HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Թևանիկը». ֆիլմ խաղաղության մասին

Անցած տարի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ին էր ներկայացրել Արցախյան պատերազմի մասին պատմող «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որն արժանացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին: Այս տարի ռեժիսորը ներկայացրել նույն թեմայով իր երկրորդ ֆիլմը` «Թևանիկը»:

Գլխավոր հերոսներ երեք պատանիները` Արամը, Աստղիկը և Թևանիկն են, ովքեր դառնում են պատերազմի ականատեսն ու ապրում այդ պատերազմի իրականությունում: Ինչպես նախորդ, այնպես էլ այս ֆիլմում ռեժիսորը զերծ է մնացել պատերազմի արյունալի տեսարաններից: Այստեղ հայ ժողովրդի պայքարն է խաղաղության համար: Մյուս կողմից, ներկայացված են անհատների ճակատագրերի բեկումները, որոնք պատերազմի հետևանք են:

Պատերազմում ամեն մեկն իր կռիվն ունի: Այդ կռիվը պետք է տա նաև ֆիլմի գլխավոր հերոսը` 14-ամյա Թևանիկը: Ֆիլմի վերջում, երբ թշնամու փամփուշտից զոհվում է նրա հրամատանատարը, նրա զենքով պայքարի ուղին պետք է ինքը շարունակի: Հետևելով իր հրամանատարին սպանած թշնամի զինվորին` Թևանիկը տեսնում է, որ զինվորական հագուստի մեջ քողարկվածը երիտասարդ կին է: Վերջինս, գոհ լինելով իր արձակած փամփուշտի արդյունքից, մերկանում է, որպեսզի գետակի ջրում լողանա և հանգստանա: Կնոջ գեղեցկությունից ապշած` Թևանիկը կանգնում է երկընտրանքի առջև՝ չվնասե՞լ գեղեցիկ մարմինը, թե՞ խփել թշնամուն: Սակայն ով առաջինը կարձակի գնդակը, մնում է անհայտ: Վերջում հնչում է մեկ կրակոց, սակայն ռեժիսորը հանդիսատեսի ընտրությանն է թողել, թե ում հրացանը կրակեց:     

Ջիվան Ավետիսյան

«Յուրաքանչյուր ոք ինքը պետք է գտնի իր լուծումն ու պատասխանը. մեր այսօրվա ապրելաոճից, մեր դիրքից է կախված` Թևանիկը, թե Թևանիկին», - ասում է Ջ. Ավետիսյանը:

Այս տարի «Թևանիկը» ներկայացված է «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Ծնունդով արցախցի և պատերազմի ականատես ռեժիսորը կարծում է, որ այսօր Արցախի մասին քիչ են պատմում և ֆիլմ նկարահանում: Արցախի մասին անգամ Երևանում քիչ գիտեն, ուր մնաց` օտարը իմանա:

Նրա երրորդ նախագիծը, որի վրա այժմ աշխատում է, կրկին Արցախի պատերազմի մասին է: Ֆիլմը կոչվում է «Վերջին բնակիչը»: Գլխավոր հերոսը հայ ծերունի է, ով իր դրախտ-երկրի տերն է, բայց մի օր այդ դրախտը վերածվում է դժոխքի: Ֆիլմը ներկայացված է «Ռեժիսորներ առանց սահմանների» նախագծում:

«Արցախն ինձ համար շատ նուրբ ու զգայական թեմա է, որովհետև պատերազմը չի ավարտվել, հիշողությունը չի մահացել: Ես կրում եմ մանկության ցանկացած օրվա ազդեցությունը, - ասում է Ջ. Ավետիսյանը: - Երբ չես մոռանում` ինչով ես անցել, դա երբեք քեզ հանգիստ չի տալիս: Ես չեմ կարող ուրանալ այդ ամենը: Այդ ամենի միջով Արցախի ժողովուրդն է անցել: Ուրեմն պետք է դրա մասին պատմել»:

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները երկար են տևել, սակայն այն նկարհանվել է 20 օրում: Այստեղ բոլոր հերոսները խոսում են Ղարաբաղի բարբառով: Ֆիլմը ցուցադրվել է նաև Ստեփանակերտում:

«Իմ ֆիլմը պատերազմի մասին չէ, խաղաղության մասին է, որովհետև իմ ժողովուրդը խաղաղությունն ավելի է սիրում, քան պատերազմը», - ասում է Ջ. Ավետիսյանը:

Ռեժիսորը նախատեսում է ֆիլմը ներկայացնել ԱՄՆ-ում և Եվրոպայում: «Թևանիկն» արդեն ներկայացվել է Կաննի կինոշուկայում: Ռեժիսորը հիշում է, որ Կաննում ֆիլմի ցուցադրությունից հետո իրեն էին մոտենում մարդիկ` ասելով, որ սիրեցին Ղարաբաղը և հետաքրքվում էին, թե որտեղ է այն գտնվում: 

«Անկախ այն հանգամանքից` քո ֆիլմը սիրեցին Կաննում, թե ոչ, դու քեզ լավ ես զգում, որ այնտեղ նման պետություն կա - ասում է ռեժիսորը: - Սահմանի վրա զինվորն ինձ է պահում, որ ես գիշերը հանգիստ նստեմ, ստեղծագործեմ: Ես էլ իմ գործն եմ անում, որ հիմնավորեմ, թե ինչու է այդ տղան այնտեղ: Ես ինձ շատ լավ եմ զգում, որ հաղթած ժողովրդի ներկայացուցիչ եմ. դա նվեր են տվել ինձ»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter