HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Հ. Քուշկյան. «Եթե նորմալ հայ ես, պետք է անպայման մի բան անես Ղարաբաղի համար»

ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն այս տարվա մարտի 14-ին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար: Նախարարը պատասխանում է «Հետքի» հարցերին

-Վեց ամիս է` նախարար եք, եթե դասակարգելու լինենք Ղարաբաղի առողջապահության ոլորտի խնդիրները, որո՞նք են դրանք:

Առաջինը կադրերն են, որակավորման բարձրացման եւ համալրման կարիք ունենք:

Մյուսը կազմակերպչական հարցերն են` սկսած նախարարությունից, ոչ թե վատ է, այլ պիտի ավելի լավ լինի: Բնակչության հետ աշխատանքն է, կանխարգելիչ աշխատանքը:

Մարդկանց սպասարկման ձեւը պետք է փոխենք: Տարրական բաներ, վերաբերմունքը, շատ տեղեր հերթեր են, դրանք: Հաճախ եմ բնակչության հետ հանդիպում, հիվանդների, նրանց հարազատների հետ եմ հանդիպում: Այսինքն` տարբեր տեղերից ինֆորմացիա ունենում: Ինձ մոտ համարյա ամեն օր ընդունելություն է, չնայած հիմնականում ուրբաթ օրն է ընդունելության համար նախատեսված:

-Ի՞նչ առանձհատուկ խնդիրներ կան Ղարաբաղի առողջապահական համակարգում:

-Հիմնական խնդիրները շատ նման են Հայաստանի խնդիրներին: Սկսած շրջանների հիվանդանոցների ֆիզիկական վիճակից: Շրջաններում ինչպես այստեղ, այնպես էլ Հայաստանում կան հիվանդանոցներ, որ կուզենայինք այլ վիճակում լինեին, քան հիմա ունենք: Մյուսը կադրերի վիճակն է, ինչպես ասացի արդեն, թափուր տեղերը, կադրերի բացակայությունը, նույնատիպ է, ինչ որ Հայաստանում: Բայց հիմա մենք ակտիվ զբաղվում ենք կադրերի որակավորմամբ:

-Ինչպե՞ս եք զբաղվում, ի՞նչ է դա նշանակում:

-Առաջինը` ուղարկում ենք Հայաստան, հիմնականում «Էրեբունի» եւ «Նաիրի» բժշկական կենտրոններ, Բժշկական պետական համալսարանի հետ պայմանավորվածություն ունենք, նաեւ այնտեղ ենք ուղարկում: Արդեն գիտենք, թե ինչ մասնագետների պակաս ունենք, սկսել ենք պատրաստել: Իսկ այդ ընթացքում  մասնագետներ ենք բերում Հայաստանից: Համարյա ամեն շաբաթ լավագույն մասնագետների խումբ ենք հրավիրում: Ում որ գիտեք, լսել եք մեր լավագույն բժիշկների, պրոֆեսորների մասին, այստեղ են եկել` վնասվածքաբաններ, վիրաբույժներ, թերապեւտներ: Այստեղ ենք հրավիրել նաեւ ավագ բուժքույրերի` կազմակերպչական աշխատանքների հետ կապված: Սեմինարներ ենք կազմակերպում, դասախոսություններ են կարդում, որպեսզի աստիճանաբար այդ գիտելիքները փոխանցենք եւ նաեւ ասենք, որ այսպես պետք է աշխատենք:

-Իսկ Երեւան գնալու ձգտումը, որ հիվանդների մոտ կա, ինչպե՞ս եք փոխելու:

-Այստեղ պետք է ուժեղացնենք: Մեխանիկորեն են գնում: Բայց մարդիկ հիմա տեսնում են, որ այդ վիրահատություններն այստեղ շատ լավ են անում, ինչո՞ւ պետք է գնան Երեւան: Լեղապարկի համար ինչու՞ պետք է գնան Երեւան, այստեղ 100 տոկոս վիրահատում են: Երեւան գնալն, ի վերջո, դժվարություն է, մեծ ծախսեր են:

Այստեղ բնակչության 95 տոոկսն անվճար է բուժօգնություն ստանում, նրանք որեւէ սոցիալական խմբում են ընդգրկված: Միայն հինգ տոկսն է վճարովի:

-Իսկ կառավարությունն ինչու՞ այդ հինգ տոկոսն էլ չի դարձնում անվճար:

-Այդ մասին քննարկումներ եղել են, չի բացառվում, որ այդպես լինի: Այսինքն` պետությունը հայտարարի, որ այդ հինգ տոկոսի բուժօգնության ծախսերն էլ է վերցնում իր վրա: Քարվաճառում, Ասկերանում, Գետավանում անելիք ունենք, երեք փոքր ծրագրեր ենք անելու, փոքր հիվանդանոցներ ենք կառուցելու` 10 մահճակալով եւ շտապ օգնության մեքենայով:

-Սփյուռքահայերի չեք հրավիրու՞մ, գուցե կոչով դիմեք նրանց: Ես գիտեմ բժիշկների, ովքեր կգան մեկ կամ ավել ամիսներ այստեղ կաշխատեն:

-Անում ենք: Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի հայ բժիշկների միությունների հետ ենք հանդիպել: Իրենք էլ շատ մեծ ոգեւորությամբ եւ պատրաստակամությամբ արձագանքել են: Ռուսաստանից, Կանադայից են արդեն եկել այստեղ: Ոզում եմ ասել` այդ աշխատանքների կազմակերպչական մասն ակտիվացրել ենք:

Լրիվ փոխել ենք շտապօգնության վիճակը, ինչպես Հայատասնում փոխեցինք: 

Կապի ժամանակակից միջոցների և համակարգչային տեխնիկայի ներդրմամբ:  GPRS և նավիգացիոն համակարգեր ենք ներդրել` ինտերակտիվ քարտեզի վրա բրիգադների տեղաբաշխվածության որոշման հնարավորությամբ: Անձնակազմն անցել է թե՛ բժշկական, թե՛ արդիական տեխնիկայի հետ աշխատելու դասընթացներ: Երեւանից հրավիրված մասնագետները երեք ամիս աշխատեցին: Կադրերի խնդիր կար, թոշակառուներ էին հիմնականում, նրանց տեղափոխեցինք, ամբողջ աշխատաոճը փոխել ենք, մոտավորապես 15 օրից կբացենք: 15 օրից կբացենք նաեւ Կովսականի հիվանդանոցը: Շատ անհրաժեշտ հիվանդանոց է, սարքավորումներն արդեն գնել ենք, տեղադրում են: Այնտեղ լավ գլխավոր բժիշկ ունենք ու լավ անձնակազմ: Հոկտեմբերին կբացենք նաեւ Մարտունու հիվանդանոցը, այնտեղ էլ հիմա սարքավորումներն են տեղադրում: Հետո կբացենք Մարտակերտի պոլիկլինիկան:

Ստեփանակերտի բժիշկները գնում են տեղերում են վիրահատություններ անում: Այսինքն` տեղերում էլ ենք ուժեղացնում: Վերջերս բժիշկների մի խումբ գնացել է Հադրութի հիվանդանոցում 18 վիրահատություն է կատարել: Մյուս շաբաթ Արտավազդ Սահակյանն է գալիս Հադրութ: Նա համարյա ամեն ամիս գալիս է Ղարաբաղ` վիրահատությունների:

-Բնակիչներն ասում են, որ ակնաբույժներ չկան:

Ակնաբույժներ անպայման բերելու ենք, պարզապես մի քանի սարքավորումներ կան, որ չունենք, բայց  պատվիրել ենք, դրանք կբերենք եւ ակնաբուժական ծառայությունը կուժեղացնենք:

Առաջին նպատակն այն է, որ պարզ հիվանդությունների դեպքում մարդիկ չգնան Երեւան: Թե չէ` ինչ լինում է գնում են Երեւան, դա միայն պետք է լինի այն դեպքում, եթե այստեղ այդ հնարավորությունը չունենանք, եւ այնտեղ գնալու կարիք լինի:

Բացի դրանից, Անգիոգրաֆիկ ստենտավորման կենտրոն ենք ստեղծում, սրտի անոթների ստենտերը դնելու ենք այստեղ: Կենտրոնը պատրաստ կլինի մինչեւ տարվա վերջ:

-Իսկ ովքե՞ր են այդ կենտրոնի բժիշկները:

Այստեղի բժիշկներն են, արդեն վերապատրաստվում են «Էրեբունիում»: Բացի դրանից, սկզբնական փուլում վիրահատությունները կանեն «Էրեբունու» բժիշկները: Կենտրոնը ոտքի կկանգնեցնեն, հետո կգնան: Բազմաթիվ մարդիկ են ստենդավորման համար գնում Երեւան, դեպքեր են լինում, որ շտապ պիտի օգնես, իսկ այստեղից մինչեւ Երեւան հասցնելն արդեն պրոբլեմ է: Այսինքն` կարեւորագույն օղակ ենք ստեղծում, որ մեծ նշանակություն է ունենալու այստեղի առողջապահության համար: Գումարած դրան` ուռուցքաբանության կենտրոն ենք սկսում կառուցել, սեպտեմբերի վերջին կմեկնարկի ծրագիրը: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղն է ֆինանսավորում:   

-Իսկ մասնագետների հարցն ինչպե՞ս եք լուծելու:

Այդ ծրագիրը ներառում  է նաեւ վերապատրաստում Փարիզում: Վերապատրաստվելու են թե բժիշկները եւ թե բուժքույրերը: Կառուցվելու է հանրապետական հիվանդանոցի հարեւանությամբ, եւ դրանք իրար հետ միացնող հատված է լինելու: 

-Հնարավոր չէ՞ այնպես անել, որ Սյունիքից էլ այստեղ գան վիրահատությունների ու չհասնեն Երեւան:

-Հաստատ կգան: Երեւանից մի հիվանդ եկավ այստեղ վիրահատվեց, որովհետեւ այնպիսի գնային քաղաքականություն ենք վարում, որ այստեղ շահավետ է: Այսինքն` եթե Երեւանում, օրինակ, վիարահատությունն արժե 300 հազար, այստեղ 150 հազարով է վիրահատվել: Համոզված եմ, ցանկացողների թիվը մեծ է լինելու: Հանրապետական հիվանդանոցի շենք որ մտնում ես, տեսնում ես, որ լուրջ հիմնարկ ես մտել: Մասնագետներ կան, գումարած մեր կենտրոնների համագործակցությունը, անպայման կհասնեն դրան: Նաեւ մասնագետներ պետք է հրավիրենք, երեք չորս օրով գալը հարցի լուծում չէ:

-Իսկ ծախսերն ո՞վ է հոգալու:

-Այդ երեք չորս օրվա այցելությունները հիվանդանոցների վրա է, տրանսպորտը, հյուրանոցը մեր հաշվին է: Իսկ երբ 1,2,3 ամսով են գալիս, կառավարության վրա է: Կառավարության որոշումներ կան, որոնցով կարողանում ենք հրավիրված մասնագետներին բավականին լավ վճարել: Երիտասարդ մասնագետների համար, բայց ոչ անփորձ, իհարկե, լավ հնարավորություն է, նրանք կգան կաշխատեն:

-Իսկ ինչու՞ պետք է գան:

-Առաջինը՝ Ղարաբաղի համար, այդ գաղափարը կա` եթե նորմալ հայ ես, պետք է անպայման մի բան անես: Հենց մարդու միջի էդ կանչի, երկրոդը` բժշկի պատվախնդրությունը, իր կոչումն է պարտադրում, իր մասնագիտությունը: Գումարած, իհարկե, ռոմանտիզմը: Ես էլ եմ երեք տարի աշխատել Աշտարակի շտապօգնությունում: Ինչու՞ պիտի երիտասարդը չուզենա գալ, մի քանի ամիս այստեղ աշխատել: Մանավանդ` լավ վարձատրվում է, մնալու տեղով ապահովվում է: Հիմա Էրեբունի հիվանդանոցում խումբ է ձեւավորվում, որ պետք է գա, 1-3 ամիս մնա: Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցն այնքան գրավիչ է, որ բոլորն են ուզում այնտեղ աշխատել: Ռուսաստանաբնակ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ այնպիսի մի հիվանդանոց է կառուցվել, որ այդպիսի հիվանադանոց կարող ես հանդիպել Շվեյցարիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: Բոլոր սարքավորումները գերմանական են, ամենավերջին արտադրության: Ես լավ հեռանկար եմ տեսնում, շատ արագ փոփոխություններ են լինելու:

-Տարիներ շարունակ այստեղից նպատակային ուսման էին ուղարկում, մեծ մասը չէր վերադառնում: Հիմա՞ էլ եք ուղարկում:

-Այդ էլ ենք անում, բայց հիմա խստացրել ենք: Եթե մասնագետին մենք ենք ֆինանսավորում, պայմանագիր ենք կնքում, որ եթե հանակարծ հետ չեկավ, պետք է փողը հետ տա, գումարած` տույժ պիտի մուծի, խստացրել ենք, որպեսզի հետ գան: Առաջ այդպես չէր, գնացողները ոչ մի պարտավորություն չուենին, չնայած գնացել են նպատակային ուղեգրով, հիմնականում չեն վերադարձել: Բայց հիմա այդպես չի լինելու:

 Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանություններ (1)

Անահիտ
առանձնապես ծանոթ չեմ այս պաշտոնյայի գործունեությանը Ղարաբաղում, բայց թերահավատ եմ՝ թերեւս ինչ որ հիմնարկներ կզարգացնի եթե իր սեփական բիզնեսը լինեն...մյուս կողմից էլ Էրեբունին,որ իրենն է, վստահ եմ լավ բաժանմունքներ ու բժիշկներ ունի, բայց արդյոք բոլորի համար...քանիցս լսել եմ որ այս հիվ-ում կան բաժանմունքներ/ոլորտներ, ասենք լեղապարկի հեռացում, որ հասարակ մարդկանց առանց որեւէ վիրահատություն անելու, խաբում, անեսթեզիա են տալիս, փողը վերցնում ու ճանապարհում...ու մարդիկ կարծես չեն բողոքում, հայտնի պատճառներով, ու այս անմարդկային ու ապաշնորհ բժիշկները առանց պատժվելու շարունակում են իրենց բիզնեսը: Քուշկյանը միթե չգիտի այս մասին-կարծում եմ լավ էլ գիտի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։