցառման հետևանքով այն կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից: Ի՞նչ քայլեր եք անում այդ ուղղությամբ:
-Համաշխարհային ժառանգության գրանցամատյանում ընդգրկված հուշարձանների ընդգրկմամբ հանրային միջոցառումներն ընդունված են նաև այլ երկրներում:
Յուրաքանչյուր երկիր համաշխարհային ժառանգության գրանցամատյանում գրանցված իր հուշարձանների պահպանման վերաբերյալ պարբերական զեկույցներ է ներկայացնում ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Ցանկից հանելու նախաձեռնությունը արվում է այն պարագայում, երբ հուշարձանի վիճակը խիստ վատթարացել է, և տվյալ պետությունը չի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հուշարձանի պաշտպանությունն ապահովելու համար:
-Որտե՞ղ կարող ենք կարդալ հանձնաժողովի տարեկան հաշվետվությունները:
-Հաշվետվության ամփոփումը մատչելի է ՅՈւՆԵՍԿՕ-ի կայքէջում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել