
Լևոն Հայրապետյանին ձերբակալել են քրեական հանցավոր խմբավորման գործի շրջանակներում (լրացված)
Այսօր ՌԴ քննչական կոմիտեն դիմել է դատարան գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությամբ: Հայրապետյանին կասկածում են «Բաշնեֆտի» վաճառքի ժամանակ ֆինանսական մեքենայությունների մեջ:
Ինչպես «Росбалту»-ին հայտնել է իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը, Լևոն Հայրապետյանը կասկածվում է ՌԴ ՔՕ 160 (վատնում) և 174-րդ հոդվածների (հանցավոր եկամուտների օրինականացմում) հատկանիշերով կատարած հանցագործությունների մեջ: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ 2008թ. «Բաշնեֆտի» վաճառքից Հայրապետյանը մեծ տոկոս է ստացել: Անցյալ գիշեր իրավապահները նրա գրասենյակը խուզարկելիս հայտնաբերել են 2 տուփ փամփուշտ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները երեկ «Դոմոդեդովո» օդանավակայանից բերման են ենթարկել մեծահարուստ Լևոն Հայրապետյանին, երբ նա վերադառնալիս է եղել Մոնակոյից:
Լևոն Հայրապետյանին ձերբակալել են «Կինգիսեպյան» խմբավորման գործի շրջանակներում: «Կինգիսեպյան» խմբավորումը հայտնի է ավելի քան15 պատվիրված սպանություններ և մահափորձեր կազմակերպելու մեջ: Համարվում է խոշոր հանցավոր խմբավորում, որը ղեկավարում է Սերգեյ Ֆինագինը: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտի» վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպյան» գործի շրջանակներում:
Ինչպես հայտնում են ռուսական աղբյուրները՝ Լևոն Հայրապետյանին օդանավակայանից տարել են հարցաքննության և պաշտոնապես հայտնել նրա ձերբակալության մասին, իսկ առաջիկա օրերին նրան կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան:
![]() |
![]() |
Սերգեյ Ֆինագինը | Ալեքսանդր Մատուսովը (Բասմաչ) |
«Կինգիսեպյան» խմբավորման հետ սերտորեն համագործակցել է մեկ այլ հանցավոր խումբ՝ «Շյոլկովյան» կազմը, որը ղեկավարել է Ալեքսանդր Մատուսովը (Բասմաչը): Մատուսովը վերջերս ձերբակալվեց Թայլանդում և տեղափոխվեց ՌԴ: Նրա տանը հայտնաբերվել էր կեղծ հայկական անձնագիր:
Այս կազմը, համաձայն ռուսական աղբյուրների, սկզբում ծառայություններ է մատուցել բանկիր Գեորգի Սաֆիևին, այնուհետև՝ սենատոր Իգոր Իզմեստևին, ով այժմ ցմահ ազատազրկված է: Հենց վերջինս էլ իր ցուցմունքներում հիշատակել է Լևոն Հայրապետյանին՝ նշելով, որ մի քանի հանցագործություններին մասնակից է նաև Լևոն Հայրապետյանը, մասնավորապես՝ «Բաշնեֆտ» ընկերության վերաբերյալ քրեական և տնտեսական «ռազբորկաներին»: ՌԴ իրավապահները որոշել են նրան ձերբակալել հենց նա հայտնվի Ռուսաստանում: Լ.Հայրապետյանը բնակվում է Մոնակոյում:
Լևոն Հայրապետյանը ծնվել է Արցախի Վանք գյուղում՝ 1949-ին: Աշխատել է որպես լրագրող «Օգոնյոկ» և «Կոմսոմոլսկայա պռավդա» թերթերում: Նախաքննական մարմնի վարկածի համաձայն՝ մասնագիտական գործունեության շրջանակներում նա ծանոթացել է տարբեր ոլորտի հայտնի անձանց հետ, այդ թվում նաև Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի և Բաշկիրիայի նախագահ Մուռտազ Ռախիմովի հետ, ում էլ Հայրապետյանը ծանոթացրել է Իզմեստևի հետ: Այնուհետև Հայրապետյանը սկսել է բիզնեսով զբաղվել, և դարձել աշխարհում ամենահարուստ 10 հայերից մեկը:
Լևոն Հայրապետյանի լուսանկարը՝ այստեղից
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել