HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ռուսական գործակալներն անպատիժ գործում են Հայաստանում, քանի որ նրանց հովանավորում են իշխանությունները»

Շանթ Հարությունյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստից առաջ 14 ամբաստանյալների հարազատների ցուցակն էր կազմվել: Ամեն ընտանիքից կարգադրիչները թույլատրում էին 2-ական անդամ ներս մտնի դահլիճ՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղերը սահմանափակ են: «Հետքին» այս անգամ ևս մոտ 10 րոպե թույլ չէին տալիս մտնել դահլիճ, ինչպես և նախորդ անգամ: Սակայն ի տարբերություն անցյալ դատական նիստի, երբ նստարաններն այդպես էլ կիսադատարկ մնացին, այս անգամ իսկապես դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: 14 քաղաքացիներին սատարողներից ոմանք մնացին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ երկաթե ուղեփակոցների դիմաց, եռագույն դրոշներով, «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» պաստառներով:

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը (ով կպաշտպանի նաև Շանթի որդուն՝ Շահեն Հարությունյանին ու Վարդան Վարդանյանին) դարձյալ միջնորդեց ապահովել դատական նիստերի ընդարձակ դահլիճ, սակայն հարցն այդպես էլ լուծում չգտավ: Նիստը սկսվեց ու ընթացավ անհարմար պայմաններում: Եթե հաշվի առնենք, որ գործով անցնում է 16 ոստիկան, ովքեր երկրորդ նիստն է չեն ներկայանում դատարան, ապա կստացվի, որ դահլիճում առհասարակ շարժվելու տեղ չի լինի: Բոլոր տուժողները գրավոր դիմումներ էին ներկայացրել դատարան, որով խնդրել էին առանց իրենց շարունակել նիստը՝ պատճառաբանելով, որ առողջական խնդիրներ ունեն: Սակայն թե՛ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, թե՛ Արա Զաքարյանը նշեցին, որ տուժողների ներկայությունը կարևոր է. «Հենց միայն այն հիմքով, որ ոստիկանների ցուցմունքների վրա է կառուցվել մեղադրանքը»,-ասաց Արա Զաքարյանը: Դատարանն ասաց, որ տուժողներն անպայման կհարցաքննվեն դատարանում: Տուժողների համար նախատեսված առաջին նստարանն այդպես էլ մնաց դատարկ: Երբ լրագրողները փորձում էին առաջ անցնել, կարգադրիչներն ու ոստիկանները պատճառաբանում էին, թե դա անվտանգության գոտի է:

Դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանը նախ ծանոթացավ ամբաստանյալների կենսագրական տվյալներին՝ պարզելով, որ շատերն ունեն անչափահաս երեխաներբազմազավակ ընտանիքի հայր են, նախկինում դատված չեն եղել, կա ուսանող՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, ով Ագրարային համալսարանի 2-րդ կուրսում գերազանց է սովորում: Նա 8 ամիս է՝ հիպերտոնիայով հիվանդ վիճակում գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժական մասում:

Շանթ Հարությունյանը նկատեց, որ իրենք ամբաստանյալներով չունեն հնարավորություն միասնական կառուցելու իրենց պաշտպանությունը, խորհրդակցելու միասին, մինչդեռ իրենց գործի վրա աշխատել է քննչական 15 հոգանոց խումբ: Նա կոչով դիմեց ընկերներին՝ պաշտպանվել այնպես, ինչպես ուզում են, բայց դա չանել արժանապատվության հաշվին։

«Եթե մի քայլ կա, որ կարող եք անել, որ օր առաջ ազատվեք, արե՛ք, բայց խնդրում եմ` դա չանեք արժանապատության հաշվին: Ուզում եք ասեք՝ միլիցա ենք ծեծել, լավ ենք արել: Հիմա էլ ուզում եք, ասեք՝ ներողություն»,- ասաց Շանթ Հարությունյանը՝ ողջունելով Հայկ Կյուրեղյանին, ով օդամղիչ ատրճանակով անցած դատական նիստին կրակել էր, ապա ձերբակալվել ու կալանավորվել:

«Հայկը ճիշտ ա արել, որ չի օգտագործել մարտական զենք։ Ես մարտական զենքի օգտագործումը համարում եմ պրովոկացիա։ Իմ և իմ ընկերների ձեռքին այս պայքարում չի կարող լինել մարտական զենք։ Եթե մեկի ձեռքին լիներ, դա էլ կհամարեի պրովոկացիա: Քանի դեռ ոստիկանությունը խաղաղ ցուցարարների հանդեպ չի կիրառում մարտական զենք, մենք դա չենք անի»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Նրա կարծիքով` իրեն, իր տղային, ընկերներին առաջադրված մեղադրանքը ռուսական գործակալների ձեռքի գործն է: «Ռուսական գործակալները մեզ հետապնդում են 2009թ-ից։ Նրանք անպատիժ գործում են Հայաստանում, քանի որ նրանց հովանավորում են իշխանությունները… Սերժ Սարգսյանն ու Հովիկը Աբրահամյանը նույնպես ռուսական գործակալներ են»,- շարունակեց Շանթը՝ հրաժարվելով բացարկ հայտնել դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ պարզաբանելով, որ միտք չունի մի դատավորին փոխել մյուսով, երբ ողջ դատաիրավական համակարգը նույնպես ռուսական գործակալների ձեռքին է:

Ամբաստանյալներից Ալեք Պողոսյանն էլ բացարկ հայտնեց դատավորին՝ միջնորդելով, որ նիստը վարի ռուսական դատարանը, քանի որ, ըստ նրա, միևնույն է, մեղադրանքը ռուսական կողմի պատվեր է:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց ամբաստանյալ Ալեք Պողոսյանի բացարկի միջնորդությունը։ Երբ Տիգրան Պետրոսյանի ու Արմեն Հովհաննիսյանի փաստաբան Արա Զաքարյանը կարդում էր իր պաշտպանյալներին կալանքից ազատելու միջնորդությունը, Շանթ Հարությունյանը դժգոհեց, թե սա իրավունքի կռիվ չէ, այլ քաղաքական: Հայտարարված 10 րոպեանոց ընդմիջման ժամանակ Արա Զաքարյանը, «Հետքի» հարցին պատասխանելով, ասաց, որ եթե Շանթն այս հարցը տեսնում է զուտ քաղաքական հարթության մեջ, ապա կարող էր ձևական ընդունել մեղքն ու դատապարտվել:

Ընդմիջումից հետո Շանթը շարունակեց այսպես. «Եթե դուք այսօր օրենքից կետեր եք մեջբերում ու հավատում եք, որ նման կետերով հնարավոր է արդարություն, ուրեմն  հավատում եք, որ Սերժ Սարգսյանն արդար նախագահ է։ Բայց եթե հավատում եք դրան, ուրեմն դեբիլ եք, որ ինձ հետ դուրս եք եկել նոյեմբերի 5-ին, մենք այդ օրը դուրս ենք եկել պայքարելու դեգրադացված արժեքների դեմ»:

«Հետքի» հետ զրույցում պահեստազորի մայոր Արմեն Հովհաննիսյանի կինը՝ Շողեր Հակոբյանն ասաց, որ ոչ մի ակնկալիք չունի դատարանից ու արդարադատությունից: «Ինչպես պատվերն իջեցվի, այնպես էլ կանեն, քանի որ մեր տղաներից և ոչ մեկը մարդասպան չէ, բռնաբարող չէ, խուլիգան չէ, ոչ էլ թաթախված է օֆշորային սկանդալների մեջ»,- ասաց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter