HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աննա Մուգլալիս. «Ես այնքան եմ սիրում իմ մասնագիտությունը, որ մերժում եմ բազմաթիվ դերեր»

Դերասանուհի Աննա Մուգլալիսը (Anna Mouglalis) հատկապես հայտնի է Կոկո Շանելի դերակատարմամբ «Կոկո Շանել և Իգոր Ստրավինսկի» ֆիլմում: «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Աննա Մուգլալիսն այժմ Երևանում է: Նա «Միջազգային խաղարկային ֆիլմերի» ժյուրիի անդամ է:

Երեւանում անցկացրած վարպետության դասի ժամանակ, երբ Ա. Մուգլալիսը սկսեց խոսել, մի պահ թվաց, թե խոսողը նա չէ, իսկ հետո մտածեցի, որ ձայնը վնասված է, որովհետև հնչում էր կոպիտ ու խզված երանգով: Թվում էր, թե այդ կնոջ փոխարեն մեկ ուրիշն է խոսում: Հետո պարզվեց, որ դա նրա բնական ձայնն է, որը նրան հաճախ է խանգարել իր կարիերայի ընթացքում:

Կինոկարիերայի սկզբում ռեժիսորները դժվարությամբ էին նրան դեր առաջարկում` նշելով, որ իր արտաքինի համար գլխավոր դեր կտային, բայց այդ ձայնը նրանց խանգարում է: Անգամ շատերն առաջարկել են նրան վիրահատություն անել և փոխել ձայնը, սակայն Աննան հրաժարվել է:

Մյուս կողմից, իր յուրահատուկ ձայնի շնորհիվ է նա հայտնվել արվեստի աշխարհում: Աննան պատմում է, որ մի օր մետրոյում պատահական տրորում է մեկի ոտքը և ներողություն խնդրում: Այդ մարդը, լսելով նրա ձայնը, առաջարկում է նրան տեքստեր կարդալ: Այդ աշխատանքի շնորհիվ նա հայտնվում է թատրոնում, դառնում ռեժիսորի օգնական, այնուհետև իրեն փորձում նաև որպես դերասանուհի: Թատրոնն էլ դռներ է բացում դեպի մեծ էկրան:

Դերասանուհի, ով իր թերությունները դարձնում է առավելություն

Իր անցկացրած վարպետության դասի ժամանակ Ա. Մուգլալիսը պատմում է կինոյում իր անցած ուղու և փորձառության մասին: Նրա պատմածներից կարելի է եզրակացնել, որ Աննան աշխատանքի ընթացքում իր թույլ կողմերը կարողանում է դարձնել առավելություն:

Նա միշտ վախ է զգում բեմ բարձրանալիս և նկարահանվելուց առաջ: Հաճախ ներկայացումից միայն րոպեներ առաջ է մտնում թատրոն, որպեսզի չհասցնի շատ հուզվել կամ էլ գինի է խմում: Բայց այդ վախը նա կարողանում է վերածել ոգևորության, ինչը նրան օգնում է խաղալ մեծ եռանդով:

Աննան հաճախ է դժվարություններ ունենում ռեժիսորների հետ: Ռեժիսորների մեծ մասը, որոնց հետ աշխատել է, նախագծի ընթացքում նրան առաջարկում են անել մի բան, որը նրան դուր չի գալիս: Դա միշտ բարկացնում է դերասանուհուն: Բայց և դա օգնում է, որպեսզի նա ավելի վառ արտահայտի իր խարիզման և ամբողջությամբ կենտրոնանա իր գործի վրա:

«Բարկանում ես, որովհետև քեզ թվում է, թե գիտես ռեժիսորն ինչ է ուզում ստանալ, և դա քեզ դուր չի գալիս: Բայց երբ կա վստահությունը, բարկությունն այդտեղ տեղ չունի», - ասում է Ա. Մուգլալիսը: Այնուհետև նա եզրակացնում է, որ «դերասանի մասնագիտությունը շատ քաղաքական է»:

«Երբ խաղում եմ, այդ պահին եմ ես դերասանուհի»

Երբ դերասանուհուն կինոյում նկարահանվելու ավելի շատ առաջարկներ են անում, նա որոշում է, որ այսուհետ համագործակցելու է միայն այն մարդկանց հետ, ում հետ կարող է ներդաշնակ աշխատել: Դա այն նույն ժամանակն էր, երբ նրան առաջարկում են Կոկո Շանելի դերը: Բայց որքան էլ Ա. Մուգլալիսը խուսափեր դրանից, նա նույն դժվար իրավիճակում է հայտնվում նաև այս ֆիլմի ռեժիսոր Ժան Կունենի (Jan Kounen) հետ աշխատելիս:  

«Ինձ միշտ թվում էր` երբ խաղում ես, ինչ-որ մի բան կարող ես կորցնել, բնական չլինել, իրականում խաղալիս ոչինչ չես կորցնում: Ես մտածում եմ, որ երբ խաղում եմ, այդ պահին եմ ես դերասանուհի», - ասում է Ա. Մուգլալիսը:

Աննայի համար կարևոր է վստահությունը սեփական անձի նկատմամբ: Բայց դրա համար երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանա բացահայտել քո անձը և մեծ կամք դրսևորես` անելու այն, ինչ ուզում ես և լինել նա, ով ուզում ես: Դերասանուհին խոստովանում է, որ «քասթինգի» գնալիս չի մտածում, թե այդ ռեժիսորը միակն է, ով պետք է իրեն ընտրի: Նա նույնպես պետք է ընտրություն կատարի` խաղա՞լ նրա մոտ, թե՞ ոչ: Պարզապես նրան հետաքրքիր է, թե ինչ մեթոդով է ռեժիսորն ընտրում իր դերասաններին:

«Ես այնքան շատ եմ սիրում դերասանի իմ մասնագիտությունը, որ մերժում եմ բազմաթիվ դերեր»,- եզրափակում է Աննա Մուգլալիսը: 

Լուսանկարը՝ http://strasbourgfestival.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter