HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ո՞վ է ստորագրում դատավոր Թումանյանի փոխարեն

Կապան քաղաքի բնակչուհի Սիլվա Բալայանը մինչ կասկածյալի կարգավիճակով քննիչի աշխատասենյակում բացատրություններ էր գրում, միջնորդություններ եւ հայտարարություններ անում, սպասում դրանց լուծմանը, վերջերս «Դատալեքս» տեղեկատվական պորտալից պատահմամբ իմացել է, որ ինքն արդեն մեղադրյալ է 41106014 քրեական գործով եւ հարուցված քրեական գործն էլ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայր: Ս. Բալայանը կարծում էր, թե ինքը կասկածյալ է դատական ակտը չկատարելու համար (նրան չի տրվել որոշումը, թե ինչում է կասկածվում), այնինչ՝ «Դատալեքսում» գրված մեղադրական եզրակացության համառոտ նկարագրությամբ նրան մեղադրանք է առաջադրվել այլ արարքի համար. «դիտավորությամբ չի կատարել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 2013թ. հունվարի 29-ին տրված թիվ ՍԴ/0638/02/01 կատարողական թերթի պահանջները»: 

Քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 3-մասով (քաղաքացու կողմից դատական ակտը դիտավորությամբ չկատարելը): 

Դատարան հանձնված գործի վարույթից Սիլվա Բալայանն անտեղյակ է, բացի նրանից, որ քննիչը երկու ոստիկանների միջոցով նրա աշխատավայր է ուղարկել գրություն, որով բնակչուհուն, առանց կարգավիճակը նշելու, հայտնել է նրա նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտված լինելու եւ նյութերին ծանոթանալու ժամ նշանակելու մասին։ Ի դեպ, գրութունը ստորագրված է 27.06.2014թ., սակայն այն Ս. Բալայանին հանձնվել է ամսի 30-ին ժամը 16.16-ին, եւ առաջարկվել է, որ գործի նյութերին ծանոթանա նույն օրը ժամը 17.30-ին: Սիլվա Բալայանը չի ծանոթացել նյութերին: 

Գուցե քննիչն ու վերահսկող դատախազը շտապել են օր առաջ գործը հանձնել դատարան եւ չեն «նկատել» անգամ այն, որ «կատարողական թերթի պահանջները չկատարելու» վերաբերյալ քրեական օրենսգրքում հոդված չկա։ 

Օրեր առաջ դատարանի Գորիսի նստավայրից Սիլվա Բալայանը կասկածելի նամակներ է ստացել: Ըստ նրա՝ ծրարի վրա ուղարկողի հասցեն ամրացված է եղել դակիչով, այլ ոչ թե սոսնձված է եղել կամ՝ ծրարի վրա թանաքով գրված: Նամակները հետ է ուղարկել՝ ծրարների և նրանց ուղեկցող փոստային ծանուցագրերի վրա գրելով չստանալու վերաբերյալ իր պատճառաբանությունը:

Հիշեցնենք, որ Սիլվա Բալայանը դատական քաշքշուկների մեջ ընկավ «Հետք»-ում հրապարակված մի քանի հոդվածներից հետո: Հոդվածներին չի արձագանքել որևէ մարմին։ 2011թ. դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սիլվա Բալայանն ընդդեմ «Կապան» նոտարական տարածքի նոտար Վիեննա Հայրապետյանի հայցադիմումը՝ պատվին եւ արժանապատվությանը պատճառած վնասի փոխհատուցման պահանջով: Վիեննա Հայրապետյանը նույն պահանջով հակընդդեմ հայց էր ներկայացրել, իսկ դատարանը հօգուտ նրա վճիռ կայացրել: Ուշագրավն այն է, որ նոտար Վիեննա Հայրապետյանը վճիռներով դարձել է պարզապես քաղաքացի Վիեննա Հայրապետյան, նույնիսկ ԴԱՀԿ-ն է գրությամբ հաստատել այդ մասին:

Սիլվա Բալայանը չի կատարել օրինական ուժի մեջ մտած վճիռը, այն է՝ «Հետք»-ում հրապարակված հոդվածները հերքել, ինչից հետո ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի բաժանմունքի ավագ հարկադիր ծառայող Ասլան Գարաքյանը, ըստ Սիլվա Բալայանի, իր իսկ անունից 2013թ. մարտի 18-ին վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել քաղաքացու դեմ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հասմիկ Հովհաննիսյանի, բավարարել է Ա. Գարաքյանի պահանջը, ինչից հետո Սիլվա Բալայանը դարձյալ հրաժարվել է կատարել դատական ակտը, պատճառաբանելով, որ ինքը պարտապան չէ եւ իր անունը չկա ՀՀ պարտապանների ցուցակում, հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից, ինչպես նաեւ պնդում է, որ քաղաքացիական գործը սարքված է եւ պատկան մարմիններն ամեն ինչ անում են նոտարին պաշտպանելու համար:

Ս. Բալայանն ասում է, որ իր պարտապան չլինելու մասին իմացել է մինչ վարչական դատարանի դատաքննության ավարտը եւ էլեկտրոնային հաղորդում ուղարկել գլխավոր դատախազության պաշտոնական էլեկտրոնային հասցեով։ Մոտ մեկ ու կես ամիս հետո, ինչ –ինչ ճանապարհով ՀՀ ոստիկանության Կապանի բաժնում հայտնված հաղորդմամբ նախապատրաստված նյութերով, մերժվել է հատուկ քննչական ծառայությանն ենթակա գործի հարուցումը։ Մարզի դատախազն առանց  Բալայանի բողոքի, կայացրել է «քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշման օրինականությունը հասատելու եւ բողոքը մերժելու մասին» որոշում հետեւյալ հիմքով՝ «Նյութերի բազմակողմանի և օբյեկտիվ նախապատրաստմամբ հիմնավորվել է, որ Ս. Բալայանը թիվ ՍԴ/0638/02/11 կատարողական վարույթով հանդիսանում է պարտապան Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճռի ուժով եւ ՀՀ արդարադատության նախարարության ծառայության պաշտոնական կայքի «Պարտապաններ» էջում վերջինիս վերաբերյալ տվյալների առկայությունը կամ բացակայությունը որեւէ նշանակություն չի կարող ունենալ»։ 

Ո՞ր ստորագրությունն է Անահիտ Թումանյանինը


ՀՀ դատական դեպարտամենտի թույլտվությամբ, «Հետքն» ուսումնասիրել է ՍԴ/0638/02/11 քաղաքացիական գործի չորս հատորները: Գործում առկա էին փաստաթղթեր, որոնք կարծես առաջին անգամ էին թերթվում, մինչդեռ այս գործն անցել է դատական բոլոր օղակներով, այդ թվում՝ երկու անգամ վճռաբեկ դատարան է գնացել: 

Նյութերի ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ գործը քննած առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանի ստորագրությունը, որը տեղ է գտել որոշումներում, արձանագրություններում, ծանուցագրերում եւ վճռում տարբեր են, որոշ դեպքերում իրար նմանեցրած, ինչը հիմք է տալիս կասկածելու, որ դրանք դատավորը չի ստորագրել: 

Նոտարական գործողություններ՝ իր իսկ օգտին 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի՝ դատարանների գործավարության կանոնների մասին որոշմամբ սահմանված են «մուտքի մատյան», «ելքի մատյան», «դատական գործ», «հաշվառման քարտ» հասկացությունների իմաստը։ Դրանք դատարանի իրականացրած գործառույթների վերաբերյալ տեղեկություններ պարունակող տարբեր կրիչներ են, որոնցից յուրաքանչյուրի գրանցումները պետք է համապատասխանեն միմյանց։ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակում ասացին, որ դատական գործերին ուղեկցող հաշվառման քարտեր չեն վարվում եւ չներկայացրեցին այս գործին վերաբերող քարտերը։ 

Սիլվա Բալայանը դատարան հայցադիմում է ներկայացրել 08.12.2011թ.-ին: Իր օրինակում երեւում է այդ ամսաթվով դատարանի մուտքային կնիքը, սակայն չգիտես ինչու գործում հայցադիմումը հայտնվել է դեկտեմբերի 14-ի ամսաթվով, որը մուտքագրված է արդեն իսկ գործի համարով, այլ ոչ թե փաստաթղթերի մուտքագրման ընդհանուր կանոններով: Գործը նախագահող դատավոր Անահիտ Թումանյանը վերադարձրել է հայցադիմումը՝ թույլ տրված խախտումները վերացնելու պատճառաբանությամբ: 19.12.2011թ. ամսաթվով կրկին ներկայացվել է հայցադիմում եւ դատական գործում հայտնվել է առանց մուտքային կնիքի, իսկ Սիլվա Բալայանի անվան դիմաց ստորագրություն չկա, այն ստորագրել է միայն նրա փաստաբան Մհեր Բադալյանը, ինչի մասին, ըստ Ս. Բալայանի՝ ինքը տեղյակ չի եղել: Նշենք, որ ընթացքում Ս. Բալայանն իր փաստաբանից հրաժարվել է վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ եւ մինչ օրս անտեղյակ է թե իր կողմից տրված լիազորագրերի, նրանց միջև կնքված թվով 3 պայմանագրերի շրջանակներում  ինչպիսի ծառայություններ է մատուցվել։ Փաստաբանը հրաժարվում է ներկայացնել հանձնման-ընդունման ակտեր։ 

Գործում առկա են Սիլվա Բալայանի հայցադիմումը վերադարձնելու եւ կրկին ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին դատավորի որոշումները, որոնք հայցվորին չեն ուղարկվել, գործում չկա որեւէ ապացույց:

Ուշագրավ է նաեւ այն, որ դատարանը Վիեննա Հայրապետյանին դատական նիստի մասին ծանուցելիս պահանջել է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով ու սոցիալական քարտով, այլ ոչ նոտարի ծառայողական վկայականով: Ինչից հետո Վիեննա Հայրապետյանը  օրենքի խախտումով ներկայացրել է քաղվածքներ՝  իր նոտար լինելու մասին: 

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նոտարը կամ նոտարական առանձին գործողություններ կատարող պաշտոնատար անձն իրավունք չունի նոտարական գործողություններ կատարել իր, իր ամուսնու, իր կամ ամուսնու ծնողների, զավակների, եղբայրների, քույրերի, թոռների, պապի, տատի, ինչպես նաև տվյալ նոտարական գրասենյակի աշխատողների անվամբ և անունից»: Մինչդեռ նոտար Վիեննա Հայրապետյանն իր անունից՝ նոտարի ձեւաթղթով եւ կնիքով, սույն գործի շրջանակներում պետական մարմիններին տարբեր հարցումներ է ուղարկել: Ավելին, նա է վավերացրել իրեն նոտար նշանակելու մասին արդարադատության նախարարի հրամանի քաղվածքի պատճենը, դրա իսկությունը եւ դրանք ներկայացրել դատարան: Նոտարի կնիքով հաստատել է իր աշխատավարձի չափի մասին տեղեկանքը եւ այլն: 

Վիեննա Հայրապետյանը այսքանով չի բավարարվել, գրավոր հարցումով ոստիկանության Կապանի բաժնի պետից ստացել է տեղեկանք այն մասին, թե Սիլվա Բալայանը, նրա ամուսինը, սկեսուրը եւ ամուսնու եղբայրը վերջին 5 տարիների ընթացքում քանի անգամ եւ ինչ բնույթի դիմումներ են ներկայացրել ոստիկանություն եւ ինչ ընթացք են դրանք ստացել: Ոստիկանապետն էլ առանց երկմտելու պատասխանել է նոտարի հարցմանը: Սիլվա Բալայանն ասում է, որ նոտարն օգտագործելով իր պաշտոնական դիրքը, հավաքել է իր եւ ընտանիքի անդամների մասին անձնական տեղեկություններ, ինչի լիազորությունը չի ունեցել:

 Ի դեպ, հօգուտ իրեն նոտարական բոլոր գործողությունները Վիենա Հայրապետյանը կատարել է առանց մատյանային գրանցումների: 

Հետադարձ ծանուցումներ՝ անհայտ ստորագրություններով 

Գործի նյութերից պարզ է դառնում, որ Սիլվա Բալայանին ուղարկված վերաքննիչ դատարանի նամակների հետադարձ ծանուցման թերթիկները ստորագրված են ոչ Սիլվա Բալայանի կողմից: Հավանաբար դա է պատճառը, որ Սիլվա Բալայանը նույնիսկ տեղյակ չի եղել, թե երբ է վերաքննիչ դատարանը որոշում հրապարակելու վերաբերյալ դատական նիստ նշանակել, իսկ մի շարք որոշումներ ընդհանրապես չի ստացել:

Սիլվա Բալայանի դեմ հարուցած քրեական գործ հարուցելուն նախորդել է վարչական դատարանով նրան վարչական պատասխանատվության ենթարկելու գործի քննությունը: Նա «Հետքին» ներկայացրեց ԴԱՀԿ-ի կողմից պետական տուրքի փոխանցման վճարման հանձնարարագրի պատճենը, ըստ որի՝ պետական տուրք ստացողը եղել է ոչ թե դատական դեպարտամենտը, այլ՝ ֆինանսների նախարարությունը, իսկ հանձնարարագրում նշված հաշվեհամարը առհասարակ բացակայում է գանձապետական հաշիվներից: Վարչական դատարանը կողմի պահանջով անդրադարձել է այս հարցին, սակայն որեւէ խնդիր չի տեսել:

Օգոստոսի 3-ին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը աշխատանքային այցով գտնվել է Կապան քաղաքում: Սիլվա Բալայանը նախարարին ներկայացրել է իր գործի հետ կապված մանրամասները: «Հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կզբաղվի բարձրացված խնդիրներով: Տարիներ շարունակ, գրում եմ բոլոր պետական մարմիններին, սակայն պատշաճ արձագանքի չեմ արժանանում»,-ասում է Սիլվա Բալայանը: Նա բարձրացրել է նաեւ դատական ակտերի օրինականության հարցը, կասկածներ ունի, որ դրանք եւս կեղծված են: Ավելին կարծում է, որ իր ստացած որոշումում Վճռաբեկ դատարանի կնիքը եւս «իսկական» չէ: 



Վճռաբեկ դատարանի առաջին որոշումն էլ ստացել է դատավորների պատճանահանված ստորագրություններով, սակայն կնիքի գույնը կապույտ է: Թե գործի մեջ առկա, թե կողմին ուղարկված որոշումներում կնիքի դիրք, թանաքի տպվածությունը եւ այլն գրեթե ամբողջությամբ համընկնում են: Իսկ Բարձր դատարանի 2-րդ որոշումը, Ս. Բալայանի նոր երևան եկած հանգամանքներով բողոքի վերաբերյալ, բողոքաբերն ընդհանրապես չի ստացել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter