HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե հայտնաբերեք նոր հանգամանքներ, մենք ցանկացած գործ կվերաբացենք՝ անկախ վաղեմությունից»

«Ես երաշխավորում եմ, որ անմեղ մարդ չի դատապարտվել իմ օրոք և չի դատապարտվի: Նախկինում եղել է, թե ոչ՝ ես պատասխան չեմ կարող տալ»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:  

Գլխավոր դատախազի մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տրված հաղորդագրության մեջ «Օրենքի առջև բոլորը հավասար են» ենթավերնագրի ներքո նշված է, որ «վերջին ամիսներին կատարված լուրջ և ծավալուն աշխատանքների արդյունքում որևէ մեկը չի կարող պատժվել իր չկատարած հանցանքի համար…»:  Այսպիսով՝ գլխավոր դատախազությունը չբացառեց, որ նախկինում գուցեև անմեղ մարդիկ են դատապարտվել:

Այս լույսի ներքո էր «Հետքի» հարցն ուղղված Գևորգ Կոստանյանին: Մասնավորապես՝ «Հետքն» անդրադարձավ «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարին, որտեղ բարձրացնում ենք այն դատապարտյալների պայքարի ու քրեական գործերում տեղ գտած խախտումների մասին, ովքեր տարիներով պնդում են, որ դատական սխալի զոհ են դարձել, ճաղերի հետևում հայտնվել են անմեղ լինելով կամ կրում են չափազանցված պատիժ: Նշեցինք, որ դատական սխալի հավանականությունը ընդունում են անգամ պարբերաբար կատարելագործվող իրավական համակարգ ունեցող իրավական պետություններում, որ, օրինակ, ԱՄՆ-ում 15-20 տարի անց վերաբացվում են ցմահ ու երկարատև դատապարտվածների գործեր: Քիչ չեն դեպքերը, երբ արտերկրում նման դեպքերով, իրեղեն ապացույցների պահպանմամբ ու ԴՆԹ թեսթի հիմքով մարդիկ արդարացման դատավճիռներով վերադառնում են իրենց օջախները (վերջին տարիներին մոտ 300 դատապարտյալ` միայն ԱՄՆ-ում):

ԱՄՆ-ում, օրինակ, ԳԱԱ-ին պատվիրվել էր ուսումնասիրել 1989 թ-ից մինչև 2010 թվականները քննված գործերը: Ի՞նչ կարելի է անել մեզանում: Արդյոք հնարավո՞ր է ստեղծել իրավաբանների մի խումբ, ովքեր կուսումնասիրեն անկախության առաջին տարիների գործերը, երբ դեռ նոր սաղմնավորման փուլում էին պետական համակարգերը, այդ թվում` նաև դատականը:

«Հետքի» այս հարցին պատասխանելով՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Դա կախված է օրենսդրությունից: ԱՄՆ-ում ու մեզ մոտ տարբեր են դրանք: Գործի նորոգումը կախված է նոր կամ նոր երևան եկած հանգամանքներից: Եթե մենք ունենք նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, գործը ենթակա է վերաբացման: Տեսե՛ք, Դուք ասում եք, որ արխիվներում քրեական գործերն ուսումնասիրում եք ու արձանագրում սխալներ, խախտումներ: Սակայն ինքնին նյութական ու դատավարական իրավունքիների խախտումները չեն կարող հիմք լինել գործերի վերաբացման համար: Խախտումները պետք է լինեն այնպիսին, որ կարողանային ազդել գործի ելքի վրա: Պետք է այնպիսի հանգամանք լինի, որը հայտնի չի եղել նախաքննությանն ու դատարանին կամ նյութական կամ դատավարական այնպիսի խախտում, որը կարող էր ազդել գործի ելքի վրա: Նոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ ես չեմ տեսնում, քանի որ այդպես սկզբունքորեն կարելի է բոլոր քրեկական գործերը ուսումնասիրել՝ 80-ականներին, 90-ականներին քննված: Ամեն անգամ երբ ինձ այդ հարցով դիմում են, ես ասում եմ, որ դատապարտյալները, նրանց հարազատները, փաստաբանները կարող են ներկայացնել նոր երևան եկած հանգամանքներ: Ա՛յ, Դուք հոդված եք տպում, լա՛վ եք անում, եթե Դուք Ձեր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերեք այդպիսիք, մենք ցանկացած գործ կվերաբացենք՝ անկախ վաղեմությունից:  Իմիջիայլոց, մենք հետևում ենք Ձեր բոլոր հրապարակումներին»:

Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակումներից մեկի՝ 19 տարի անազատության մեջ գտնվող ցմահ բանտարկյալ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի գործով, ըստ մասնագետների, նոր երևան եկած հանգամանք էր ի հայտ եկել: Սակայն դատախազությունը մերժել էր այդ հիմքով գործը նորոգել՝ պատճառաբանելով, թե գործով դատախազի հայտնածը՝ ԻԻՀ-ի դեսպանի կողմից ճնշում գործադրելու մասին, չի կարող նոր երևան եկած հանգամանք համարվել:

2 տարի առաջ մերժվել էր նաև մեկ այլ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի գործով նոր երևան եկած հանգամանքի հիմքով գործի վերաբացումը: 16 տարի անց պարզվելէր, որ իրեղեն ապացույցների արձանագրության տակ ստորագրած անձինք գոյություն չունեցող մարդիկ են եղել: Սակայն Գլխավոր դատախազությունն ու Վճռաբեկ դատարանը դարձյալ որոշում կայացրեցին 1996 թ-ին կայացված դատավճիռը չբեկանելու մասին:

Հիշեցնենք, որ ասուլիսի նպատակը հուլիսի 1-ին Դատախազության աշխատողի օրվան ընդառաջ իրենց կատարած հիմնական աշխատանքների մասին հանրությանը տեղեկացնելն էր: Գևորգ Կոստանյանը ներկայացրեց, որ տեղի են ունեցելլ կռուցվածքային ու կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ տարբեր պատճառներով համակարգից դուրս է եկել 80–ից ավելի դատախազ: Փոխվել է դատախազության համակարգի գրեթե 1/3-ը: «Համակարգից դուրս են եկել նաև պրոֆեսիոնալ և ազնիվ դատախազներ, ովքեր դրա համար ունեցել են սոցիալական, նյութական կամ անձնական պատճառներ»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Գլխավոր դատախազը կարևորեց նաև իրենց պայքարը` կոռուպցիայի դեմ, սակայն լրագրողի հարցին պատասխանելով` չնշեց մեկ դեպք, երբ որևէ պետական պաշտոնյա դատապարտվել է կաշառք վերցնելու համար:

Գլխավոր դատախազը չհամաձայնվեց այն մտքի հետ, որ Հայաստանում «լկտի հանցագործությունները» բուռն զարգացում են ապրում: Նրա գնահատմամբ` պարզապես հրապարակայնությունն է ավելացել, այդ դեպքերի մասին ավելի շատ է գրվում:  

 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Հեքիաթներ հեքիաթների աշխարհից: ,,Ո՞վ ինձ մի այնպիսի ճիշտ ասի որ ես ասեմ ճիշտ ա` Թագավորությանս կեսը կտամ,,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter