
Գառնիի ու Զվարթնոցի 4 տարիների «փարթիներից» ավելի քան 15 մլն դրամ են ստացել
Հունիսի 14-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում տեղի ունեցած «կորպորատիվ փարթիից» հետո «Հետքը» գրավոր հարցերով դիմել էր ՀՀ մշակույթի նախարարության ««Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին:
Խնդրել էինք ներկայացնել, թե վերջին 5 տարիներին քանի միջոցառում է տեղի ունեցել Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարաններում, ովքեր են եղել դրանց կազմակերպիչները, եւ արդյունքում որքան գումար է փոխանցվել բյուջե:
Հարցերի պատասխանները ներկայացրել է ՊՈԱԿ-ի տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ Մարինե Ավանեսյանը: Ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.
«Ի պատասխան Ձեր 18.06.2014 թ. գրության, հայտնում ենք, որ 2010-2014 թթ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ 9 արգելոց և արգելոց-թանգարաններում վարձակալությամբ տարածքն օգտագործելու համար դիմել են հետևյալ կազմակերպությունները: Միջոցառումներն անցկացվել են «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում: Մյուս 7 մասնաճյուղերում միջոցառում անցկացնելու հայտ մինչ օրս ՊՈԱԿ-ին չի ներկայացվել: 2010 թ. նախորդող տարիներին նմանօրինակ հայտեր չեն ներկայացվել: Հետևաբար, տեղեկությունները Ձեզ ենք տրամադրում 2010-2014 թթ. կտրվածքով:
2010 թ.- «Հյուր սերվիս» ՍՊԸ, «Ամիստադ Տուր» ՍՊԸ և «Մեդիակրատ» ՍՊԸ (բոլոր միջոցառումներն էլ՝ Գառնիում)
2011 թ.- «Նիկոմեդ Ավստրիա ԳմբՀ» հայաստանյան ներկայացուցչություն (Գառնի, Զվարթնոց), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Գառնի), «Մեդիակրատ» ՍՊԸ (Գառնի), «Բիս Արտ» ՓԲԸ, «Ֆայվ Սթարս Թրավել» ՍՊԸ (Զվարթնոց), «Շարմ Հոլդինգ» ՍՊԸ (Զվարթնոց):
2012 թ.- ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Մոդդ Իվենց» ՍՊԸ (Գառնի), «Ամիստադ Տուր» ՍՊԸ (Գառնի), Էջմիածնի քաղաքապետարան (Զվարթնոց), «Ռումեա» ՍՊԸ (Զվարթնոց):
2013 թ.- «Նուեվա Վիստա» ՍՊԸ (Գառնի), «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ (Գառնի), «Ֆայվ Սթարս Թրավել» (Զվարթնոց), «Մոդդ Իվենց» (Զվարթնոց), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց):
2014 թ.- «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ (Գառնի), ՀՀ Կենտրոնական բանկ (Գառնի), «Էլիտար» ՍՊԸ (Զվարթնոց), «Քեմփ Վենչուրս» ՓԲԸ (Զվարթնոց):
Տեղեկացնում ենք, որ 2010-2014 թթ.. ընթացքում վերը նշված միջոցառումների շրջանակում տարածքի օգտագործման համար վճարված գումարի չափը կազմել է 15 մլն 314 հազար դրամ, որից սահմանված կարգով ավելի քան 3.5 մլն դրամը շահութահարկ և ավելացված արժեքի հարկ է վճարվել պետբյուջե: Մնացած գումարները, «Պահպանության ծառայության» կողմից աշխատանքային ծրագրի համաձայն, ուղղվել են նպատակային ու առաջնահերթություն ներկայացնող խնդիրների լուծմանը: Մասնավորապես կազմակերպվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը, նորոգվել է «Զվարթնոց» արգելոց-թանգարանի գլխավոր մուտքի աջ թևը, վերանորոգման աշխատանքներ են իրականացվել «Գլաձորի համալսարան» արգելոց-թանգարանում, նորոգվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի դարպասը, եռաֆազ մալուխ է անցկացվել արգելոց-թանգարանի համար, տպագրվել են բուկլետներ, Թորոս Թորամանյանի «Անիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ` Տ. Հոնենց», «Անիի Պահլավունյաց եկեղեցիները», «Անիի Սուրբ Գրիգոր (Գագկաշեն) եկեղեցի» պրակները, անցկացվել է հուշարձանների պահպանությանն ու հանրահռչակմանն ուղղված միջազգային երեք գիտաժողով»:
«Հետքը» խնդրել էր նաև առանձին՝ ըստ կազմակերպիչների ներկայացնել գումարային տվյալները, ինչին ՊՈԱԿ-ից պատասխանել են. «Ձեր վերջին հարցի առնչությամբ հայտնում ենք, որ երկու կողմի միջև` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և տվյալ կազմակերպության (իրավաբանական կամ ֆիզիկական անձի) միջև կնքվող պայմանագրով սահմանվող գումարի չափը առևտրային գաղտնիք պարունակող տեղեկատվություն է, որն արգելվում է հրապարակել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն, հետևաբար ձեռնպահ ենք մնում այն հրապարակելուց»:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել