Նոր Գյուղում հող չեն գնում, հողը վաճառում են
Կոտայքի մարզի Նոր Գյուղ համայնքում այս տարվա հերթական աճուրդը դարձյալ չկայացավ հայտեր չլինելու պատճառով: Ինչպես գյուղում են ասում՝ այստեղ հող գնող չկա, բոլորը ծախող են: Տեղացիներից շատերն են բանկերից վարկով գումար վերցնում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, սակայն ակնկալած եկամուտը չստանալով` վաճառքի են հանում իրենց սեփականությունը: Նոր Գյուղում մշակում են միայն 1-ին կարգի վարելահողերը, իսկ ավելի ցածրորակ հողատեսակները հիմնականում վաճառում են պարտքերը փակելու համար:
Գյուղի պահուստային ֆոնդում քիչ հողատարածքներ կան, բայց գերակշռում են խոպան հողերը: Գյուղացիների մի մասը փորձում է հողը մշակել, բերք ստանալ, բայց մեկ-երկու տարի եկամուտ չստանալուց հետո թողնում է գործը: Այստեղ հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են մշակում, սակայն ինչպես այլ գյուղերում, այստեղ եւս դրանից օգուտ են քաղում միայն վերավաճառողները: Վերջիններս մատչելի գնով ապրանքը գնում են գյուղացիներից, շատ ավելի թանկ վաճառում քաղաքում: Գյուղի տղամարդկանց մի մասը պարբերաբար մեկնում է արտագնա աշխատանքի, որպեսզի թե’ կուտակված պարտքերը փակի, թե’ ընտանիքի կարիքները հոգա:
Համայնքի ղեկավար Գրիշա Թադեւոսյանը նշում է, որ եթե նախորդ տարի գյուղում վիճակը համեմատաբար լավ էր, ապա այս տարի հող գնող չկա: «Ֆոնդային բյուջեն դատարկ է, միայն պարտքեր ունենք»,- ասում է Գ. Թադեւոսյանը: Նախորդ տարիներին համայնքում իրականացվող հողերի վաճառքից ձեւավորվում էր ֆոնդային բյուջեն, բայց հիմա «մեռած վիճակ է»: Չնայած, օրինակ, բնակավայրի նշանակության հողի 1 ք/մ 1242 դրամ է, բայց գոյացած պարտքերը փակելու համար գյուղացիները հողը էժան գնով են վաճառում:
Համայնքապետի նշած պարտքը գոյացել է գյուղում կոյուղագիծ անցկացնելու արդյունքում: Գյուղը կոյուղի չի ունեցել, սկսել են իրականացնել աշխատանքները, սակայն դրանք ընդհատվել են, որովհետեւ համայնքապետարանը գումարների մի մասը չի վճարել: Այժմ մոտ 17 մլն դրամի պարտք է գոյացել:
Համայնքապետն ստեղծված վիճակը մի կողմից կապում է սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, մյուս կողմից` համեմատելով 20 տարի առաջ եղած վիճակի հետ, նշում է, որ այն ժամանակ ավելի վատ էր:
Գյուղը մոտ է թե’ Աբովյան քաղաքին, թե’ մայրաքաղաք Երեւանին: Տեղացիների կապը քաղաքների հետ սերտ է: Համայնքապետը բացատրում է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք համաֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր են իրականացնում համայնքներում, մայրաքաղաքին մոտ համայնքները գրեթե չեն ներառում իրենց ծրագրերում: Նա համամիտ է, որ այդ օգնության կարիքն ավելի շատ ունեն սահմանամերձ համայնքները:
Նոր Գյուղում թե' ոռոգման, թե' խմելաջրի հարցը մասնակի է լուծված, իսկ միջգյուղական ճանապարհի բարեկարգ հատվածը միայն կենտոնական փողոցն է: Համայնքապետն ասում է, որ ճանապարհների բարեկարգումը մեծ գումարների հետ է կապված, որը չի կարող իրականացնել, «եթե անգամ ամբողջ գյուղը ծախի»: Համայնքի մանկապարտեզներից մեկը չի գործում, իսկ դպրոցի շենքը վթարային է դարձել 1988 թ.-ի երկարաշարժից հետո եւ համարվում է 3-րդ կարգի վթարային շենք: Չնայած բարեկարգման որոշ աշխատանքներ արվել են, բայց գյուղի դպրոցին նոր շենք է անհրաժեշտ:
«Շատ բաներ կան, որ պետք է անես, բայց գրպանիդ պետք է նայես», - ասում է Գ. Թադեւոսյանը: Վերջինս ափսոսում է, որ այժմ տնտեսության վիճակն այսքան թույլ է. ԽՍՀՄ փլուզումից հետո համատարած մասնավորեցումները բավականին վնաս հասցրեցին տնտեսությանը: Գյուղատնտեսության վրա էլ բացասական է ազդել կոլտնտեսությունների վերացումը: «Հիմա գյուղացուն իր չարչարանքն է մնում, բայց գյուղը պետք է ապրի, որ քաղաքն էլ ապրի», - ասում է Թադեւոսյանը:
Նրա կարծիքով՝ գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է գյուղատնտեսական վարկերն այդքան բարձր տոկոսադրույքներով չտրվեն: Միաժամանակ համոզված է, որ այս վիճակը ժամանակավոր է: «Աստված տա՝ խաղաղություն լինի երկրում, մնացածն աստիճանաբար կուղղվի», - եզրափակում է Թադեւոսյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել