HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Վահագնաձորում ըմպում են Մագդայի գինին

Մագդա Օսյանն ավելի քան տասը տարի Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում գինի պատրաստելով թեթեւացնում է ընտանիքի հոգսը: Ասում է` իրենց մոտ միրգն ու հատապտուղը շատ է: Առաջ դրանից հյութ ու մուրաբա էր պատրաստում, հետո մտածեց, որ կարելի է նաև գինի պատրաստել:

 «Կանայք գինի շատ են խմում»

Մագդան իրավաբան է, ժամանակին աշխատել է իր մասնագիտությամբ, բայց այժմ նրա հիմնական զբաղմունքը գինի պատրաստելն է: Սկզբում պատրաստում էր միայն իր ընտանիքի համար, այնուհետև սկսեց ավելի մեծ քանակությամբ պատրաստել և վաճառել: Տարվա ընթացքում Մագդան կարող է 100-200 լիտր գինի արտադրել: Գինու պատրաստման մեթոդներն ու գաղտնիքները նա սովորել է իր պապից: Մագդայի պապն ու տատը եղել են Ալավերդիից: Այստեղ ևս միրգն առատ է, և պապը պատրաստել է թե́ գինի, թե́ օղի: Սակայն Մագդան օղի չի պատրաստում:

«Գինին ավելի շատ կանայք են խմում, դրա համար դա եմ պատրաստում», - ժպտալով ասում է կին գինեգործը:

Ամենադժվարը մասուրից գինի պատրաստելն է

Մագդայի պատրաստած գինու տեսականին բազմազան է: Բացի ավանդական` խաղողի գինուց նա պատրաստում է նաև ազնվամորու, մոշի, սալորի, սև թթի եւ մասուրի գինիներ: Մասուրից գինի պատրաստելը համեմատաբար դժվար է, որովհետև այն փշոտ է: Պետք է մոտ 10 անգամ բերքը մաքրել, մաղել, որպեսզի հանկարծ դրա փշերը չանցնեն գինու մեջ: Գինու պատրաստման ամբողջ գործընթացը Մագդան ինքն է անում. տակառների մեջ ճզմում է միրգը, հյութը քամում, զտված զանգվածը թողնում մոտ քառասուն օր, որպեսզի դրանից այլևս փրփուր չբարձրանա, այնուհետև տարաների մեջ է լցնում:

Մագդան ասում է, որ գինու համի գաղտնիքը տակառների մեջ է. կաղնու փայտից պատրաստված տակառները յուրահատուկ համ են հաղորդում խմիչքին: Գինեգործը հավաստիացնում է, որ ապակե շշերի մեջ պահած գինին չունի նույն համը:

Ամենաթանկը ազնվամորու և մոշի գինին է

Այն մրգերից, որոնցից գինի չի պատրաստում, Մագդան պատրաստում է լիկյոր` ծիրանի, դեղձի, կեռասի: Բայց նա դրանք դեռևս վաճառքի չի հանել:

Հուլիսին սկսվում է ազնվամորու գինու պատրաստման շրջանը, ապա` մոշինը: Քանի որ ազնվամորին ու մոշը մյուս մրգերի համեմատ թանկ են գնահատվում, դրանցից պատրաստված գինին էլ մյուսների համեմատ թանկ է: Ազնվամորու գինու մեկ լիտրը Մագդան վաճառում է մոտ հազար դրամով: Սև թթի գինի մեկ անգամ է պատրաստել, բայց համեղ էր ստացվել. պետք է հաջողված փորձը կրկնել:

«Կարող է` ազնավամորու գինին ավելի համեղ է, գույնն ավելի սիրուն է, բայց խաղողինն ավելի օգտակար է»,- ասում է Մագդան:

Մագդայի պատրաստած գինիները հիմնականում սպառվում են տեղացիների շրջանում եւ մարզկենտրոն Վանաձորում: «Երևի հավանում են, որ վաճառվում է», - ասում է Մագդան:

Լոռիում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա

Այժմ Մագդան գինու պատրաստման գործը համատեղելու է «Լոռվա օրրան» հայկական մշակույթի, արվեստի և խոհարարության ժամանցային տան աշխատանքների հետ, քանի որ նշանակվել է նորաբաց կենտրոնի տնօրեն: Լոռվա մարզի Փամբակ գյուղում բացված կենտրոնի նպատակը մարզում զբոսաշրջությունը զարգացնելն է: Այստեղ լոռեցիները զբոսաշրջիկներին են առաջարկում թոնրի լավաշ տեղական պանրի տեսականիով, հայկական ավանդական թխվածքներ և ուտեստներ, տեղական մեղր, մուրաբաների և գինիների ընտրանի և այլն: Մագդա Օսյանը համոզված է, որ Լոռվա մարզում զբոսաշրջության զարգացման մեծ պոտենցիալ կա, և այն իսկապես կարող է գրավիչ լինել զբոսաշրջիկի համար: Պարզապես պետք է տրանսպորտը լավ աշխատի, որպեսզի կապ ապահովվի շրջակա համայնքների միջև:

Մագդան համոզված է, որ կենտրոնի աշխատանքները չեն խանգարի իր հիմնական զբաղմունքին` գինու պատրաստմանը:

Նա հույս ունի, որ կենտրոնի միջոցով իր արտադրած գինու պահանջարկը կմեծանա թե́ Հայաստանի մյուս շրջաններում, թե́ Հայաստանից դուրս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter