HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ չեն վերաբացվում 1990-ականների մութ քրեական գործերը

Քանի՞ անմեղ դատապարտյալ կա ԱՄՆ-ում 

Դատական սխալների մոնիթորինգը սովորաբար կատարվում է վերադաս դատական ատյաններում: Սակայն իրավական մի շարք երկրներում, բացի դատական զտումից, մարդիկ ստեղծել են նաև այլ գործիքներ: Ամենախոցելին քրեական գործերով մահապատժի ու ցմահ դատապարտվածներն են, ովքեր տասնյակ տարիներ ազատազրկված են մնում: Նրանց մեջ քիչ չեն այնպիսիներն, ովքեր պնդում են, որ անմեղ են, սխալ են դատապարտվել, պայքարում են իրենց գործերի վերաբացման համար: 

Գիտությունն ու օրենսդրությունը վերջին տասնամյակներում հնարավորություն են տալիս վերաբացել հազարավոր քրեական գործեր՝ կատարելագործելով արդարադատության հասնելու երաշխիքները: Բայց դեռ մնում է հարցերի հարցը՝ քանի-քանիսն են դեռ մնում բանտերում չգործած հանցանքների համար: 

Այս հարցի պատասխանը պարզելու համար ԱՄՆ-ում, ինչպես հաղորդում է AP գործակալությունը, Գիտությունների ազգային ակադեմիան հանձն է առել մի բարդ ու պատասխանատու աշխատանք՝ ուսումնասիրել 1970-ականներից մինչև 2004 թ-ը մահապատժի դատապարտվածների քրեական գործերը: Նրանք հատուկ մեթոդոլոգիա են մշակել ու պարզել, որ ամեն 25 դատապարտյալից մեկն ամենայն հավանականությամբ անմեղ է եղել: Քրեական գործերի ուսումնասիրությամբ զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար, Միչիգանի համալսարանի իրավագիտության դասախոս Սամուիլ Բրուտտոն ներկայացրել է նաև, որ ԱՄՆ-ում 1977 թ-ից մինչև 2004 թ-ը պատժի առավելագույն չափի դատապարտված 138 մարդ արդարացման դատավճիռներով վերադարձել է ազատություն: Դա, ըստ ուսումնասիրողների, կազմում է այդ ժամանակահատվածում մահապատժի դատապարտվածների 1,6 տոկոսը: 

Վերջին տարիներին գրեթե ամեն շաբաթ համաշխարհային մամուլն անդրադառնում է այս կամ այն արդարացված ցմահ դատապարտյալի պատմությանը: 

Քանի՞ անմեղ դատապարտյալ կա Հայաստանում 

Նախկին տասնամյակներում թույլ տրված հնարավոր դատական սխալները վեր հանելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկով ցմահ դատապարտյալների հարցերով քաղաքացիական նախաձեռնությունը՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի և մի շարք այլ կառույցների հետ վերջին 3 տարիներին քանիցս դիմել է պետական բոլոր համապատասխան մարմիններ: Սակայն սայլը տեղից չի շարժվում: 

Այսքան ժամանակ արձագանք է ստացվել ՄԻՊ Կարեն Անդրեասյանից ու ԱԺ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանից: Կարեն Անդրեասյանը դիմեց ԱԺ մի քանի օրենսդրական առաջարկներով, որոնք, սակայն, Կառավարության հավանությանը չարժանացան: Իսկ Արծվիկ Մինասյանն արձագանքեց «Հետքի» «Կարծես պետությունը հանցանք է գործել ու մաքրել հետքերը» հոդվածից հետո, երբ անդրադարձել էինք 1990-ականներին կայացված մահապատժի դատավճիռներին, խայտառակ դատավարություններին, այդ գործերով ոչնչացված իրեղեն ապացույցներին: 

Դրանից հետո Արծվիկ Մինասյանը նախաձեռնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ենթահանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի կազմումն ու ներկայացումը մյուս ֆրակցիաներին: Ենթահանձնաժողովը կամ միջգերատեսչական խումբը պիտի ուսումնասիրեր Հայաստանի 104 ցմահ դատապարտյալների գործերն ու մինչև հունիսի 1-ը տար եզրակացություն: Այդ հոդվածից ու նախաձեռնությունից անցել է 2 ամիս, սակայն որևէ արձագանք չի ստացվել ԱԺ-ից: Ի՞նչ փուլում են աշխատանքները հարցով «Հետքը» դիմեց Արծվիկ Մինասյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին շրջանում քաղաքական նոր դասավորումներ են եղել, և հնարավոր է մեկ շաբաթ հետո ասելիք լինի: 

Մինչ օրենսդիրը և պետական այլ մարմիններ խուսափում են մարդկանց խեղված ճակատագրերին անդրադառնալուց, արդարադատության համակարգում հանրային վստահությունը վերանվաճելուն ուղղված քայլերից՝ բանտում մահանում են մարդիկ կամ նրանց հարազատներն են ինքնասպանվում անհուսությունից (Ղարաբաղյան պատերազմի մասնակից, հետախույզ 19 տարի բանտում գտնվող Սողոմոն Քոչարյանի դուստրը՝ 19-ամյա Սյուզին): Պետական ատյանների համառ անտարբերությունը գործերի ուսումնասիրման, վերանայման նախաձեռնությանը վկայում է մի բանի մասին՝ համակարգը երկու ոտքը մի մաշիկի մեջ դրած բացառում է, որ մեր երկրում հնարավոր են դատական սխալներ: Զավեշտի է նման այս ամենը՝ ինչպե՞ս կարող է Հայաստանի պես արդարադատ իրավական համակարգ ունեցող երկրում անմեղ դատապարտյալ լինել:  Հայաստանում դատաիրավական համակարգը բացառում է, որ անմեղ մարդը կարող է հայտնվել ճաղերի հետևում կամ, որը քիչ հավանական չէ, վախենում է ընդունել սեփական սխալները (մեծ փոխհատուցումների հարցեր կարող են բացվել): 

Կուսումնասիրվե՞ն արդյոք Հայաստանում 1990-ականներին քննված մութ ու կասկածելի քրեական գործերը, դեռ պարզ չէ: Պարզ է միայն մի բան՝ չկա կամք անդրադառնալու նախկինում կատարված դատական հնարավոր սխալներին: Այլապես միայն «Հետքի» «Խեղված ճակատագրեր» հոդվածաշարը կարող էր ազդակ դառնալ, որպեսզի համակարգը ուսումնասիրեր մահապատժի դատապարտվածների գործերը, ապա և հիմքեր գտներ վիճելի, կասկածելի գործերը վերանայելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter