HY RU EN

Բնապահպանության նախարարությունը դատարանում հաշտության առաջարկ արեց «Հետքին»

Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ բնապահպանության նախարարության՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջով նախնական դատական նիստը: Բնապահպանության նախարարության ներկայացուցիչ, դատաիրավական բաժնի պետ Լևոն Գևորգյանը առաջարկեց հաշտության համաձայնագիր կնքել՝ պարտավորվելով տրամադրել պահանջված տեղեկությունները:

Հիշեցնենք, որ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների հետաքննության շրջանակներում «Հետքը» ՀՀ բնապահպանության նախարարությունից պահանջել էր տրամադրել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» (CITES) կոնվենցիայով ներկրված եւ արտահանված կենդանիների թույլտվությունների (CITES-ների) պատճենները՝ 2010 թ.-ից մինչև 2013թ. դեկտեմբերի 9-ը: Նշված տեղեկատվությունը նախարարությունը չէր տրամադրել, պատճառաբանելով, որ դրանց մեջ գաղտնիք պարունակող տեղեկություններ կան և տրամադրել էր միայն Հայաստան ներմուծված և արտահանված կենդանիների ցանկը:

Այսօրվա նիստի ժամանակ Լևոն Գևորգյանը հայտարարեց, որ «նախարարության ստորին օղակները»՝ իրավաբանական վարչությունը և կենսառեսուրսների կառավարման գործակալությունը հանգել են եզրակացության, որ պահանջված տեղեկատվությունը պետք է տրամադրվի «Հետաքննող լրագրողներին», ուստի ժամանակ է անհրաժեշտ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին զեկուցելու և վերջնական դիրքորոշում ներկայացնելու համար:

Նիստը նախագահող դատավոր Սամվել Հովակիմյանը պատասխանողի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքեր կան ենթադրելու, որ նախարարը կհամաձայնվի հաշտության համաձայնագիր կնքելուն: Լ. Գևորգյանը դարձյալ հիշատակեց «ստորին օղակների» կարծիքը՝ պահանջված տեղեկատվությունը տրամադրելու մասին:

«Այսինքն՝ պատրաստ եք պահանջված ամբողջ տեղեկատվությունը տրամադրե՞լ»,-հարցրեց դատավոր Հովակիմյանը: «Այո»,-հաստատեց Լևոն Գևորգյանը:

Դատավորը բանակցություններ վարելու եւ հաշտության համաձայնության գալու վերաբերյալ բավարարեց պատասխանողի միջնորդությունը եւ երեք շաբաթ ժամանակ տրամադրեց: