HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Պատմություն Ջոյի մասին, ով սպանել էր կնոջը և փախչում էր Մեքսիկա

«Hey Joe».   սա 1960-ականներից եկած ամերիկյան հանրահայտ երգ է, որը դարձավ ռոքի ստանդարտներից մեկը: Այցեքարտ, որն իր ստեղծման օրվանից կատարվել և մեկնաբանվել է հարյուրից ավելի հասնող թվաքանակով՝ ամենատարբեր ժանրերում ստեղծագործող երաժիշտների կողմից` սկսնակներից մինչև հռչակավոր երաժիշտներ և երաժշտախմբեր:

Պատմությունը մեկ անգամ չէ, որ փաստում է՝ կան երգեր, որոնք ինչ-որ առեղծվածային ուժով համաշխարհային հիթեր են դառնում՝ չունենալով առանձնապես  խորիմաստ տեքստ կամ յուրահատուկ երաժշտություն: Երաժշտական մեկնաբաններից շատերի կարծիքով դրանց փայլուն վկայություններից մեկն էլ «Hey Joe»-ն է:

Երգի սյուժեն շատ պարզ ու սովորական է՝ ամուսինը սպանել է դավաճան կնոջը և որոշել է փախչել Մեքսիկա, որպեսզի չդատվի: Այսքան բան: Սակայն, եթե տեքստի հետ ամեն ինչ պարզ է և հասկանալի, ապա երգի ստեղծման պատմությունն ամբողջովին մշուշապատ է:

Մեկնաբանները կամ պարզապես երգի պատմությամբ հետաքրքրվողները մինչ օրս փորձում են հասկանալ, թե երբ և ինչպես է ստեղծվել այն՝ թեև հեղինակային իրավունքը 1962թ.-ից հաստատված է ամերիկացի երաժիշտ և երգահան Բիլլի Ռոբերտսի անվամբ:

Բայց ահա երգի առաջին կատարողներից մեկը՝ ֆոլք-ռոք երաժիշտ Թիմ Ռոուզը, գտնում է, որ «Hey Joe»-ն ժողովրդական երգ է,  մեկ այլ առիթով նշել է՝  կովբոյական երգ, որն ավելի քան հարյուր տարեկան է: Ամերիկացի մեկ այլ երաժիշտ՝ Չեսթեր Փաուերսը, ով  հայտնի է նաև Դինո Վալենտի և Ջեսի Ֆարոու կեղծանուններով, պնդում է, որ երգի հեղինակը ինքն է

Ինչևէ, «Hey Joe»-ի ամենահին կատարումը հնչել է 1965 թվականին Լոսանջելեսյան «The Leaves»  խմբի կատարմամբ:  Թողարկվեց երեք տարբեր ձայնագրություն, որոնցից մեկը  «Billboard Hot 100»-ում հասավ 31-րդ հորիզոնականին: 

Հենց  «Հե՛յ, Ջո՛»-ն  ճանաչում և մեծ հեղինակություն բերեց խմբին.այն դարձավ 1966թ-ի հիթը՝ ինը շաբաթ շարունակ առաջատար դիրքեր զբաղեցնելով համաշխարհային հիթ-շքերթներում: Այնուհետև հաջորդեց համանուն ալբոմը, որը ևս մեծ հաջողություն ունեցավ՝ գլխավորելով դարձյալ  երաժշտական հորիզոնականները` հինգ շաբաթ շարունակ: Խումբը սկսեց հայտնվել հեռուստատեսային տարբեր շուո- նախագծերում, համերգասրահներում և… մի խոսքով` ուշադրության թերևս ամենակենտրոնում:   

 Երգը մեծ հեղինակություն էր վայելում լոսանջելեսյան երաժշտական, հատկապես գարաժային ռոքի միջավայրում, 1965-66թթ.  այն կատարեցին The StandellsThe SurfarisLoveThe Music Machine և The Byrds խմբերը:  Երգը կատարվում է մինչ օրս  և, այնուամենայնիվ, չնայած այս լայնամասշտաբ հետաքրքրությանը՝ «Hey Joe»-ի ամենահաջողված տարբերակը, ինչ խոսք, պատկանում է լեգենդար Ջիմի Հենդրիքսին` ձայնագրված «The Jimi Hendrix Experience»-ի կողմից,  որպես դեբյուտային սինգլ: Բրիտանական  «The Animals» խմբի նախկին բասիստ Չես Չենդլերը, ով խմբի կազմալուծվելուց հետո զբաղվում էր պրոդյուսերությամբ,  վաղուց էր լսել Թիմ Ռոուզի տարբերակը, որով ներշնչված՝ սկսել էր կենտրոնանալ երգի ուղղությամբ: Նա մտածում էր, որ հենց այդ տեմպի կամ մոտեցման մեջ կարելի էր նոր տրամադրություն մտցնել գործիքավորմամբ.երգը անհավանական փայլ կունենար ռոք մշակման մեջ:

  

Չենդլերը սկսեց այդ մտահղացմանը արժանի երաժիշտ փնտրել, և նյույորքյան «Cafe Wha?»-ում հայտնաբերեց Ջիմի Հենդրիքսին: Շուտով Չենդլերի առաջարկով նրանք տեղափոխվեցին Անգլիա, որտեղ ձայնագրվեց երգի նոր տարբերակը և որտեղից սկսվեց միաժամանակ Հենդրիքսի համաշխարհային ճանաչման մեկնարկը: 

Այս կատարումից հետո «Hey Joe»-ի պատմության հաջորդող էջերը միայն հաջողությունների մասին են պատմում: Այն թողարկվեց 1966թ. դեկտեմբերին Մեծ Բրիտանիայում և արդեն հունվարին  UK Singles Chart-ում ներգրավվել էր լավագույն տասնյակի մեջ: Մայիսի 1-ին սինգլը թողարկվեց նաև ԱՄՆ-ում:  Ճանաչվելով որպես երգի լավագույն կատարում՝ հենդրիքսյան «Հեյ Ջոն»  «Բոլոր ժամանակների 500 լավագույն երգերը» ցանկում զբաղեցնում է 201-րդ տեղը, 2009թ. ճանաչվել է բոլոր ժամանակների 100 լավագույն հարդ-ռոք կատարումների մեջ 22-րդը` ըստ VH1-ի: 

ԱՄՆ-ում հայտնվելուց հետո, երգը լայն ճանաչումից բացի սկսեց նոր իմաստ ստանալ:  Այդ ժամանակ ԱՄՆ-ի նախագահը  Լինդոն Բեյնս Ջոնսոնն էր, ում նախագահության ընթացքում այլ միջոցառումների փոխարեն,  մեծ թիվ էին կազմում,  թաղման արարողությունները. աշխարհը  Վիետնամական պատերազմի ժամանակաշրջան էր ապրում:  Այդ պատճառով «Հեյ Ջո» արտահայտությունը  ուղղվեց դեպի նախագահը. ժողովրդի մեջ տարածված էր` «Հեյ դու՛` Լ. Բ. Ջեյ, քանի՞ երեխա ես սպանել» կամ «Հեյ, Ջո՛, էլ ի՞նչ ես պատրաստվում անել քո ձեռքի զենքով»:

Ջ. Հենդրիքսը 1969թ. Վուդսթոքում կայացած փառատոնի ժամանակ երգը կատարեց որպես փակման երաժշտություն՝ հանգստացնելու համար 80 000-անոց հանդիսատեսին, որը շարունակում էր տեղում մնալ՝ հոտնկայս ծափահարություններով հաստատելով երգի և Հենդրիքսի հանդեպ ջերմությունը:  Այն հնչում է մի քանի ֆիլմերում, այդ թվում՝ «Ֆորեսթ Գամփ»-ում: Իսկ Ֆիլիպիններում  «Հեյ, Ջո՛»արտահայտությամբ տեղացիները  հաճախ են ողջունում իրենց ամերիկացի հյուրերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter