HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լեւոն Հայրապետյան

Բռնություններ, կորզված ցուցմունքներ, «ինքնասպանություններ», մոնտաժված տեսաձայնագրություններ եւ ապօրինի դատավճիռներ

Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասում է, որ «կոռուպցիայի  դեմ անողոք պայքարը ևս դատախազության գործունեության գլխավոր սկզբունքներից է»:   Նրա պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ կադրային փոփոխություններ են կատարվել, սակայն հասարակությանը այդպես էլ չի ներկայացվում մի դեպք, որ կոռուպցիոն գործարքի պատճառով դատախազության համակարգից որեւէ մեկը պատժվել է: «Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդ չի դատապարտվել իմ օրոք և չի դատապարտվի: Նախկինում եղել է, թե ոչ՝ ես պատասխան չեմ կարող տալ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Գեւորգ Կոստանյանը: 

Այժմ պատմենք նման մի դեպքի մասին, երբ անմեղ մարդը դատապարտվել է նախորդ գլխավոր դատախազ՝ Աղվան Հովսեփյանի եւ այսօրվա գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի օրոք: Ընդ որում, այս գործն իրականում հիմա մի նպատակ ունի՝ պաշտպանել մեղադրող դատախազին, որը դատարանում շարունակում է ներկայացնել քննիչների ապօրինությունների եւ կեղծիքների միջոցով ձեռք բերված «ապացույցները»:

Եթե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ծանոթանա այս գործի նյութերին՝ պարտավոր է կասեցնել դատախազի գործունեությունը եւ գործը հանձնել Հատուկ քննչական ծառայությանը կամ ԱԱԾ-ին, որպեսզի պարզի, թե ինչպես են կատարվում քննչական գործողությունները Հայաստանի Հանրապետությունում:

Գործում առկա են մի շարք այլ կոպիտ խախտումներ, որոնցից յուրաքանչյուրով  պետք է քրեական գործ հարուցել: Նշենք դրանցից մեկը. գողության վայրի հարեւանությամբ տեղակայված տեսախցիկների ձայանագրությունները կոպիտ մոնտաժված են, հանված են այն մասերը, որոնք  պետք է բացահայտեին դեպքի վայրում գտնվող անձանց, այնտեղ եկող- գնացող մեքենաները: Մասնավորապես, գողության դեպքի տեղի ունենալու այն ժամանակահատվածն է մոնտաժվել, երբ, ըստ հեռախոսազանգերի վերծանումների, այդ նույն ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք էական դեպքեր: Ում հրահանգով է արվել այս մոնտաժումը, ինչ կտորներ են հանել տեսաձայանագրությունից: Եթե Գեւորգ Կոստանյանը պարզի սա, ապա կիմանա, որ հանցագործություն «բացահայտելիս» իրավապահ մարմինները կատարում են զանազան հանցագործություններ: 

Դատավորը նույնիսկ ուշադրություն չի դարձրել այդ ձայնագրությանը, նրան պետք չի եղել այն, նա արդեն ուներ հրահանգ, թե ինչ դատավճիռ պետք է կայացնի:

«Հետքը» մի քանի հոդվածներով ներկայացրել է այս գործի մանրամասները (Խեղվող ճակատագիր եւ 2 ինքնասպանություն. ոստիկանական նախաքննության «հմայքը»Ո՞րն է հոր եւ որդու ինքնասպանության պատճառը, եւ ուր են տանում հետքերը, Ի՞նչ կանի դատավորը. 56,4 միլիոնի գողության մասին)

Գործի նախապատմությունը

Թիվ 12140811 քրեական գործն հարուցվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում 2011թ. նոյեմբերի 21-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 324-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:

2012թ-ի մայիսի 22-ին ժամը 17:35-ին գողություն կատարելու կասկածանաքով ձերբակալվել է  Էդգար Կարաքեշիշյանը: Նույն օրը ժամը 23:05-ին նույն կասկածանքով ձերբակալվել է նաև Արտաշես Գալուստյանը:

Արտաշես Գալուստյանը Էդգար Կարաքեշիշյանը

2012թ-ի մայիսի 25-ին Էդգար Կարաքեշիշյանին և Արտաշես Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նրանց նկատմամբ Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2012թ-ի հունիսի 20-ին` ժամը 20:20-ին  (ըստ` անձին բերման ենթարկելու մասին արձանագրության) Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում գտնվող  «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության գլխամասի մոտակայքից ոստիկանության աշխատակիցների կողմից   ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին է բերման ենթարկվել նույն Բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանը:

Նույն օրը` ժամը 22:30-ին գողության կատարմանն օժանդակելու կասկածանքով Աշոտ Առուշանյանը ձերբակալվել է:

2012թ-ի հունիսի 21-ին Աշոտ Առուշանյանի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որից անմիջապես հետո քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ.Ուզոյանի որոշմամբ մեղադրյալ Արտաշես Գալուստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոփոխվել և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու վերաբերյալ ստորագրություն:

2012թ-ի հունիսի 23-ին Աշոտ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նույն օրը Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որի ժամկետը  երկու անգամ երկարացվել է (2012 թվականի օգոստոսի 15-ին` մեկ ամիս ժամկետով, իսկ 18.09.2012թ-ի որոշմամբ 15 օր ժամկետով, մինչև` 2012թ-ի հոկտեմբերի 5-ը): 

2012թ-ի հունիսի 26-ին ժամը 5-ի սահմաններում Արտաշես Գալուստյանը և վերջինիս հայր Պետրոս Գալուստովը կախվելու եղանակով ինքնասպանություն են գործել, նշված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 12118512 քրեական գործը:

2013թ.-ի հունվարի 30-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ դատավճիռ է կայացրել, որով դատապարտել է Էդգար Կարաքեշիշյանին 7 տարի 6 ամիս, իսկ Աշոտ Առուշանյանին 5 տարի 6 ամիս ազատազրկման:

2013թ.-ի հուլիսի 23-ին ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանել է Աշոտ Առուշանյանի մասով դատավճիռը եւ հետ ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության՝ պատճառաբանելով, Առաջին ատյանի դատարանը դատական քննության ժամանակ թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը՝ ազդելով գործով ճիշտ դատական ակտ կայացնելու վրա:

Մեղադրական եզրակացության բովանդակությունը

Էդգար Կարաքեշիշյանը, «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանը պատկանող առանձնապես խոշոր չափի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու վերաբերյալ` նախնական հանցավոր համաձայնություն ձեռք բերելով Արտաշես Գալուստյանի հետ, Աշոտ Առուշանյանի օժանդակությամբ` նախապես տրամադրած տեղեկատվության հիման վրա, գաղտնի հափշտակել են «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության առանձնապես խոշոր չափի գույքը, իսկ Է.Կարաքեշիշյանը անձնական շահագրգռվածությամբ նաև հափշտակել և ոչնչացրել է պաշտոնական փաստաթղթեր ու կնիքներ, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում.

Էդգար Կարաքեշիշյանը հնարավոր «զոհի» վերաբերյալ տեղեկություններ ստանալու և նրանից գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ` 2011թ. հունիսի սկզբներին Երևանի «Կարապի լճին» հարակից սրճարաններից մեկում իր ընկեր Արտաշես Գալուստյանի հետ հանդիպել է «Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերության ռիսկային կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Առուշանյանին, ով գիտակցելով Է.Կարաքեշիշյանի հանցավոր մտադրության էությունը, հափշտակվելիք գումարից մասնաբաժին ստանալու նյութական ակնկալիքով` տրամադրել է նույն բանկի «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղում և գլխամասում աշխատելու, այդ թվում` «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերությանն անձամբ սպասարկելու կապակցությամբ նրան հայտնի, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները, մասնավորապես` «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի կողմից սպիտակ «Ինֆինիտի» մակնիշի 990 ԼՏ 02 պետհամարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արմաշ գյուղից պարբերաբար առանձնապես խոշոր չափերի գումարներ Երևան փոխադրելու և «Էյջ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲ ընկերությունում բացված հաշվեհամարին մուտքագրելու վերաբերյալ։

Մեղադրանքի հիմքը

Մեղադրական եզրակացությունը բացառապես կազմվել է Արտաշես Գալուստյանի ցուցմունքի վրա, ու գործում առկա ոչ մի փաստական տվյալ չի հիմնավորում այն: Ավելին, գործում առկա մի շարք փաստական տվյալներ հերքում են այն:

ա) նախաքննության ժամանակ Արտաշես Գալուստյանը Աշոտ Առուշանյանի  վերաբերյալ  ցուցմունք է տվել հետևյալի մասին՝ «2011թ. ամռանը ամիսն ու օրը կոնկրետ չեմ հիշում Օպերայի սրճարաններից մեկում ես և Էդգարը հանդիպեցինք Աշոտին և միասին սուճ խմելու ընթացքում Աշոտը Էդգարին տվեց մի թուղթ , որի վրա տպագիր տվյալներ էր գրված: Աշոտը ասաց, որ դա այն տվյալներն են, որոնք վերաբերվում են մեծ քանակությամբ Արմաշից բանկ գումար տեղափոխող անձին և  դա բանկից հանած տվյալներն են: Աշոտը միաժամանակ ասաց, որ նշված տեղեկությունից բացի ուրիշ ոչնչով օգնել չի կարող, մնացածը դուք պիտի անեք: Երբ ես նայեցի այդ թղթի տվյալները տեսա, որ այնտեղ գրառված էր ամսաթվերի հաճախականություն և դրա դիմացը տեղադրված  գումարի չափը: Այն մեկ ամսվա կտրվածքով էր և շաբաթվա մեջ ամենուշը երեք օրը մեկ տեղափոխվում էր 10 միլիոնից մինչև 200 միլիոն դրամ գումար: Շաբաթ կար, որ ամեն օր տեղափոխվում էր գումար: Աշոտը միաժամանակ ասաց, որ գումարը տեղափոխում են Երևան սպիտակ ինֆինիտի մակնիշի 990 02 պ/հ ավտոմեքենայով, մենակով և նշված թղթի վրայի տվյալները հանել են ընկերոջ համակարգչից` բոլորից գաղտնի»:

Ինչպես երևում է գործի փաստական տվյալներից, ապա Ա.Գալուստյանը ձերբակալվելուց հետո տվել է խոստովանական ցուցմունքներ, որտեղ մանրամասն նկարագրել է իր և մյուս մեղադրյալի կողմից կատարված գողության մանրամասները: Իր կողմից տրված այդ խոստովանական ցուցմունքներից ոչ մեկում նա Աշոտ Առուշանյանի կողմից իրենց տեղեկություններ տրամադրելու մասին չի հայտնել: Ավելին, առաջին իսկ ցուցմունքում, որպես կասկածյալ հարցաքննվելիս, պաշտպանի ներկայությամբ հայտարարել է. «…կատարվածի մասին, բացի ինձանից ու Էդգարից ուրիշ ոչ ոք չի իմացել դրա մասին»:

Արտաշես Գալուստյանը իր հետագայում տրված ևս երկու ցուցմունքներում պնդելով խոստովանական ցուցմունքները և պատասխանելով քննիչի հարցերին չի հիշատակել Աշոտ Առուշանյանին որպես իրենց տեղեկատվություն տվող անձի:

Հաջորդ` 28.05.2012թ-ի,   հարցաքննության ժամանակ Ա.Գալուստյանը պատասխանելով քննիչի հարցերին կրկին չի հիշատակել Աշոտ Առուշանյանի անձը եւ հայտարարում է, որ այսուհետ հրաժարվում է պատասխանել քննիչի հարցերին և այլևս ցուցմունք տալ չի ցանկանում:

19.06.2012թ-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գ.Գարբրիելյանը գրություն է ուղարկում Էրեբունու քննչական բաժնի պետ Ա.Բայադյանին,  որ օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին որ գողության օժանդակել է Աշոտ Առուշանյանը: Նշված գրությունը քննչական բաժնի գրասենյակ է մուտք եղել 20.06.2012թ-ին:

Նույն օրը 20.06.2012թ-ին ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ից ելք է եղել մեղադրյալ Արտաշես Գալուստյանի  19.06.2012թ-ին  թվագրված դիմումը, որով նա հրաժարվել է  պաշտպան ունենալոց: Նշված գրությունը  Էրեբունու քննչական բաժին մուտք է եղել 20.06.2012թ-ի ամսաթվով, թեև ինչպես երևում է ամսաթվից, ապա ակնհայտ է, որ 19 ամսաթիվը դարձվել է 20: Պարզ չէ՝ նշված գրությունը ինչ կերպ` փոստային ծառայության միջոցով, թե առձեռն է Նուբարաշեն ՔԿՀ-ից հասել Էրեբունու քննչական բաժին:  Ցանկացած դեպքում, թե փոստային ծառայության միջոցով, և թե առձեռն ուղարկելու և այն ստանալու մասին հավաստող ապացույցներ բացակայում են:

Հենց նույն 20.06.2012թ-ին պատահական, թե հատուկ մշակված պլանի համաձայն քննիչ Մուշեղ Ալեքսանյանը հայտնվում է Նուբարաշեն ՔԿՀ-ում, կանչում է Արտաշես Գալուստյանին և առավոտյան ժամը 11:00-ից կատարում հարցաքննություն: Իսկ Գալուստյանը հենց այդ օրը տալիս է Աշոտ Առուշանյանի դեմ վերոնշյալ ցուցմունքը:

Արտաշես Գալուստյանի ցուցմունքում նշված գումարների տեղափոխման թե հաճախականության, թե քանակի, թե տեղափոխման վայրի, թե գումար բերող անձնավորութան վերաբերյալ տեղեկատվությունը հերքվել է եւ տուժողի ներկայացուցիչ Արմեն Մանուկյանի ցուցմունքներով, եւ տուժող կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքով եւ ելքի օրդերներով:

բ) Ցուցմունք տալու հաջորդ օրը տեղի է ունեցել առերես հարցաքննություն Աշոտ Առուշանյանի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ: Առերես հարցաքննության ժամանակ Գալուստյանի տված ցուցմունքի եւ դրա նախորդ օրը տված ցուցմունքի միջեւ առկա են բազմաթիվ հակասություններ: Դրանցից ակնառուներն են՝

  • 20.06.2012թ-ի ցուցմունքում Ա.Գալուստյանը հայտնել է. «2011թ-ի ամռանը ամիսն ու  օրը կոնկրետ չեմ հիշում Օպերայի սրճարաններից մեկում ես և Էդգարը հանդիպեցինք Աշոտին և միասին սուրճ խմելու ընթացքում Աշոտը Էդգարին տվեց մի թուղթ, որի վրա տպագիր տվյալներ էր գրված»:

21.06.2012թ-ին Ա.Առուշանյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ Ա.Գալուստյանը հայտնել է. «Միաժամանակ Աշոտը Էդգարին փոխանցեց մի թուղթ, որը հետո ես տեսա, որ դրա վրա տուժողի կողմից տեղափոխված գումարի և դրա օրվա հաճախականության վերաբերյալ գրառումներ էր»:

  • 20.06.2012թ-ին տված ցուցմունքում Ա.Գալուստյանը հայտնել է, թե նշված թղթի վրայի տվյալները հանել են ընկերոջ համակարգչից, բոլորից գաղտնի:

21.06.2012թ-ին Ա.Առուշանյանի հետ տեղի ունեցած առերես հարցաքննության ժամանակ Ա.Գալուստյանը նշում է, որ Էդգարն է իրեն ասել, որ այդ թուղթը տվել է Աշոտը, որը տպվել է բանկի համակարգչից:

  • 20.06.2012թ-ին ցուցմունքի ժամանակ հայտնել է, թե «այն մեկ ամսվա կտրվածքով էր և շաբաթվա մեջ ամենաուշը երեք օրը մեկ տեղափոխվում էր 10 միլիոնից մինչև 200 միլիոն դրամ գումար, շաբաթ կար , որ ամեն օր տեղափոխվում էր գումար»:

21.06.2012թ-ին առերես հարցաքննության ժամանակ նշում է «երբ ես տեսա այդ թուղթը, այնտեղ ամենաքիչ գումարը 10 միլիոն դրամ էր, իսկ ամենաշատը 200 միլիոնից անց: Գումարի տեղափոխման հաճախականությունը գրեթե ամեն օր էր, ամենաերկարը 3 օրը մեկ»:

  • 20.06.2012թ-ին ցուցմունքի ժամանակ հայտնել է, թե Աշոտին Էդգարն ավելի շատ գումար է տվել (զավեշտալի է, թե ավելի շատ ասելով ինչ ի նկատի ուներ, երբ իր բոլոր ցուցմունքներում նշել է, որ գումրի չափի մասին ոչ մի տեղեկություն չունի):

21.06.2012թ-ին առերես հարցաքննության ժամանակ նշում է, թե տեղյակ չէ՝ Աշոտին գումար տվել է Էդգարը, թե ոչ:

Բացի այդ առերեսումն անցել է քրեադատավարական կոպիտ խախտումներով: Մասնավորապես՝

  • Առերեսման ժամանակ տեւական ժամանակով բացակայել է Աշոտ Առուշանյանի պաշտպանը, որն ընդունել է այդ փաստը:
  • Քննիչն առերեսման ողջ ընթացքում ուղղորդել է Արտաշես Գալուստյանին (հիմնավորվում է Աշոտի նախկին պաշտպանի գաղտնի ձայնագրության վերծանում):
  • Առերես հարցաքննության ողջ ընթացքում չեն արձանագրվել մի շարք էական արտահայտություններ: Մասնավորապես, երբ Գալուստյանը նշել է, որ Աշոտն է ճիշտ ասում, անընդհատ ներողություն է խնդրել Աշոտից եւ ասել, որ ստիպված է Գալուստյանին (հիմնավորվում է Աշոտի նախկին պաշտպանի գաղտնի ձայնագրության վերծանում):
  • Առերեսվող Արտաշես Գալուստյանի հետ առերեսում անցկացնելու անթույլատրելիությունը՝ հոգեկան ոչ ադեկվատ վիճակում գտնվելու պատճառով (հիմնավորվում է Աշոտի նախկին պաշտպանի գաղտնի ձայնագրության վերծանումց եւ մի շարք այլ փաստական տվյալներով՝ տես «Գալուստյանի հոգեկան ոչ ադեկվատ վիճակը» բաժինը):

Գալուստյանի մնացած ցուցմունքների հակասությունը Առուշանյանի դեմ տված ցուցմունքին

  • Սկզբնապես տված ցուցմունքներում Գալուստյանը նշել է, որ միայն գողության օրը, ճանապարհին Էդգարից իմացել է, որ Արմաշից խոշոր չափով գումար են բերում, մինչդեռ Աշոտի դեմ տված ցուցմունքում նշում է, որ իբր թե վեց ամիս առաջ է իմացել  ու պարբերաբար հետեւել են:
  • Առուշանյանի դեմ տված ցուցմունքում  նշում է, որ նախապես է իմացել գումարի վերաբերյալ, մինչդեռ նրա հոր, մոր եւ քրոջ ցուցմունքներում նշվում է, որ նա խիստ հանկարծակի է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ գողությունից հետո (սա հիմնավորում է նրա սկզբնական ցուցմունքները, որ  միայն այդ օրն է իմացել գումարի վերաբերյալ):
  • Վերոնշյալ միտքը հիմնավորվում է նաեւ նրանով, որ Գալուստյանը հենց դեպքի օրն է անսպասելիորեն նոր անձնագիր ստացել՝ արտերկիր մեկնելու նպատակով:
  • Գալուստյանը իր՝ Առուշանյանի դեմ տված ցուցմունքում  նշում է, որ մի քանի անգամ հետեւել են տուժողին, որն առանց կանգառի գնացել է բանկ, որի պատճառով չեն կարողացել իրագործել իրենց մտադրությունը: Սրանից կարելի է եզրակացնել, որ նրանք երբեք անհաջող փորձ չեն ունեցել: Այսինքն՝ չի եղել դեպք, որ տուժողն առհասարակ գումար չբերի կամ չերեւա: Հետեւապես նրանք միշտ ճշգրիտ իմացել են, թե որ օրն է տուժողը գալու Երեւան: Մինչդեռ Աշոտ Առուշանյանի՝ մտացածին տրամադրած ինֆորմացիայի հիման վրա անհնարին էր ճշգրիտ ամեն անգամ իմանալ, թե կոնկրետ որ օրն է գալու բանկ: Նամանավանդ, երբ տուժողն ինքն է նշում, որ կոնկրետ օրինաչափություն գոյություն չունի:
  • Գալուստյանն իր՝ Առուշանյանի դեմ տված ցուցմունքում  նշում է, որ «մոտ երկու տարի է ճանաչում եմ Աշոտին, միայն վերջերս իմացա, որ աշխատում է բանկում»:  Այն համատեքստում, որ Առուշանյանն իբր թե նրանց բանկից ինֆորմացիա էր փոխանցել իբր թե արդեն մոտ մեկ տարի առաջ, «վերջերս իմացա» արտահայտությունը կրկին վկայում է Գալուստյանի ցուցմունքների անարժանահավատության մասին:

Գալուստյանի հոգեկան ոչ ադեկվատ վիճակը

Հայր եւ որդի Գալուստյանների ինքնասպանության փաստով հարուցված քրեական գործում առկա են տասնյակ ցուցմունքներ, որոնցում նշվում է, որ Արտաշես Գալուստյանը եղել է հոգեկան չափազանց լարված, ճնշված եւ ոչ ադեկվատ վիճակում: Մասնավորապես՝

ա/  բոլոր հարցաքննվածների ցուցմունքներում առկա էին հետեւյալ արտահայտությունները՝

  • Գտնվել է ահավոր վատ վիճակում
  • Շատ ճնշված էր, ինքնամփոփ
  • Ոչ ոքի հետ չէր շփվում, իր տեղը չէր գտնում, նստում էր, պպզում, վեր կենում
  • Նորմալ հաց չէր ուտում
  • Դեպք է եղել, երբ միզել է տակը
  • Նրա տեղը ոչ թե բերդն էր, այլ հիվանդանոցը
  • Բարձրաձայն լացում էր
  • Քանիցս ասել է, որ չի ուզում ապրել

բ/ Կալանավայրում երեք անգամ ինքնասպանության փորձ է կատարել:

գ/ Կալանավայրում հոգեբանին տեսակցելու արձանագրության եզրակացությունում նշվում է՝ «Կարիք կա հետագա աշխատանքների»:

դ/ Աշոտ Առուշանյանի ցուցմունքը՝ առերեսման ժամանակ նրա հոգեվիճակի վերաբերյալ:

ե/ Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թադեւոս Ալեքսանյանի գաղտնի ձայնագրության վերծանումը, որում նա պատմում է Գալուստյանի վիճակի մասին:

զ/ Հարեւան` Երվանդ Եղյանի, սանիկ` Կարեն Մկրտչյանի, ընկեր` Յուրի Հարությունյանի ցուցմունքներում մանրամասն նշվում է վերջինիս հոգեկան անհավասարակշիռ վիճակը:

Գործարք՝ նախաքննական մարմնի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ

Գործում առկա մի շարք փաստական հանգամանքներից ակնհայտ է, որ նախաքննական մարմնի եւ Արտաշես Գալուստյանի միջեւ տեղի է ունեցել գործարք: Մասնավորապես՝

  • Վկաներ Տիգրան Առաքելյանի(http://hetq.am/arm/news/20858/orn-e-hor-ev-ordu-inqnaspanutyan-pattchary-ev-ur-en-tanum-hetqery.html ), Հայկ Թադեւոսյանի, Անդրեյ Մազիեւի ցուցմունքներում նշվում է, որ Արտաշես Գալուստյանը ազատվելուց առաջ հստակ իմացել է, որ իր խափանման միջոցը պետք է փոխվի:
  • Հունիսի 19 ու 20 ին տեղի ունեցած հաջորդական ու կասկածելի իրադարձությունները: Դրանք են՝

-         Գալուստյանը հանկարծ հրաժարվում է հանրային պաշտպանից:

-         Նույն օրը քննիչը «կանխագուշակելով» , որ Գալուստյանը հրաժարվելու է պաշտպանից հայտնվում է կալանավայրում եւ «անպաշտպան» Գալուստյանին սկսում հարցաքննել:

-         Նշանակված հանրային պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի բազմաթիվ դիմումներ է ուղղում քննիչին մինչ 19- ու 20-ը, որին ի  պատասխան նշվում է, որ Գալուստյանի հետ քննչական գործողություններ կատարելու մտադրություն չկա:

-         Գալուստյանի՝ պաշտպանից հրաժարվելու դիմումի գրելաոճից ակհայտ է, որ թելադրված է:

-         Կալանավայրից, Արտաշես Գալուստյանին հարցաքննելու ընթացքում քննիչի եւ նրա հոր միջեւ տեղի է ունենում հեռախոսազանգ:

-         Նախքան այդ օրը Գալուստյանի հոր եւ քննիչի միջեւ առկա են պարբերական եւ բազմաթիվ հեռախոսազանգեր:

-         Ազատվելու նախորդ օրը Գալուստյանի հոր ու Գալուստյանի միջեւ տեղի է ունեցել 9 երկարատեւ հեռախոսազանգ, մինչդեռ նախկինում դրանք օրական 1 անգամ էին:

-         Վկա Երվանդ Եղյանը ցուցմունքում նշում է, որ առերեսման օրը հայրը նախքան առերեսումը հանդիպել է որդուն, եւ որ հայրն էլ նախապես իմացել է, որ «ամենայն հավանականությամբ» կփոխեն որդու խափանման միջոցը:

-         Գալուստյանի՝ խափանման միջոցի փոփոխության զեկուցագիրը կազմվում է դեռեւս առերեսումից առաջ:

-         Ձերբակալվելուց անմիջապես հետո, մի շարք խոշտանգումների ենթարկվելուց հետո Գալուստյանը տալիս է ինքնախոստովանական ցուցմունքներ, մատնանշում է, որ գողությունը կատարել են ինքն ու իր ամենամտերիմ մանկության ընկերը, ու չի նշում ոմն ծանոթ Առուշանյանի անունը՝ որպես իրենց օժանդակողի:

Գալուստյանի նկատմամաբ կիրառված խոշտանգումներ

Բացի վերոշարադրվածից գործում առկա են բազմաթիվ փաստեր, որ Գալուստյանի նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ եւ խորթ մեթոդներ: Մասնավորապես՝

- Տիգրան Առաքելյանի ցուցմունքը, որում նա մանրամասն ներկայացրել է, որ Գալուստյանն իրեն պատմել է, թե ինչ դաժան ու անմարդկային վերաբերմունքի է արժանացել Էրեբունու ոստիկանությունում: Արտաշես Գալուստյանը Տիգրան Առաքելյանին ասել է, որ իրեն ստիպում են սուտ ցուցմուքն տալ երրորդ մարդու վերաբերյալ:

- Գալուստյանին պահել են ՁՊՎում պահելու ժամկետը լրանալուց հետո եւս 72 ժամ՝ առանց որեւէ քննչական գործողության:

-Գալուստյանի առաջին ինքնախոստովանական ցուցմունքը ավարտվել է գիշերը 01:30, մինչդեռ նա ՁՊՎ է տեղափոխվել միայն առավոտյան 09:40, այսինքն՝ ամբողջ գիշեր գտնվել է ոստիկանությունում:

-Ակնհայտ առողջ մարդը ՁՊՎ-ից բերդ տեղափոխվելուց անմիջապես հետո փորձում է կյանքին վերջ տալ, եւ կտրուկ փոխվում է նրա վարքը

Եթե գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը ուզում է համակարգում բարեփոխումներ անել, այսինքն եթե մի կաթիլ ցանկություն ունի այդ բարեփոխումները տեղից շարժելու, ապա պետք է սկսի կոնկրետ գործերով: Այս պատմության մեջ ներգրավված իրավապահները պետք է անմիջապես հեռացվեն համակարգից եւ նրանց նկատմամբ քրեական գործեր պետք է հարուցվեն: Քննիչներ, դատախազներ, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ, դատավորներ եւ փաստաբան: Նրանք բոլորը պետք է պատժվեն: Բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը կոնկրետ օրինակներով են ցույց տալիս, մնացած ամեն ինչը հեքիաթ է:

Մեկնաբանություններ (3)

Դարդ-Անելի
Այդքան միամիտ մի եղեք՝ արդարադատության ոլորտում պատասխանատուներ են նշանակված արհեստավարժները՝ կեղծարարներն ու պարտակողները։ Նոր սերունդ են աճեցնում, հմտացած համակարգչային կեղծիքներում։ Շղթան դեռ երկարում և էլ ամրանում է։
Haik
Բայց մեկ է մի օր պատասխան են տալու իրենց չարագործությունների համար և միթե մեր արդարադատության ոլորտի պատասխանատուները չեն տեսնում,թե ինչ է կատարվում:
ՄՄ
Եթե նույնիսկ շատ ուզի էլ, բան չի կարող փոխել (իրեն կփոխեն) Սովորական մարդը ոչ թե «օրենքի ու արդարադատության» պաշտպանության օբյեկտն է, այլ ... կերակուրը!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter