HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Կառավարական հանձնաժողովը չանդրադարձավ «կարմիր գծերին», սխալ լուսաֆորներին ու մահաբեր խախտումներին

Արդեն կես տարի է, ինչ իշխանության մարմիններում բավականին ակտիվացել են խոսակցությունները տուգանքների չափերի մասին: Այդ խոսակցությունների արդյունքում ապրիլի 11-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրեր ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց թիվը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունն ու միջազգային փորձը:

Օրերս հանձնաժողովն ավարտեց աշխատանքները, եւ կառավարության առաջարկով Ազգային ժողովն ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով որոշ խախտումների համար տուգանքների չափը նվազեց, իսկ որոշների համար` ավելացավ:

Առաջին հայացքից կառավարական հանձնաժողովի աշխատանքները կարելի է գնահատել դրական: Սակայն, հանձնաժողովի պարտականությունները բնավ չէին սահմանափակվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի քանի փոփոխությունների մշակմամբ: Այն առաջին հերթին պետք է ուսումնասիրեր խախտում ծնող հանգամանքներն ու նոր անդրադառնար տուգանքների չափերին՝ զուգահեռաբար քննարկելով «կարմիր գծերի հարցը»: Դա ակնհայտ է թե́ հանձնաժողովի անունից և́ թե կազմից:

 «Չէ, ապե, ռեմենը կարա սպանի»

Ըստ կառավարական հանձնաժողովի առանցքային ներկայացուցիչներից մեկի` ՀՀ փոխոստիկանապետ Օսիպյանի հայտարարության, տուգանքների մի մասը խստացվել է, քանի որ այդ խախտումները «կյանքի համար վտանգավոր են»:

Մենք բազմիցս գրել ենք այն մասին, թե իրականում որ խախտումներն են  հանգեցնում մահվան, և ինչպես են այլ երկրներում պայքարում ճանապարհներին մահացության վիճակագրության դեմ: Մասնավորապես, մոտավոր հաշվարկներով` մահացության թիվը կրկնակի կնվազի, եթե բոլորը (վարորդները, ուղևորները) երթևեկեն ամրակապված՝ մի հարց, որին չի անդրադարձել հանձնաժողովը:

Ամրագոտիները այնքան կարևոր են, որ Մեծ Բրիտանիայում չամրակապված լինելու համար կարող են տուգանել 500 ֆունտով, Իտալիայում` 300 եվրոյով, Կանադայում` 1000 դոլարով, Ճապոնիայում` 450 դոլարով (այդ երկրներում մյուս տուգանքները հայկական տուգանքներից մի քիչ են մեծ): … Դա հասկացան նաև Վրաստանում ու Ռուսաստանում, ուր վերջին տարիներին էականորեն բարձրացրեցին չամրակապվելու համար տուգանքները:

Արևմուտքում նաև գումար չեն խնայում ամրակապվելու օգտին քարոզող սոց. գովազդ նկարելու վրա:


Սակայն մեր երկրի կառավարությունը գտավ, որ Հայաստանում սեփական կյանքը և ուղևորների կյանքը վտանգող վարորդին 5000 դրամով տուգանելը բավարար է՝ նույնքան, որքան 1,2 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանում, որտեղ ճանապարհներին զոհվածներին այնքան էլ չեն հաշվում, իսկ չամրակապվելու համար ընդհամենը 8 դոլար են տուգանում:

Այն, որ Հայաստանի վարորդների մեծ մասը չի գիտակցում, թե որքանոՙվ է կարևոր ամրագոտին, հասկանալի է, քանի որ դա բոլոր երկրներում է դժվարությամբ ներդրվել… Այն, որ շարքային ՃՈ տեսուչները հաճախ դա չեն հասկանում (քաղաքից դուրս իրենք էլ են պարտավոր ամրակապվել), արդեն մտահոգիչ է…

Սակայն այն, որ դրան չի անդրադառնում ոստիկանության ղեկավարությունն ու կառավարական հանձնաժողովը, նշանակում է, որ կամ իրենք իրականում «թքած ունեն» մարդկանց կյանքերի վրա, կամ իրենք էլ չեն հասկանում ամրագոտու կարևորությունն ու առաջնորդվում են «ապե, նենց ավարիաներ են լինում, որ ռեմենը կարա սպանի» կարգախոսով (ուստի, ոչինչ չեն հասկանում սեփական գործից):

«Բեսպրեդելշիկները» կարող են շարունակել

Թեև նոր օրենքով արագությունը մեծ չափով խախտողներին կարող են տուգանել մինչև 500 հազար դրամի չափով, լուծված չէ մի կարևոր հարց, որի մասին մենք գրել ենք: Հայաստանում նույն արարքի համար նույն չափով է տուգանվում թե́ նախկինում օրինապահ վարորդը, թե́ նա, ով ամեն օր է օրենք խախտում:

Մինչ Արևմուտքում ու Ռուսաստանում խախտումը կրկնելու համար պատժատեսակներն ավելանում են (մեծ տուգանքներ, վարորդական իրավունքից զրկում), մեր երկրում կարող ես օրական 100 անգամ կարմիր լույսի տակ անցնել ու վարորդականից չզրկվել:

Այստեղ հարկ է պատկերացնել, թե որ սոցիալական խմբերին են պատկանում պարբերաբար օրենք խախտողները, և ինչ ազդեցություն ունի այդ խավը ԱԺ-ի ու կառավարության վրա:

Խախտում ծնող հանգամանքները

Մենք բազմիցս անդրադարձել ենք նաև այն խնդրին, որ սխալ լուսաֆորների, չերևացող նշանների ու իրարամերժ գծանշումների պատճառով հաճախ վարորդները խախտում են կատարում սեփական կամքից անկախ: … Իսկ երբեմն նրանք անգամ հայտնվում են վթարային իրավիճակներում:

Բոլոր այդ խնդիրները Ձեր խոնարհ ծառան ներկայացրել էր ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական վարչությանը` կառավարական հանձնաժողովի քննարկման համար:

Սակայն, ինչպես արդեն գիտենք, հանձնաժողովն այս խնդիրն էլ է շրջանցել:  Հայաստանցի վարորդները տարեկան հարյուր միլիոնավոր դրամ տուգանք են վճարում սխալ լուսաֆորների պատճառով (այդ գումարներն ուղղվում են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության բյուջե ու Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հիմնադրամ): Այդ ամենով հանդերձ, հանձնաժողովը հարկ չհամարեց ձերբազատվել սխալ կիրառվող լուսացույցերից, իսկ նշանները դարձնել առավել երևացող:

Պլանշեի մանևր

Երեքշաբթի արդեն անդրադարձանք այն հանգամանքին, որ կառավարական այս հանձնաժողովը շրջանցել է նաև վճարովի ավտոկայանատեղիների հարցը, չնայած այդտեղ առկա են բազմաթիվ ապօրինություններ ու էլ ավելի շատ խնդիրներ:

Անշուշտ, եզրակացությունները բավականին տխուր են: Ակամայից հիշում ես Ալեքսանդր Դյումայի «20 տարի անց» գիրքը. Դ ’Արտանյանի նախկին ծառա Պլանշեն Փարիզի ապստամբության ժամանակ մանևրներ էր անում մարտերից խուսափելու, սակայն ակտիվ կռվի մասնակցելու իմիտացիա ստեղծելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter